Ուրեապլազմոզ

Ուրեապլազմոզ

Ուրեապլազման որոշակի վերապահումներով կարելի է դասել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների շարքում: Բանն այն է, որ հարուցիչը ուրեապլազմա ուրեալիտիկումն է (Ureaplasma urealyticum)` միկոպլազմաների դասից, որն իսկապես կարող է բնակվել սեռական ուղիներում և փոխանցվել սեռական հարաբերության ժամանակ: Այնուամենայնիվ ուրեապլազմաների դերը, ինչպես և այլ միկոպլազմաներինը՝ բացառությամբ միկոպլազմա գենիտալիումի (М.Genitalium), բորբոքային հակազդումների առաջացման հարցում անորոշ է, ինչի հետևանքով այդ հարուցիչը մի շարք տեսաբաններ դասում են պայմանական-ախտածինների շարքում, մյուսներն էլ այն համարում են ախտածին:

Ուրեապլազմաները չափսերով մարդկանց օրգանիզմում հայտնաբերվող ամենափոքր մանրէներից են, իսկ կենսագործունեության տեսակով համարվում են ներբջջային մակաբույծ: Ուրեապլազմաներն ապրում են սեռական օրգանների և միզուղիների լորձաթաղանթում: Առանձնացվում է երկու տեսակ՝ ուրեապլազմա պարվում և ուրեապլազմա ուրեալիտիկում:

Ուրեապլազմոզը հարուցվում է միկրոօրգանիզմների միջոցով, որոնք չափսերով նման են խոշոր վիրուսներին և ո՛չ ԴՆԹ ունեն, ո՛չ էլ բջջաթաղանթ: Վարակումը սովորաբար կատարվում է սեռական ճանապարհով, սակայն հնարավոր է նաև ներարգանդային վարակում հիվանդ մորից, ինչպես նաև մանրէները կարող են ծննդաբերության ժամանակ ներթափանցել երեխայի սեռական ուղիներ և պահպանվել այնտեղ ամբողջ կյանքի ընթացքում՝ լինելով պասիվ վիճակում:

Ուրեապլազմաները կարող են հանգեցնել միզասեռական համակարգի տարբեր հատվածների՝ միզապարկի, միզուկի, շագանակագեղձի, ամորձիների բորբոքմանը, կանանց դեպքում՝ հեշտոցի, արգանդի և նրա հավելումների բորբոքմանը: Բացի այդ, հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ուրեապլազմաները կարող են ամրանալ սերմնաբջիջներին և խաթարել նրանց շարժողական ակտիվությունը, իսկ որոշ դեպքերում նաև ոչնչացնել դրանք: Վերջիվերջո մանրէները կարող են հոդերի բորբոքում առաջացնել, հատկապես ռևմատոիդ արթրիտի ժամանակ:

Ուրեապլազմոզը կարող է զարգանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ձևով: Ներկայում ուրեապլազմոզի խնդրի լուծման հարցում մի շարք օբյեկտիվ դժվարություններ կան՝

  • ուրեապլազմոզն իսկապես հիվանդություն է, որը հակված է քրոնիկական ընթացքի,
  • ուրեապլազմոզի ախտորոշման ժամանակ հաճախ են հանդիպում կեղծ դրական արդյունքներ, որոնք հանգեցնում են գերախտորոշման 
  • քրոնիկական ուրեապլազմոզը համակողմանի բուժում է պահանջում,
  • ուրեապլազման պայմանական ախտածին միկրոօրգանիզմ է (որոշ կանանց համար այն հեշտոցի բնականոն միջավայրն է):

Ախտանշանները

Ուրեապլազմոզով վարակման վայրկյանից մինչև առաջին նախանշանների ի հայտ գալը սովորաբար տևում է 4 օրից մինչև մեկ ամիս: Թաքնված շրջանը, սակայն, կարող է տևել և ավելի երկար՝ երբեմն մի քանի ամիս: Թաքնված շրջանում իսկ մարդն արդեն ուրեապլազմոզի վարակակիր է և կարող է վարակի աղբյուր դառնալ իր սեռական զուգընկերների համար:

Թաքնված շրջանից հետո՝ վարակումից մոտ մեկ ամիս անց, սկսում են արտահայտվել առաջին նախանշանները: Հարկ է նշել, որ հաճախ ուրեապլազմոզի ախտանշանները բացակայում են կամ էլ աննշան են լինում, և հիվանդը երբեմն ուշադրություն չի դարձնում դրանց վրա: Ուրեապլազմոզի անախտանշան զարգացումը բնորոշ է կանանց, ովքեր կարող են տարիներ շարունակ ապրել վարակված՝ չիմանալով այդ մասին: Ավելին, ինչպես միկոպլազմոզի դեպքում, ուրեապլազմոզը որևէ կոնկրետ նախանշան չի արտահայտում և նրա ախտանշանները լիովին համընկնում են միզասեռական համակարգի այլ բորբոքային վարակների ախտանշաններին:

Ախտանշանները տղամարդկանց դեպքում

  • Ոչ գոնոկոկային միզուկաբորբ (ուրետրիտ),
  • սուբյեկտիվ ախտանշանների հաճախակի բացակայություն (ցավ միզարձակման ժամանակ),
  • միզուղիներից եկող մուգ արտադրություն, հատկապես մեզը երկարատև պահելուց հետո (առավոտյան),
  • հակում դեպի կրկնվելը. միզուկից եկող արտադրությունն ինքնաբերաբար մեկ անհետանում է որոշ ժամանակով, ապա կրկին հայտնվում,
  • օրխոէպիդիմիտ՝ ամորձիների հավելումների բորբոքում:

Ախտանշանները կանանց դեպքում

  • ցերվիցիտ,
  • ցավոտ միզարձակում,
  • հեշտոցային արտադրություն,
  • ցավ որովայնի ստորին հատվածում,
  • էնդոմետրիտի, միոմետրիտի, սալպինգոօֆորիտի առաջացում:

Ուրեապլազման և հղիությունը

Ուրեապլազմոզն այն վարակներից է, որի հայտնաբերման համար կինը պետք է հետազոտվի, եթե հղիություն է նախատեսում: Դա պետք է անել երկու պատճառով: Առաջին, ուրեապլազմայի անգամ աննշան քանակն առողջ կնոջ միզասեռական համակարգում հղիության ընթացքում կարող է ակտիվանալ և հանգեցնել ուրեապլազմոզի: Երկրորդ, ուրեապլազմոզի բուժումը հղիության ընթացքում, հատկապս վաղ շրջանում, երբ այն ամենավտանգավորն է պտղի համար և կարող է վիժման պատճառ դառնալ, չի կարելի անցկացնել, քանի որ հակաբիոտիկների ազդեցությունը պտղի վրա հղիության առաջին շաբաթների ընթացքում կարող է վտանգավոր լինել: Ըստ այդմ հղիություն նախատեսելիս իր և իր երեխայի առողջությամբ մտահոգված կնոջ խնդիրը պետք է լինի ուրեապլազմաներն օրգանիզմից ճիշտ ժամանակին վերացնելը:

Ինչ վերաբերում է երեխային, ապա նշենք, որ հազվադեպ է վարակում լինում հղիության ընթացքում, քանի որ պտուղը հուսալիորեն պաշտպանված է ընկերքով, որը կանխում է ուրեապլազմայի ներթափանցումը: Հաճախ, սակայն, վարակումը տեղի է ունենում վարակված ծննդուղիներով անցնելիս՝ ծննդաբերության ժամանակ: Այսպիսի դեպքերում ուրեապլազմաներն ի հատ են գալիս նորածնի սեռական օրգաններում (ավելի հաճախ աղջիկների) կամ էլ քթըմպանում (անկախ սեռից):

Եթե հղիության ընթացքում կինն այնուամենայնիվ հիվանդացել է ուրեապլազմոզով, ապա պետք է որքան հնարավոր է շուտ դիմել իր հղիությունը վարող բժշկին: Ծննդաբերության ընթացքում երեխայի վարակումից խուսափելու և վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով հղիության 2-րդ եռամսյակից սկսած նշանակվում է հակաբիոտիկներով բուժում: Նշանակվում է նաև դիմադրողական համակարգն ամրապնդող դեղորայք, որպեսզի նվազագույնի հասցվի երկրորդային վարակների առաջացման հավանականությունը:

Ժամանակակից բժշկությունը հաջողությամբ է լուծում հղիության ընթացքում ուրեապլազմոզի բուժման հարցը, և այն ցուցում չէ հղիության արհեստական ընդհատման համար:

Ուրեապլազմոզի հայտնաբերմանն ուղված հետազոտությունները

Ուրեապլազմոզի ախտորոշումը երբեմն դժվարանում է մի քանի պատճառներով: Առաջին հերթին ուրեապլազմաները կարող են բնականոն կենսաբանական միջավայր ստեղծել լիովին առողջ մարդու միզասեռական ուղիներում և կարող են ախտաբանական պրոցեսներ հարուցել միայն որոշակի հանգամանքներում: Այդ պատճառով էլ միզասեռական համակարգում ուրեապլազմաների առկայությունը դեռևս չի վկայում ուրեապլազմոզի մասին: Ուրեապլազմոզի ախտորոշման հարցում ամենակարևորը ոչ թե դրա առկայությունն է սեռական ուղիներում, այլ այն, թե ինչ քանակությամբ է և որքան է տարածված միզասեռական համակարգի առանձին հատվածներում:

Միայն այն դեպքում բժիշկն իրավունք ունի ախտորոշել ուրեապլազմոզ և խոսել բուժման անհրաժեշտության մասին, երբ ուրեապլազմաների մեծ քանակություն է հայտնաբերվել, և հիվանդն ունի բոլոր ախտանշանները: Ուրեապլազմոզի ախտորոշման համար բժիշկն օգտագործում է ախտորոշման մի քանի միջոցներ: Ընդհանուր քսուքի արդյունքներով հնարավոր է միայն ենթադրել ուրեապլազմաների առկայությունը: Հարուցչի հայտնաբերման նպատակով հետազոտման առավել ճշգրիտ միջոցներ են կիրառում՝ ՊՇՌ և մանրէաբանական ցանքս: Բավականին հաճախ (դեպքերի մինչև 70-80%) միաժամանակ հայտնաբերվում է և՛ ուրեապլազմաներ, և՛ միկոպլազմաներ, և՛անաէրոբ միկրոֆլորաներ (գարդներելա, մոբիլունկուս):

Ուրեապլամայի ախտորոշման մեթոդները

Ցանքսային հետազոտություններ ընտրված միջավայրերում: Այս հետազոտությունը թույլ է տալիս 3 օրվա ընթացքում հայտնաբերել հարուցիչը և ուրեապլազմաներն առանձնացնել այլ միկոպլազմաներից: Մեթոդը թույլ է տալիս որոշել առանձնացված հարուցիչների զգայունակությունը տարատեսակ հակաբիոտիկների նկատմամբ, ինչը խիստ կարոր է: Մեթոդի սպեցիֆիկությունը 100% է: Այն օգտագործվում է միկոպլազմա հոմինիս և ուրեապլազմա ուրեալիտիկումի միաժամանակյա հայտնաբերման նպատակով:

Հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ մեթոդով: Հետազոտությունը թույլ է տալիս մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել հարուցիչը միզասեռական համակարգում և որոշել, թե որ տեսակին է պատկանում:

Սերոլոգիական թեստեր: Թույլեն տալիս հայտնաբերել հակածինների և արյան մեջ դրանց հակամարմինների առկայությունը: Կարող է օգտակար լինել հիվանդության կրկնվող ընթացի դեպքում, ինչպես նաև բարդությունների և անպտղության զարգացման ժամանակ:

Իմունաֆերմենտային հետազոտման մեթոդ: Թույլ է տալիս պարզել ուրեապլազմաների նկատմամբ հակամարմինների առկայությունը:

Ուրեապլազմաների բուժումը

Ուրապլազմաները համակաողմանի բուժում են պահանջում՝ կախված բորբոքման տեղակայումից: Ընդհանուր առմամբ կիրառվում են՝

  • հակամանրէային միջոցներ, որոնք ուղղված են վարակի ոչնչացմանը,
  • իմունամոդուլյատորներ, որոնք ակտիվացնում են օրգանիզմի պաշտպանական ուժերը,
  • դեղորայք, որոնք նվազեցնում են հակաբիոտիկների ընդունումից առաջացող կողմնակի երևույթների վտանգը:

Ուրեապլազմաները կայուն են բետալակտամնային հակաբիոտիկների նկատմամբ (պենիցիլիններ և ցեֆալասպարիններ), որովհետև նրանք չունեն բջջապատ և սուլֆանիլամիդների նկատմամբ, քանի որ այդ միկրոօրգանիզմները թթու չեն արտադրում: Ուրեապլազմայի բուժման ընթացքում կարող են արդյունք ցույց տալ այն հակամանրէային ագենտները, որոնք ազդեցություն են ունենում ԴՆԹ-ից սպիտակուցի սինթեզման վրա, այսինքն նրանք օժտված են մանրէազերծ ազդեցությամբ:

Մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա ուրեապլազմաների ազդեցությունը դեռևս լիովին ուսումնասիրված չէ: Մինչդեռ կանանց անպտղությունը կարող է բացատրվել նաև ուրեապլազմաներով վարակված սեռական օրգանների բորբոքմամբ: Տղամարդկանց անպտղությունը կարող է բացատրվել բորբոքային պրոցեսներով և սպերմատոգենեզի վրա ուրեապլազմաների ունեցած ազդեցությամբ: Ուրեապլազմաների տեղակայումը սերմնաբջիջների մակերևույթին կարող է խաթարել նրանց շարժունակությունը, մորֆոլոգիան և քրոմոսոմային ապարատը:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում