Երկրորդ երեխա. ունենա՞լ, թե՞ ոչ, ե՞րբ
Ինչպե՞ս գտնել ոսկե միջինը, ե՞րբ մտածել երկրորդ և երրորդ երեխայի ծննդյան մասին: Ե՞րբ կգա ամենահարմար, բոլոր առումներով բարենպաստ ժամանակը: Երեխաների միջև տարիքային կատարյալ տարբերություն չկա: Շատ բան կախված է երեխաներից, նրանց բնավորությունից և խառնվածքից, դե իհարկե նաև ծնողներից և տան հոգեբանական մթնոլորտից:
Մեկ տարվա տարբերությամբ ծնված երեխաների խնամքը ֆիզիկական և հոգեբանական մեծ ուժ է պահանջում ծնողներից: Երեխաներից մեկը նոր-նոր է սկսում քայլել, իսկ նորածնին տանջում են գազիկները: Այսպիսի իրավիճակում ընտանիքում աշխատանքների ճիշտ բաշխման անհրաժեշտություն է ծագում: Այդ դեպքում երեխաներից և ոչ մեկը ծնողների ուշադրությունից դուրս չի մնա: Ծծկեր երեխան չպետք է միայն մայրիկի երեխան լինի: Հայրը ևս կարող է նրան զբոսանքի տանել, մերսել կամ լողացնել, իսկ մայրն այդ ընթացքում կկարողանա խաղալ ավագ երեխայի հետ: Տարիքային այսքան փոքր տարբերության պարագայում սովորաբար երեխաները մտերիմ ընկերներ են լինում, նրանց հետաքրքրությունները շատ հարցերում համընկնում են: Ավագ երեխան չի հասցնում գիտակցել, որ մայրիկի ամբողջ ուշադրությունը կարող է միայն իրեն պատկանել, այս պատճառով էլ գրեթե խանդ չի առաջանում փոքր եղբոր կամ քրոջ նկատմամբ: Սկզբնական շրջանում, սակայն, ավագը նորածնին կարող է որպես տիկնիկ ընկալել, ուշադիր եղեք:
Ոմանք կատարյալ են համարում երեխաների միջև 3-4 տարվա տարբերությունը: Ավագ երեխան արդեն ինքնուրույն է, ինքն է հագնվում և ուտում, նրան հեշտ է որևէ բան բացատրելը, հետը համաձայնության գալը, օրինակ՝ նրան հնարավոր է խնդրել, որ չաղմկի, երբ փոքրիկը քնած է, համոզել հավաքել խաղալիքները և այլն: 3-4 տարեկան երեխան արդեն կարող է մանկապարտեզ գնալ և շփվել իր հասակակիցների հետ:
Հենց այս տարիքում է երեխան խնդրում կամ երբեմն անգամ պահանջում, որ իր համար խաղընկեր գտնեն, սկսում է ծնողներին հարցնել, թե երբ են իր համար քույր կամ եղբայր ունենալու: Բաց մի թողեք պահը: Հնարավոր է, որ երեխաների միջև լավ հարաբերություններ կառուցվեն, սակայն նաև հավանական է, որ մրցակցություն ծագի նրանց միջև, սկսեն խանդել և պայքարել ծնողների սիրո համար: Սկզբնական շրջանում ավագ երեխան միգուցե նորածնին որպես մրցակից դիտի, ում հետ ստիպված կլինի պայքարել իր խաղալիքների, իր սեփականության և իհարկե ծնողների ուշադրության ու սիրո համար:
Երբ երեխաներից մեկը մեծ է, մյուսը՝ փոքր
Հաճախ ծնողները որոշում են երկրորդ երեխան ունենալ, երբ առաջնեկն արդեն 6-7 տարեկան է: Ավագ երեխան մեծացել է, գնում է դպրոց և ազատ ժամանակ կարողանում է օգնել մայրիկին՝ փոխում է նորածնի տագդիրը կամ զբոսնելիս բռնում է սայլակը: Ավագ քույրը կամ եղբայրը փոքրիկի պաշտպանն է և որպես օրինակ է ծառայում, սակայն երբեմն նրա առջև դրված մեծ պահանջները կարող են փչացնել երեխաների հարաբերությունները:
Երեխային կարող է երբեմն թվալ, թե ծնողներն արդեն իրեն չեն սիրում: Սկսում է նախանձել փոքրիկին, փորձում է «վերադարձնել» հայրիկի և մայրիկի ուշադրությունը, իրեն զոհի տեղ է դնում, որպեսզի խղճահարություն առաջացնի և այլն: Երբեմն նախանձը վերածվում է չարակամության: Արդյունքում տունը վերածվում է մարտադաշտի: Եթե ծնողներն իսկապես չափից շատ են ուշադրություն դարձնում փոքրիկին և երես տալիս նրան, ապա վտանգի տակ են դնում և՛ երեխաների, և՛ երեխայի ու իրենց հարաբերությունները:
Տաս տարի անց
Տարիներ անց կրկին երեխա ունենալը մեծագույն երջանկություն է պարգևում ծնողներին: Այդ պարագայում առաջնեկի արձագանքն անկանխատեսելի կարող է լինել: Սկզբնական շրջանում միգուցե նա անակնկալի գա, տխրի. չէ՞ որ մինչև վերջերս «տիեզերքի կենտրոնն» ինքն է եղել: Միգուցե չցանկանա իր ծնողներին կիսել մի նորահայտ փոքրիկի հետ: Բացի այդ նա հասկանում է, որ ընտանիքում փոքրկի հայտնվելը կարող է անդրադառնալ նաև իր վրա. արգելվում է բարձրացնել երաժշտության ձայնը, աղմկել, ընկերներին տուն հրավիրել և այլն: Բարեբախտաբար ամեն բան փոխվում է երեխայի ծնունդից հետո: Ավագ քույրը կամ եղբայրն սկսում են այնքան սիրել փոքրիկին, որ գրկից ցած չեն դնում: Տարիների ընթացքում այսպիսի հարաբերություններն ամրանում են: Փոքր երեխան հաճախ աջակցություն է փնտրում ավագի մոտ, նրան որպես ընկեր է ընկալում, որպես խորհրդատու և նրան է վստահում իր գաղտնիքները: Բնականաբար չենք կարող պնդել, որ ամեն բան հենց այսպես էլ կլինի: Հաճախ կյանքն իր շտկումներն է մտցնում: Երբեմն պատահում է այնպես, որ հարազատ եղբայրներն ու քույրերը ոչ մի ընդհանուր բան չեն ունենում: Երեխաների միջև տարիքային զգալի տարբերությունը հարմար է ծնողներին: Շատ հարցերում նրանք կարող են հույսը դնել ավագ երեխայի վրա, ով կարող է դայակություն անել փոքրի համար, վերցնել մանկապարտեզից, զբաղեցնել, երբ իրենք որոշեն համերգ կամ կինոթատրոն գնալ: Դե իսկ ամենաերջանիկը փոքրկին է: Բոլորը պաշտում են նրան: Կարևորը նրան որպես երեսառած երեխա չմեծացնելն է:
Եթե երկվորյակ եք ունեցել
Երկվորյակների պարագայում ամենակարևորն այն է, որ կարողանաք նրանց որպես երկու առանձին անհատի վերաբերվել:
- Երեխաներին նույնատիպ մի հագցրեք, եթե անգամ միևնույն սեռի են:
- Բավարարեք նրանցից յուրաքանչյուրի պահանջները. երեխաները պարտավոր չեն միշտ միևնույն խաղերը խաղալ կամ միաժամանակ պառկել քնելու:
- Երեխաներին կոչեք իրենց անուններով և ոչ թե «զույգեր»-ով:
- Ընդգծեք երեխաներից յուրաքանչյուրի անհատականությունը, բացահայտեք նրանցից յուրաքանչյուրին տրված շնորհները և զարգացրեք:
- Պարտադիր չէ, որ պագայում նրանք միևնույն շրջապատն ունենան, հաճախեն միևնույն խմբակները և այլն: Հնարավոր է, որ նրանք տարբեր ընկերներ ունենան:
- Թույլ տվեք նրանց շփվել հասակակիցների հետ: Դա կօգնի, որ երեխաները չսահմանափակվեն միմյանցով և հեշտությամբ ներգրավվեն այլ մարդկանց շրջապատում: