Անմիզապահությունը կլիմաքսի ընթացքում

17.12.20149616

Միզապարկն ունի երկու հիմնական խնդիր՝ մեզ կուտակել և միզարձակում իրականացնել: Այս երկու պրոցեսները կառավարելու համար գոյություն ունեն սֆինկտերներ՝ հատուկ մկաններ, որոնք սեղմվում են՝ թույլ չտալով, որ մեզն անընդհատ հոսի, և թուլանում են միզարձակման ժամանակ: Յուրաքանչյուր մարդ կարող է գիտակցորեն կառավարել իր սֆինկտերները:

Անմիզապահության պատճառները

Կանանց անմիզապահության հիմնական պատճառը սեփական սֆինկտերները կառավարելու անկարողությունն է: Դրան նպաստում են հետևյալ գործոնները՝

  • փոքր կոնքի օրգաները պահող մկանների թուլություն,
  • իգական սեռական հորմոնների՝ էստրոգենների անբավարարություն,
  • հեշտոցի կամ արգանդի առաջնային պատի իջեցում՝ պրոլապս,
  • հիստերեկտոմիա՝ արգանդի հեռացման վիրահատություն,
  • միզասեռական ուղիների վարակներ:

Անմիզապահության պատճառներից են նաև՝ փոքր կոնքի վնասվածքները, սթրեսը, դեպրեսիան, փորկապությունը, Պարկինսոնի հիվանդությունը, միզապարկի քաղցկեղը և այլն: Այս հոդվածում չենք քննի վերջիններս, քանի որ դրանք նեֆրոլոգների, նյարդաբանների, հոգեբանների և այլ մասնագետների ոլորտից են: Եթե կասկածում եք, որ անմիզապահության պատճառը վերոնշյալ խանգարումներից մեկն է, ապա անպայման դիմեք ձեր ընտանեկան բժշկին:

Ում է սպառնում անմիզապահությունը

Անմիզապահությունը լայնորեն տարածված խնդիր է 45-50 տարեկան կանանց շրջանում: Անմիզապահության են հակված այն կանայք, ովքեր ունեն՝

  • 60-ից բարձր տարիք,
  • բազմաթիվ ծննդաբերություններ,
  • ավելորդ քաշ կամ ճարպակալում,
  • քրոնիկական հազ, բրոնխիտ, բրոնխային ասթմա,
  • միզասեռական համակարգի քրոնիկական բորբոքում՝ քրոնիկական սալպինգիտ, ադնեքսիտ,
  • միզաքարային հիվանդություն,
  • շաքարային դիաբետ:

Սթրեսային անմիզապահությունն առաջանում է հազի, փռշտոցի, ծիծաղի, ծանրություն բարձրացնելու ընթացքում: Այդ դեպքում ուղեղին ազդակ չի հասնում, որ միզապարկը պատրաստվում է դատարկվել: Սթրեսային անմիզապահության հիմնական պատճառը փոքր կոնքի մկանների թուլությունն է, որը հանգեցնում է նաև սֆինկտերների թուլացման:

Ուրգենտային անմիզապահության դեպքում ուղեղին ազդակ հասնում է, սակայն շատ ուշ, և հաճախ կինը պարզապես չի հասցնում գնալ զուգարան: Ուրգենտային անմիզապահության հիմնական պատճառը միզապարկի հիպերակտիվությունն է (միզարձակումը կառավարող մկանների բարձր տոնուս): Որոշ կանայք ունենում են և՛ սթրեսային, և՛ ուրգենտային անմիզապահություն:

Եթե դուք կամ ձեր մտերիմ բարեկամը բախվել է այս խնդրին, ապա իմացեք, որ դուք մենակ չեք: Աշխարհում միլիոնավոր կանայք ունեն անմիզապահություն:

Ինչու դիմել բժշկի

Ցավոք անմիզապահություն ունեցող բազմաթիվ կանայք նախընտրում են թաքուն պահել այդ խնդիրը և չքննարկել բժշկի հետ: Պատճառները տարբեր են, օրինակ՝ ամոթի զգացում: Դուք մեղք չունեք, որ ձեր միզապարկը դադարել է ձեզ ենթարկվել: Պետք չէ լուռ տանել և հարմարվել խնդրին, պետք է դիմել բժշկի և ստանալ մասնագիտական օգնություն:

Բժշկի չդիմելու տարածված պատճառներից է նաև կարծիքը, թե խնդիրը տարիքային է և չի բուժվում: Սա սխալ պատկերացում է: Անմիզապահությունը հիմնականում բուժվում է ժամանակակից մեթոդների օգնությամբ:

Անմիզապահությունը չբուժելու դեպքում վաղ թե ուշ բախվելու եք այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝

  • միզուղիների բորբոքում՝ ուրետրիտ, ցիստիտ, պիելոնեֆրիտ,
  • սեռական օրգանների շրջանում մաշկի բորբոքում, ինչն առաջանում է մեզի հետ անընդհատ շփումից,
  • ցավոտ ճաքեր և վերքեր ինտիմ հատվածներում,
  • եթե անմիզապահության պատճառը փոքր կոնքի օրգանների իջեցումն է, ապա ամենայն հավանականությամբ շուտով կբախվեք նաև անկղապահության խնդրին:

Ինչ է հնարավոր անել ինքնուրույն

Եթե ավելորդ քաշ ունեք կամ էլ ճարպակալում, ապա փորձեք վերադարձնել ձեր հասակին համապատասխանող նորմալ քաշը:

Հրաժարվեք սուրճից կամ էլ նվազեցրեք օրական քանակը:

Հրաժարվեք ոգելից խմիչքներից:

Հրաժարվեք ցիտրուսային մրգերից և հյութերից կամ էլ նվազեցրեք քանակը: Դրանք գրգռում են միզապարկը և ուժգնացնում են ուրգենտային անմիզապահությունը:

Խուսափեք քաղցրեղենից: Շաքարի ավելցուկը գրգռում է միզապարկը և ուժգնացնում է անմիզապահությունը:

Եթե հաճախակի եք փորկապություն ունենում, դիմեք բժշկի, ով հատուկ սննդակարգ կնշանակի աղիների աշխատանքը բարելավելու նպատակով: Օրվա ընթացքում 1,5-2լ ջուր խմեք:

Կեգելի վարժություններ արեք: Դրանք շատ պարզ են, կարող եք կատարել և՛ նստած, և՛ պառկած: Այդ վարժություններն անփոխարինելի են անմիզապահություն կամ հեշտոցի, արգանդի իջեցում ունեցող կանանց համար:

Օգտագործեք հատուկ ուրոլոգիական միջադիրներ, որոնք հարմարավետ են, քողարկում են հոտը և չեն վնասում մաշկը:

Ինչպես վերահսկել հոտը

Անմիզապահության խնդիր ունեցող ցանկացած կին մտահոգվում է հոտի պատճառով, սակայն հնարավոր է վերահսկել այն՝ հետևելով ստորև նշված խորհուրդներին:

Շատերը փորձում են կրճատել հեղուկի ամենօրյա քնակը, ինչը սխալ է: Որքան խիտ է մեզը, այնքան ուժեղ է հոտը: Ուստի խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 6-8 բաժակ չգազավորված ջուր խմել. նոսր, բաց գույնի մեզի հոտն արտահայտված չի լինում:

Միջադիր օգտագործելու դեպքում հաճախ փոխեք այն: Ամեն անգամ միջադիրը փոխելուց հետո մաքրեք սեռական օրգանների հատվածի մաշկը:

Վիտամին С-ն կարող է լավացնել մեզի հոտը, ուստի ընդունման վերաբերյալ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Հիմնական հակացուցումը շաքարային դիաբետն է, միզաքարային հիվանդությունը և անեմիայի որոշ տեսակներ:

Օգտագործեք տհաճ հոտը վանող հաբեր: Այդպիսի ազդեցություն ունի Nullo սննդային հավելումը, որը դժվար թե գտնեք Երևանի դեղատներում, սակայն կարող եք պատվիրել համացանցով կամ ձեռք բերել արտասահմանում բնակվող բարեկամների միջոցով:

Հագուստի վրայից մեզի հոտը հեռացնելու համար ջրին ավելացրեք սննդային սոդա կամ մի քիչ քացախ:

Միզապարկի բորբոքումը՝ ցիստիտը, կարող է հոտի ուժգնացման պատճառ դառնալ: Եթե նկատել եք, որ մեզն սկսել է ավելի ուժեղ և տհաճ բուրել, դիմեք բժշկի, ով համապատասխան հետազոտություն կնշանակի:

Անմիզապահության բուժումը. ինչ կարող է անել բժիշկը

Բուժումը կախված է անմիզապահության տեսակից և առաջացման պատճառներից: Սթրեսային անմիզապահությունը հնարավոր է բուժել փոքր կոնքի մկաններն ամրացնող վարժությունների, էստրոգեններ պարունակող դեղորայքի և վիրահատության միջոցով: Ուրգենտային անմիզապահությունը բուժվում է ճիշտ սննդակարգի, փոքր կոնքի մկանների ամրացմանն ուղղված վարժությունների, ինչպես նաև միզապարկի հիպերակտիվությունը վերացնող դեղորայքի միջոցով: Որոշ դեպքերում նաև վիրահատության կարիք է զգացվում: