5 հետազոտություն, որ միգուցե փոխեն սեքսուալության մասին ձեր հայացքները
Գիտնականներն ուսումնասիրել են սեքսուալության մասին կարծրատիպերը՝ նախասիրությունները, էրոտիկ կերպարների նկատմամբ հետաքրքրվածությունը, սեքսուալ վարքի սցենարները: Արդյունքներն անսպասելի էին:
Սեքսուալ պահվածքի վերաբերյալ ավանդական հայացքը ենթադրում է, որ տղամարդը պետք է պաշտպանի կնոջը և տա նրան անհրաժեշտ ամեն բան ի հատուցում նրա հավատարմության: Հոգեբան Քրիստոֆեր Ռայանը, սակայն, կոչ է անում այս հարցն այլ տեսանկյունից դիտել: Ահա սեքսուալության վերաբերյալ մի քանի անսպասելի եզրակացություն, որոնց վերջին ժամանակներս հանգել են այդ ոլորտում հետազոտություններ իրականացնողները:
Բիսեքսուալությունը սեռական կողմնորոշո՞ւմ է, անցումային վիճա՞կ կամ մեզ բոլորիս հատուկ սեռական ճկունության դրսևորու՞մ:
Լիզա Դայմոնդը (Յուտայի համալսարան, ԱՄՆ) ուսումնասիրել է մոտ 70 կնոջ վարք, ովքեր իրենց նույնականացնում էին լեսբուհիների, բիսեքսուալների կամ էլ նախասիրությունների հարցում դեռևս չկողմնորոշված անձանց հետ: 10 տարվա ընթացքում նրանց 5 անգամ նորից են հարցրել իրենց կողմնորոշման, սեռական վարքի փոփոխության, հասարակական և ընտանեկան հարաբերությունների և նոր հետաքրքրությունների մասին: Այդ տվյալները թույլ են տվել եզրակացնել, որ բիսեքսուալությունը միջանկյալ փուլ չէ լեսբիական կողմնորոշման տանող և ոչ էլ փորձերի շրջան է հետերոսեքսուալ կանանց համար:
Ո՞րն է առաջանում սկզբում` ցանկությո՞ւնը, թե՞ գրգռումը:
Էլեն Լանը, Ստեֆանիա Բոտը և Մարկ Շպիրինգը (Ամստերդամի համալսարան, Նիդերլանդներ) ուսումնասիրել են հետազոտման մասնակիցների արձագանքը էրոտիկ պատկերներ տեսնելիս: Պարզվել է, որ մեր մարմինն ավելի շուտ է արձագանքում բաց տեսարաններին , քան մեր գիտակցությունը: Մի խոսքով՝ գրգռումը նախորդում է ցանկությանը և ոչ թե հակառակը:
Էրոտիկ կերպարներ տեսնելիս կանանց և տղամարդկանց արձագանքը տարբերվո՞ւմ է:
Էմորիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հետևել են բաց տեսարաններ նայող մասնակիցների հայացքի հետագծին և ուղեղի ակտիվությանը: Ակնկալվում էր, որ կանայք առաջին հերթին կնայեն դեմքին, իսկ տղամարդիկ՝ սեռական օրգաններին: Տղամարդկանց և կանանց արձագանքն իսկապես տարբեր էր: Տղամարդիկ ավելի երկար էին իրենց հայացքը կենտրոնացնում դեմքին, քան կանայք: Այնուհետև նրանք երկուսն էլ հայացքը սահեցնում էին վար:
Տարբերվո՞ւմ են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց սեռական նախասիրությունները:
Ընդունված կարծիք է, որ հմայքի մասին մեր պատկերացումները պայմանավորված են մշակույթով և զանգվածային լրատվության ազդեցությամբ: Ֆիզիկական գրավչության ուսումնասիրման միջազգային առաջին ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհում հարցում է անցկացվել (մասնակցել է 7343 մարդ) պարզելու համար, թե ուրիշ ինչն է ազդում մեր նախասիրությունների վրա: Պարզվել է, որ սոցիալ-տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններում առավել գրավիչ են համարվում մի փոքր գեր կազմվածքով կանայք, իսկ զարգացած տարածաշրջաններում՝ նիհար: Միգուցե պատճառն այն է, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող հասարակություններում գիրությունն ընկալվում է որպես ստատուսի ցուցիչ: Զանգվածային լրատվամիջոցներով խրախուսվող չափանիշների ազդեցությունն էլ անտեսել չի լինի. զարգացած շրջաններում կանայք վառ արտահայտված կերպով դժգոհ են իրենց մարմնից և ցանկանում են ավելի նիհար կազմվածք ունենալ:
Արդյո՞ք կանանց և տղամարդկանց սեռական ցանկության ուժգնությունն իր արտահայտվածությամբ տարբերվում է:
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի համալսարանի գիտնականները, վերլուծելով սեքսուալության վերաբերյալ մոտ 800 հետազոտություն, եկել են այն համոզման, որ այսպիսի պնդումը վիճելի է: Նրանց կարծիքով մի շարք հոգեբանների առաջադրած ապացույցները բնածին տարբերությունների մասին (սեռական զուգընկերների քանակը կամ մաստուրբացիայի պարբերականությունը) համոզիչ չեն, քանի որ սեռական այդպիսի վարքը մեծամասամբ պայմանավորված է մշակույթով: Հեղինակները խոստովանում են, որ երկարատև հարաբերություններում կանանց հակումը նվազում է, սակայն դա թերևս պայմանավորված է մոնոգամիայով:
Աղբյուրը՝ psychologies.ru