Հղի կանանց մտավախությունները

Հղի կանանց մտավախությունները

Հղիությունը ոչ միայն մեծագույն երջանկություն է, այլև անհանգստությունների, վախի և կասկածների յուրօրինակ շրջան: Ինչպիսի՞ զգացումներ են պարուրում երեխայի սպասող մայրերին:

Հաճախ կարելի է հանդիպել հղի կանանց, որոնք առաջին հերթին կիսում են իրենց անհանգստություններն ու վախերը: «Ինքս ինձ չեմ ճանաչում, ամեն բանից վախենում եմ, անգամ փոքրիկ փողոցը չեմ կարողանում անցնել», «Լացկան եմ դարձել, ամեն չնչին բանից արցունքներս հոսում են, երևի այդ պատճառով փոքրիկս անհանգիստ երեխա կլինի», «Հանկարծ ու չդիմանամ ցավին», «Ամուսինս իրեն հեռու է պահում ինձնից հիմա, երբ այնքան զգում եմ նրա կարիքը», «Հանկարծ ու ինչ-որ բան պատահի, և կորցնեմ երեխայիս», «Քիչ ժամանակ է մնացել ծննդաբերությանը, իսկ ես դեռ այնքան բան ունեմ անելու և գնելու» … Այս ամենը գրեթե չի համապատասխանում հեռուստատեսությամբ ցուցադրվող գեղեցիկ, հավասարակշռված կնոջ կերպարին, ով անհոգ սպասում է իր սքանչելի փոքրիկի ծնունդին: Ո՞րն է այս անինքնավստահության պատճառը: Ինչո՞ւ են շատ կանայք երեխայի սպասելիս դառնում ներշնչվող և խոցելի:

Իրականություն և երևակայություն

«Այս ի՞նչ եմ անում, արդյո՞ք պատրաստ եմ մայր դառնալուն»: Երեխա ունենալու որոշման մեջ միշտ երկվություն կա՝ ցանկանում եմ, վստահ չեմ ինձ վրա: Մայրությունը պատասխանատվություն է ենթադրում, և կանայք սկսում են անհանգստանալ: «Գլուխ չեմ հանի», «Հանկարծ մի սխալ բան կանեմ և երեխան կվնասվի», այս և նմանատիպ մտքերն սկսում են հետապնդել կնոջը: Իրականում նրանց վախերն առաջին հերթին պայմանավորված են անգիտակցական տագնապով՝ արդյո՞ք կկարողանամ լավ մայր դառնալ:

Հղիությունը, հատկապես առաջինը, հասունացման յուրօրինակ ճգնաժամ է, որն ինչ-որ առումով հիշեցնում է դեռահասության ճգնաժամ: Փոխվում է կնոջ օրգանիզմը, հասարակական կարգավիճակը, անձնական կյանքը: Նա սկսում է բոլորովին այլ կերպ նայել իրերին, այլ կերպ տեսնել սեփական ապագան, նորովի կառուցել հարաբերությունները: Միաժամանակ արթնանում են նաև նրա չլուծված ներքին կոնֆլիկտները: Որքան իր ներսում երեխան է մեծանում, այնքան էլ հոգեբանական ոլորտում կենդանություն է առնում իր ներսի երեխան, սեփական մանկության մասին հիշողությունները: Շատ դժվար է սեփական տագնապի և անձնական պատմության կապը գիտակցելը:

Կինը, օրինակ, կարող է «չգիտես ինչու» վախենալ, որ երեխան իրեն չի սիրի: Այ սա իր մեջ խոսող այն աղջնակն է, ով ինչ-ինչ պատճառներով չի կարողացել սիրել իր մորը: Այս հանգամանքը նա չի խոստովանում իրեն, իր ուժերից վեր է: Շատ կանայք կրկին վերապրում են դեռահասի հույզերը, փոքրիկ աղջկա տխրությունը, փոքրիկի, որ մի ժամանակ եղել են իրենք: Հղիության շրջանում կանայք ավելի շատ են աջակցության և բարեհաճ վերաբերմունքի կարիք զգում:

Համացանցի դերը

Այսօր համացանցը լի է ապագա մայրերի համար նախատեսված ֆորումներով և խմբերով, որտեղ նրանք ակտիվորեն քննարկում են իրենց խնդիրները: Մի կողմից դա փորձի փոխանակման և բացասական ապրումները դուրս հորդելու հնարավորություն է տալիս, սակայն մյուս կողմից էլ տրված խորհուրդները ոչ բոլորի համար են կիրառելի: Շատ հաճախ այդպիսի կայքերը նպաստում են, որ հղի կինը բազմաթիվ վախեր ձեռք բերի: Այս պատճառով խորհուրդ է տրվում խուսափել նմանատիպ կայքերից և խմբերից, իսկ հարցերն ուղղել բժշկին:

Առաջին հանդիպումները

Հղիության 5-րդ շաբաթ: Սովորաբար այս շրջանում են ծնողներն առաջին ագամ իրենց փոքրիկին համակարգչի էկրանին տեսնելու հնարավորություն ունենում: «Հավատս չի գալիս, որ նա իմ ներսում է», «Որքա՜ն լավն է». Դեռևս ոչինչ չիմանալով երեխայի մասին, անգամ նրա սեռը, կանայք արդեն իսկ պատկերացնում են նրա ապագան, իրենց հարաբերությունները և հաճախ նրան են վերագրում բոլոր դրական հատկանիշները՝ ակամա հուսալով, որ երևակայական երեխան ամեն բան կփոխհատուցի, կարդարացնի ծնողների բոլոր հույսերն ու սպասումները:

Պտղաձուն հազիվ թե տեսած՝ կինն սկսում է հիացմունքով և անհամբերությամբ սպասել, թե երբ է երեխան լույս աշխարհ գալու և իմաստավորելու իր աշխարհը: Այդ պահին դժվար է հասկանալ, որ լույս աշխարհ գալուց հետո երեխան դադարում է իր մի մասը լինելուց, նա առանձին մի մարդ է, անհատ, ով պետք է ապրի իր կյանքով և ոչ թե այն կյանքով, որ իր համար հորինել են ծնողները: Ծնողների խնդիրը պետք է լինի միայն նրան օգնելն ու աջակցելը:

Առաջին ՈւՁՀ-ի ժամանակ ապագա մայրը և հայրը բախվում են իրենց երևակայական պատկերացումներին, որոնք պարզորոշ կերպարանք են ստանում մոնիտորի վրա: Հոգեվերլուծաբան Սիլվեն Միսոնյեն արդեն 25 տարի է, ինչ ուսումնասիրում է այդ «վիրտուալ երեխային», ով ծնողների երևակայության արդյունքն է: Նա կարծում է, որ վերջինս հետագայում կարող է ծառայել որպես ընտանեկան հարաբերությունների ցուցիչ: Լսելով մոնիտորի առջև ծնողների մեկնաբանությունները՝ հնարավոր է կանխատեսել ապագայում նրանց դերերի բաշխումը: Օրինակ՝ մայրը նկատում է. «Ինչ չարաճճին է:», իսկ հայրը պատասխանում է. «Թող անի ինչ ուզում է»: Ամենայն հավանականությամբ ապագայում այս տեսարանը կխաղարկվի նաև իրական երեխայի պարագայում:

Նոր ինքնազգացողություն

Հղիությունը փոփոխությունների է ենթարկում կնոջ մարմինը, և այդ հանգամանքը դառնում է ամուսնու, մտերիմների ու բժիշկների ուշադրության առարկան … Մարմնի փոփոխությունները ոմանց ստիպում են անհանգստանալ: ՈւՁՀ-ի ընթացքում արված անմեղ արտահայտությունը (օրինակ՝ «Ա՛յ թե ուժեղն է, հա») կարող է ոչ ադեկվատ արձագանք առաջացնել՝ շա՞տ մեծ է, չի՞ կարողանա անցնել ծննդուղով, և հանգեցնել ծննդաբերական վախերի:

Առաջին ծննդաբերությունը կարծես թե նվիրագործման յուրօրինակ ծես լինի կնոջ համար, անցում մի նոր որակի: Նրա ինչ-որ մաս պետք է մահանա, որպեսզի լույս աշխարհ գա նոր կին՝ մայրը: Այստեղից էլ բխում է անգիտակցական վախ՝ հրաժեշտ տալ մի բանի, խորհրդանշական մահ ապրել:

Սեռական կյանք

Փոխվում է նաև կնոջ սեռական կյանքը: Ոմանց դեպքում սեռական հակումը մեծանում է, ոմանց դեպքում էլ նվազում, կինն ամբողջովին կենտրոնանում է իր սրտի տակ զարգացող երեխայի վրա: Նրանք, ովքեր նախկինում վիժում են ունեցել, հնարավոր է, որ սկսեն սեռական հարաբերությունը որպես սպառնալիք դիտել՝ չնայած բժիշկների հակառակ պնդմանը: Տղամարդիկ ևս որոշակի անհարմարություններ են զգում՝ վախենալով, թե որևէ կերպ կվնասեն կնոջը կամ երեխային՝ դրանով իսկ կասկած հարուցելով կնոջ մեջ՝ արդյո՞ք ինքը նախկինի պես ցանկալի է նրա համար, արդյո՞ք իրեն դավաճանելու վտանգ կա և այլն:

Ընդունել մարտահրավերը

Հղիության ընթացքում առաջացող վախերը բնական են և ինչ-որ առումով նաև օգտակար: Եթե կինն ընդհանրապես չի անհանգստանում, ապա հնարավոր է, որ տագնապն այնքան ուժեղ է, որ նա չի կարողանում արտահայտել և արտամղում է գիտակցությունից: Ամենայն հավանականությամբ նման դեպքերում լուրջ աջակցության կարիք կլինի ծննդաբերությունից հետո:

Պետք չէ փախչել վախերից, ժխտել դրանք: Ավելի լավ է ընդառաջ գնալ դրանց, ճանաչել և մտածել դրանց իմաստի շուրջ, ինչի՞ համար են պետք ձեզ: Այլ կերպ ասած՝ պետք է ապրել դրանք, որպեսզի կարողանաք վերածել ինչ-որ արժեքավոր բանի: Ի՞նչ է նշանակում վատ մայր: Իսկ լա՞վ մայր: Ինչպիսի՞ մոր կարիք եմ ունեցել ես և ինչն եմ այժմ ցանկանում փոխհատուցել: Այս վախերում ճանաչելով ինքն իրեն, բացահայտելով իր ներուժը, կինը ձեռք է բերում այն ուժը, որի վրա կարող է հենվել հետագայում:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: