Բանջարաեղենը հղի կնոջ սննդակարգում

Բանջարաեղենը հղի կնոջ սննդակարգում

Կարտոֆիլ: Կարտոֆիլը սպառման ծավալով երկրորդ տեղն է զբաղեցնում հացից հետո: Կարտոֆիլի սպիտակուցում մեթիոնինի և ցիստինի քանակը քիչ է, փոխարենը շատ է լիզինի քանակը, ամինաթթվի, որը պակասում է ալյուրի մեջ: Բացի այս, կարտոֆիլի սպիտակուցներն ամինաթթուների պարունակությամբ մոտ են կենդանական ծագում ունեցող սպիտակուցներին: Հանքանյութերից կալիումն է, որով հարուստ է կարտոֆիլը: Ընդ որում՝ առավելագույն քանակով պարունակվում է կճեպով խաշած կարտոֆիլում:

Նատրիումի միացությունների հանդեպ կալիումի միացությունների գերակշռության շնորհիվ կարտոֆիլը դասվում է միզամուղ միջոցների շարքը (առանց աղի): Պարունակում է նաև մեծ քանակությամբ ֆոսֆոր՝ հեշտ յուրացվող ձևով, վիտամիններից՝ վիտամին C, ինչը կայուն չէ և քայքայվում է երկար ժամանակ պահպանելիս ու եփելիս: Հում կարտոֆիլի հյութն օգտագործում են տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության և բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի (գաստրիտի) բուժման նպատակով: Հղիության ընթացքում կարտոֆիլի օգտագործման ցանկալի քանակը 200գր. է:

Կաղամբ: Սա բազմակողմանիորեն օգտագործվող բանջարեղեն է, քանի որ հնարավոր է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: Կաղամբը հարուստ չէ սպիտակուցներով, ինչպես և բանջարեղենի բոլոր տեսակները, սակայն պարունակում է մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր: Այն՝ որպես դեղամիջոց, օգտագործել են դեռևս Հին Հռոմում. բուժել են լյարդի, փայծաղի և մաշկի հիվանդությունները:

Աղքատ է ածխաջրերով, սակայն հարուստ է կալիումի, երկաթի, կալցիումի և ֆոսֆորի աղերով, ինչպես նաև А, Р, К, С, В, В2, В6 վիտամիններով, ֆոլաթթվով և խոլինով: Ասկորբինաթթուն (վիտամին C) կաղամբում հանդես է գալիս կապված վիճակում (այդ նյութը կոչվում է ասկորբինոգեն): Ասկորբինոգենը C վիտամինի առավել կայուն տեսակն է, ընդ որում՝ կաղամբում այն 50 անգամ ավելի շատ է, քան կարտոֆիլում:

Կաղամբը հարուստ է մանրաթելով և արդյունավետ է փորկապության կանխարգելման հարցում, սակայն, այդ ամենով հանդերձ, այն հակացուցված է աղիների և խոցային հիվանդություն ունեցող մարդկանց: Կաղամբի հյութը, ընդհակառակն, նպաստում է գաստրիտների և խոցային հիվանդությունների բուժմանը, քանի որ պարունակում է հատուկ նյութ՝ վիտամին U կամ հակախոցային գործոն: Կալիումի մեծ քանակությամբ է պայմանավորված կաղամբի միզամուղ ազդեցությունը:

Գազար: Սա վիտամինների մի ամբողջ շտեմարան է: Պարունակում է РР, В1, В2, В6, С, К, Е վիտամիններ, պրովիտամին A: Հանքանյութերից պարունակում է կոբալտ, կալիում, պղինձ, երկաթ, յոդ, ֆոսֆոր, ինչպես նաև սպիտակուցներ, մանրաթել, շաքար: Մանրաթելերի քանակով թարմ գազարը գերազանցում է կաղամբին, այդ իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում օգտագործել մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց:

Գազարն օգտակար է սրտի, լյարդի (հատկապես միզաքարային և լեղաքարային հիվանդությունների), մաշկի հիվանդությունների, ինչպես նաև թոքերի քրոնիկ հիվանդությունների դեպքում: Շոգեխաշած գազարն օգնում է բուժել աղիների դիսբիոզը (դիսբակտերիոզ), հաստ աղիքի խոցային հիվանդությունը և այլն: Գազարն ունի նաև հակամանրէային հատկություններ: Վիտամին A-ի յուրացման նպատակով գազարը պետք է օգտագործել բուսական յուղի կամ թթվասերի հետ: Գազարի խավարտն ավելի լավ է նպաստում մսի և ձկան յուրացմանը, քան կորտոֆիլինը:

Բազուկ: Պարունակում է մեծ քանակությամբ կալիումի, մագնիումի, յոդի, ֆոսֆորի աղեր, վիտամիններ՝ C, B, PP,P, ֆոլաթթու, բիոտին: Բարելավում է վիտամին B12-ի յուրացումը՝ դրանով իսկ նպաստելով արյան բաղադրիչների կարգավորմանը: Բազուկի դյուրին յուրացվող ածխաջրերի մեծ մասը կազմում են սախարոզան և ֆրուկտոզան: Կալիումի, մագնիումի և B խմբի վիտամինների միացությունները որոշ չափով կանխում են արյունատար անոթների սպազմը, հանգստացնող ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա, ինչը շատ օգտակար է հիպերտոնիկ հիվանդությունների և հեստոզների դեպքում: Բազուկն օգտագործում են նաև որպես միզամուղ միջոց:

Դդմիկ: Դդմիկի առավելությունը կալիումի և նատրիումի բարենպաստ համադրության (7:1), հեղուկի առատության, համեմատաբար քիչ քանակությամբ կոշտ սննդային մանրաթելերի և քիչ կալորիականության մեջ է: Դդմիկով պատրաստված ուտեստներն ունեն միզամուղ, հակաալերգիկ հատկություն և նպաստում են սակավարյունության և փորկապության կանխարգելմանը:

Բադրիջանը պարունակում է շաքար, բջջանյութ, В, С, А խմբի վիտամիններ, կալիումի, պղնձի, երկաթի, ֆոսֆորի, և մագնիումի աղեր: Արյան մեջ նվազեցնում են խոլեստերինի քանակը, ունեն միզամուղ ազդեցություն, հեռացնում են միզաթթվի աղերը:

Լոլիկ: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, հատկապես կալիում: Օգտակար է փորկապության, շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում, բացի այս օժտված է նաև հակասնկային ակտիվությամբ:

Վարունգ: Պարունակում է մինչև 95% հեղուկ, զգալի քանակությամբ վիտամին C: Խթանում է ստամոքսագեղձի աշխատանքը, նպաստում է ախորժակի բացմանը: Վարունգից առանձնացնում են մի նյութ, որը քայքայում է միզաքարերը:

Սոխ: Այն քիչ բույսերից է, որ օգտագործվում է ամբողջությամբ՝ արմատից մինչև տերևները: Կանաչ սոխում վիտամին C-ի քանաը 3 անգամ ավելի շատ է, քան սոխի գլխում, բացի այդ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, ինչը բացակայում է գլուխ սոխում: Սոխի ֆիտոնցիդները (ինչպես և սխտորինը) կանխում են հիվանդածին միկրոօրգանիզմների զարգացումը: Ֆիտոնցիդներն օդում տարածվող բուսական ծագման հոտավետ նյութեր են, որոնք ունեն հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն: Նրանք, ովքեր ձմռանը հաճախ են սոխ և սխտոր օգտագործում, հազվադեպ են հիվանդանում: Այդուհանդերձ, սոխը և սխտորը հակացուցված են կերակրող մայրերին, քանի որ խանգարվում է կրծքի կաթի համային որակը:

Սխտոր: Սխտորը և՛ համեղ բանջարեղեն է, և՛ բուժիչ բույս: Իրեն ներհատուկ հոտով պարտական է եթերային յուղին: Թարմ սխտորը նվազեցնում է անոթային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի քանակը, հակաալերգիկ և հակաթրոմբային կանխարգելիչ միջոց է:

Տերևավոր բանջարեղեն: Մաղադանոսը, նեխուրը, սամիթը, հազարը հարուստ են վիտամիններով, հատկապես վիտամին С-ով, ինչպես նաև В խմբի վիտամիններով և կարոտինոիդներով: Վայրի բույսերից են եղինջը, կռատուկը, թրթնջուկը և այլն: Վերջիններս առանձնանում են վիտամինների (С, և В խմբի) և հանքանյութերի (պղինձ, կալիում, ֆոսֆոր, երկաթ) մեծ քանակությամբ: Խորհուրդ է տրվում աղցանների տեսքով օգտագործել սակավարյունության, արյան մեջ խոլեստերինի բարձրացման, ստամոքսի թթվայնության նվազման դեպքում:

Եղինջ: Պարունակում է С, К, В2, А վիտամիններ, երկաթի, կալիումի, կալցիումի աղեր: Բարձրացնում է արյան մակարդելիությունը, մեծացնում է հեմոգլոբինի, էրիթրոցիտների և թրոմբոցիտների քանակը, նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը, թողնում միզամուղ, վերքերն ապաքինող և օրգանիզմն ամրացնող ազդեցություն: Օգտակար է արնահոսությունների, սակավարյունության, միզամուղ օրգանների, լյարդի և միզապարկի հիվանդությունների, թութքի, տուբերկուլյոզի, նյութափոխանակության խանգարման դեպքում: Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ, ինչպես նշվեց, եղինջը մեծացնում է արյան մակարդելիությունը:

Կռատուկ: Արմատներում պարունակում է պոլիսախարիդ ինուլին, որը թթվային միջավայրում վերածվում է ֆրուկտոզայի, սպիտակուցներ, եթերային յուղ, բուսալորձ, վիտամին С: Ունի միզամուղ և քրտինքն օրգանիզմից դուրս մղող ազդեցություն, կարգավորում է արյան կազմը, նվազեցնում շաքարի խտությունը:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: