Մաստուրբացիա (ձեռնաշարժություն). անհանգստանա՞լ, թե՞ ոչ

29.10.201461613

Ինչ է մաստուրբացիան

Մաստուրբացիան՝ ձեռնաշարժությունը, սեռական օրգանների և մարմնի էրոտիկ հատվածների ինքնուրույն գրգռումն է սեռական հաճույք ստանալու կամ օրգազմ ապրելու համար:

Ովքե՞ր են ձեռնաշարժությամբ զբաղվում

Գրեթե բոլորը: Սովորաբար ձեռնաշարժությունն առաջին սեռական փորձն է, որ աղջիկն ստանում է իր կյանքում: Մաստուրբացիայով են զբաղվում աղջիկները կամ կանայք, ինչպես նաև նրանք, ովքեր տվյալ պահին սիրային հարաբերություններ ունեն: Շատերը շարունակում են ձեռնաշարժությամբ զբաղվել անգամ եթե բավարարված են իրենց սեռական կյանքով և զուգընկերոջով (զուգընկերուհով):

Ո՞ր տարիքից են սկսում ձեռնաշարժությամբ զբաղվել

Երեխայի՝ ինքն իրեն հաճույք պատճառելու առաջին փորձերը կարող են ի հայտ գալ դեռևս 2-3 տարեկանում (մանկական օնանիզմ): Այս տարիքում երեխաներն սկսում են ձեռք տալի իրենց սեռական օրգաններին: Ոմանք էլ ձեռնաշարժությունը բացահայտում են 8-9 տարեկանում: Սա նորմալ է, անհանգստանալ պետք չէ, սակայն հարկավոր է նկատի ունենալ, որ մանկական օնանիզմը երբեմն կարող է վկայել մանկական տագնապայնության մասին:

Ինչո՞ւ են մարդիկ դիմում ձեռնաշարժության

Ձեռնաշարժությունը թույլ է տալիս մեղմել սեռական լարվածությունը, հանգստանալ ու հաճույք ստանալ: Որոշ սեքսոլոգներ խորհուրդ են տալիս մաստուրբացիա անել այն կանանց, ում չի հաջողվում սեռական հաճույք ստանալ և օրգազմի հասնել իրենց զուգընկերոջ հետ: Ձեռնաշարժությունն օգնում է առավել լավ ճանաչել սեփական մարմինը, հասկանալ, թե հատկապես ինչն է մեզ դուր գալիս, որպեսզի ապագայում այդ մասին հայտնենք մեր սեռական զուգընկերոջը:

Արդյո՞ք բնական երևույթ է ձեռնաշարժությունը

Դեռևս տասնամյակներ առաջ ձեռնաշարժությունը խանգարում է համարվել, մտավոր հետամնացության կամ սեռական այլասերվածության նշան: Բացառված չէ, որ ձեր ծնողները նույնատիպ պատկերացում ունենան ձեռնշարժության մասին, քանի որ երբ նրանք են եղել ձեր տարիքում, ծնողներից լսել են ձեռնաշարժության վնասակարության մասին կամ էլ առհասարակ չեն խոսել այդ թեմայով: Այսօր ձեռնաշարժությունը համարվում է բոլորովին նորմալ, առողջ ֆիզիոլոգիական ակտ: Այն անվնաս է, չունի կողմնակի հետևանքներ, բարելավում է տրամադրությունը և ընդհանուր ինքնազգացողությունը:

Ձեռնաշարժությունը խանգարում, նորմայից շեղում է համարվում միայն այն դեպքում, եթե մարդ դրանով է զբաղվում հասարակական վայրերում, կամ էլ ձեռնաշարժություն անելու ցանկությունը խիստ հաճախակի է առաջանում և խանգարում մարդուն առօրյա կյանքում:

Առասպելներ ձեռնաշարժության մասին

Երևի թե դուք էլ եք լսել, որ ձեռնաշարժությունը վտանգավոր է առողջության համար և կարող է կուրություն, մտավոր խնդիրներ առաջացնել, և որ ձեռնաշարժություն են անում միայն այլասերված մարդիկ: Ոչ, սրանք միֆեր են, որ ծնվել են վախից ու ամոթից, որ հաճախ ունենում են ձեռնաշարժությամբ զբաղվող մարդիկ:

Հնարավո՞ր է հղիանալ ձեռնաշարժության հետևանքով

Դա բացառված է: Հղիանալ հնարավոր է միայն այն դեպքում, երբ տղամարդու սերմնաբջիջը հայտնվում է աղջկա կամ կնոջ հեշտոցում:

Որքա՞ն հաճախ է կարելի ձեռնաշարժությամբ զբաղվել

Ձեռնաշարժություն անելու «նորմալ» հաճախակիությունը անհատական է յուրաքանչյուրի համար: Ոմանց համար նորմալ է ձեռնաշարժություն անել օրվա ընթացքում մի քանի անգամ, մյուսների համար՝ շաբաթվա կամ ամսվա ընթացքում մեկ անգամ, իսկ ոմանք էլ առհասարակ պահանջ չեն զգում: Բոլոր այդ վիճակները բնական են: Կարևոր չէ, թե որքան հաճախ եք ձեռնաշարժություն անում: Անհանգստանալ պետք է միայն այն ժամանակ, եթե մշտապես եք ձեռնաշարժության պահանջ զգում, և դա խանգարում է ձեզ առօրյա կյանքում:

Ձեռնաշարժության օգուտները

Ձեռնաշարժությունն օգտակար է, որովհետև.

  • Ավելի անվտանգ է, քան սեռական հարաբերությունը. ձեռնաշարժությունը չի հանգեցնում անցանկալի հղիության և հնարավոր չէ վարակվել սեռավարակներով:
  • Այն թույլ է տալիս նվազեցնել սեռական լարվածությունը, հատկապես, եթե չունեք սեռական զուգընկեր կամ դեռևս պատրաստ չեք սեռական կյանք սկսելու:
  • Հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել սեփական մարմինը, ինչն անկասկած ապագայում կօգնի և՛ ձեզ, և՛ ձեր սեռական զուգընկերոջը:
  • Մաստուրբացիան նպաստում է էնդորֆինների արտազատմանը, ինչը բարելավում է տրամադրությունը և բարձրացնում ինքնագնահատականը:

Ձեռնաշարժությունը, ամոթի և մեղքի զգացումը

Ցավոք այսօր էլ բազմաթիվ ընտանիքներում սեռական հարաբերությունը և ձեռնաշարժությունն արգելված թեմաներ են համարվում, ծնողները խուսափում են երեխաների հետ այս թեմաների և առհասարակ սեռական ոլորտի մասին խոսելուց: Երբեմն սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծնողներն իրենք են ամաչում այս թեմաների մասին խոսելուց կամ էլ պարզապես չունեն սեռական դաստիարակության մասին բավարար գիտելիքներ և երեխաների հետ խոսելու ճիշտ մոտեցում: Այս պատճառով էլ երեխաների և դեռահասների մեծամասնությունը, ձեռնաշարժության դիմելով, ամոթի և մեղքի զգացում է ունենում՝ ներըմբռնելով, որ մեծահասակները հավանություն չեն տա իրենց արարքին:

Եթե դուք էլ եք մեղքի զգացում ունենում ձեռնաշարժությամբ զբաղվելիս, ապա հաճախ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դա միանգամայն բնական երևույթ է, և շատերն են ամբողջ աշխարհում ձեռնաշարժությամբ զբաղվում ձեզ նման:

Անվտանգ ձեռնաշարժության կանոններ

Ձեռնաշարժությունից առաջ պետք է լվացվել, հակառակ դեպքում հնարավոր է վարակ անցկացնել և նպաստել սեռական օրգանների բորբոքմանը:

Կուսությունը պահպանելու նպատակով չի կարելի որևէ առարկա ներհրել հեշտոցի մեջ:

Որևէ իր օգտագործելիս հարկավոր է հոգալ, որ այն ևս մաքուր լինի:

Ձեռնաշարժությունից հետո անհրաժեշտ է լվացվել կամ սեռական օրգանները սրբելու համար օգտվել ինտիմ հիգիենայի անձեռոցիկներից: