Անպտղության բուժում. ներարգանդային սերմնավորում (ինսեմինացիա)

Անպտղության բուժում. ներարգանդային սերմնավորում (ինսեմինացիա)

Ներարգանդային սերմնավորման ընթացքում կնոջ ձվազատման օրերին արգանդի խոռոչ է ներմուծվում նախապես պատրաստված սենյակային ջերմաստիճանի սերմնահեղուկ: Այս գործընթացը հաճախ ուղեկցվում է ձվազատումը խթանող դեղամիջոցների ընդունմամբ:

Ինչպե՞ս է օգնում այս միջամտությունը

ՆԱՍ-ը կարող է օգնել ամուսիններին այն դեպքում, եթե զուգընկերոջ սերմնաբջիջների քանակը կամ դրանց շարժունակություն ցածր է, բայց առողջ, շարժունակ սերմնաբջիջները բավարար են, որպեսզի տվյալ միջամտությունն արդյունավետ լինի: Այլ դեպքերում ավելի խելամիտ է դիմել ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորման) միջամտության կամ ՆՍՆ (ներցիտոպլազմային սերմնաբջջի ներարկման) մեթոդի: 

Քանի որ սերմնահեղուկն անմիջապես կնոջ օրգանիզմ է ներարկվում, ՆԱՍ-ը կարող է օգնել նաև այն զույգերին, ովքեր չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ հաշմանդամության, վնասվածքների, վաղաժամ սերմնաժայթքման կամ այլ պատճառներով: Ներարգանդային սերմնավորում խորհուրդ է տրվում նաև այն կանանց, ովքեր ունեն էնդոմետրիոզի թույլ արտահայտված ձևեր: Անհայտ ծագումով անպտղության պարագայում նույնպես հաճախ է կիրառվում ՆԱՍ-ը ՝ որպես բուժման առաջին քայլ: Այն կանայք, ովքեր զուգընկեր չունեն, նույնպես կարող են դիմել ներարգանդային սերմնավորման միջամտությանը, քանի որ կլինիկայում դոնորական սերմնահեղուկով կատարվող բեղմնավորումն ունի մի շարք առավելություններ ի տարբերության տան պայմաններում ինքնուրույն կատարվող սերմնավորմանը:

Ինչպե՞ս է կատարվում այս միջամտությունը

Անհատական դեպքերից ելնելով՝ հնարավոր է ձեզ ներարգանդային սերմնավորման հետ մեկտեղ նշանակվեն ձվազատումը խթանող դեղամիջոցներ: Եթե դեղամիջոցներ ընդունվում են, ապա դա կոչվում է խթանվող ցիկլ, քանի որ տվյալ դեղամիջոցներն են խթանում ձվազատումը: Իսկ եթե նման դեղամիջոցներ չեն կիրառվում, դա կկոչվի չխթանվող կամ բնական ցիկլ:

Եթե անպտղության խնդիր ունի միայն զուգընկերը կամ անպտղության պատճառը պարզ չէ, ապա խորհուրդ չի տրվում զուգահեռ խթանել ձվազատումը: Դա կապված է այն բանի հետ, որ այդ պարագայում մեծանում է բազմապտուղ բեղմնավորման վտանգը: Չնայած որ հղիության խնդիրներ ունեցող շատ զույգեր բազմապտուղ հղիությունը համարում են իրենց ընտանիքի համալրման լավ սկիզբ, այնուամենայնիվ դա ավելացնում է վիժելու և այլ բարդությունների առաջացման վտանգը:

Չխթանվող ցիկլում ՆԱՍ կատարվում է բնական ձվազատման ժամանակահատվածում: Ձեզ կարող են խնդրել որոշել ձվազատման ժամանակը ձվազատման թեստի միջոցով, կամ բժիշկը կհետևի ձեր ցիկլին արյան և մեզի անալիզների արդյունքների հիման վրա: Սովորաբար ՆԱՍ կատարվում է բնական դաշտանային ցիկլի 12-րդ և 15-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում, սակայն հստակ օրը կախված կլինի ձեր անհատական ցիկլից և ձվազատման սկսման ժամանակից:

Եթե բժիշկ-վերարտադրողաբանը ձեզ առաջարկի կատարել ՆԱՍ խթանվող ցիկլի ընթացքում, հավանաբար ձվազատումը խթանող դեղամիջոցները կնշանակեն ներարկումների կամ քթի կաթիլների տեսքով: Դուք կսկսեք այդ միջոցներն ընդունել դաշտանից մի փոքր առաջ, որպեսզի խթանվի ձվարաններում մի քանի ձվաբջիջների հասունացումը: Բժիշկն ՈւՁՀ մեթոդով կորոշի ձվազատման ժամանակը, որպեսզի վստահ լինի, որ սերմնավորումը կատարվում է օպտիմալ ժամկետում: Ձվազատումը կարող է տեղի ունենալ բնական ճանապարհով կամ կարող է խթանվել ՄԽԳ հորմոնի (մարդու խորիոնային գոնադոտրոպինի) ներարկմամբ:

Երբ ձվազատում սկսվի, ձեր զուգընկերոջից կվերցնեն սերմնահեղուկի նմուշ, որը «կմաքրեն», որպեսզի առանձնացնեն առավել շարժուն և առողջ սերմնաբջիջները: Արգանդի պարանոց մտցված կատետրի (խողովակի) օգնությամբ բժիշկը սերմնահեղուկը կներարկի անմիջապես արգանդի խոռոչում՝ ֆալոպյան փողի մոտակայքում (որն ապահովում է ձեր հասունացած ձվաբջջի շարժը ձվարանից դեպի արգանդ): Հենց սա էլ կոչվում է ներարգանդային սերմնավորում:

Եթե անպտղության պատճառն անհայտ է, սերմնահեղուկը արգանդ ներարկում են սովորականից մեծ քանակությամբ, որպեսզի հեշտացնեն նրա ներթափանցումը ֆալոպյան փողեր: Այդ միջամտությունը կոչվում է սերմնահեղուկի պերֆուզիա ֆալոպյան փողերում և մի քանի րոպեով երկար է տևում, քան ստանդարտ սերմնավորումը: Այն բարձրացնում է հաջողության հասնելու հավանականությունն անհայտ պատճառով անպտղության դեպքերում:

Սերմնավորումից որոշ ժամանակ անց դուք հանգստանում եք, իսկ հետո վերադառնում կյանքի սովորական ռիթմին: Միջամտությունից մոտ երկու շաբաթ հետո կարելի է հղիության թեստ անել:

Որքա՞ն է տևում բուժումը

Սերմնավորման բուն միջամտությունը պարզ է և քիչ ժամանակ է խլում, սակայն խթանվող ցիկլի դեպքում ձվազատումից որոշ ժամանակ առաջ դրա խթանման համար դեղամիջոցներ կընդունեք:

Հաջողության հավանականությունը

Հաջողությունը կախված է անպտղության հանգեցրած պատճառներից, ինչպես նաև ձեր տարիքից: Դուք հղիանալու ավելի մեծ հնարավորություններ ունեք, եթե բախվել եք ցերվիկալ լորձի խնդրին, այլ ոչ թե սերմնահեղուկի որակի խնդրին: Ձվազատման խթանման դեպքում ՆԱՍ-ի հաջողության հավանականությունը կազմում է 15 % մեկ փորձի համար:

Սերմնավորման առավելությունները

Այս միջամտությունը կարող է արդյունավետ լուծում լինել այն տղամարդկանց համար, ում սերմնաբջիջների քանակը քիչ է, կամ դրանք ունեն թույլ շարժունակություն, կամ էլ երբ սերմնահեղուկը չի հասնում ձվաբջջին: Ներարգանդային սերմնավորումը զույգերի համար հարմար է նաև այն դեպքում, երբ ամուսնու սերմնաբջիջները չեն անցնում ցերվիկալ ուղով, օրինակ՝ հնարավոր իմունային ռեակցիայի պատճառով: Այս պարագայում միջամտությունը հնարավոր կլինի միայն, եթե կնոջ արգանդափողերն անցանելի են: Եթե տղամարդու մոտ ընդհանրապես սերմնահեղուկ չի արտադրվում, կամ եթե կինը ցանկանում է երեխա ունենալ առանց ամուսնու, կարող է օգտագործվել դոնորական սերմնահեղուկ: 

Սերմնավորման թերությունները

Քանի որ սերմնավորման ժամանակը ծայրաստիճան կարևոր դեր է խաղում, ձեր զուգընկերը պետք է պատրաստ լինի կլինիկայում սերմնահեղուկ հանձնելուն: Միջամտությունն անհարմարություն կարող է առաջացնել նաև կնոջ համար, եթե դժվարություններ են առաջանում կատետրը մտցնելիս: Բացի այդ, սերմնավորման ժամանակ հնարավոր է դաշտանային ցավին նմանվող ցավ առաջանալ: Խթանվող ցիկլի պարագայում կա ձվարանների գերխթանման համախտանիշի առաջացման (ՁԳՀ) իրական վտանգ: Այն առաջանում է, երբ ձվարանները չափազանց ակտիվորեն են արձագանքում ձվազատումը խթանող դեղամիջոցներին: Ձվարանները չափերով մի քանի անգամ մեծանում են և կարող են հեղուկ արտազատել որովայնի խոռոչ, ինչից կինն սկսում է գիրանալ: Եթե կարծում եք, որ ձվարանների գերխթանում է եղել, պետք է անհապաղ դիմել բժշկի: Հնարավոր է, որ բազմապտուղ հղիության բարձր հավանականության պատճառով բժիշկը խորհուրդ տա այդ ցիկլում չեղյալ հայտարարել ՆԱՍ միջամտությունը:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում