Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինյան գեղձի կիստան գեղձի արտաբերող ծորանի խցանումն է`ռետենցիոն կիստայի կազմավորմամբ, որը կարող է հասնել սագի ձվի մեծության` անհարմարություններ ստեղծելով քայլելու, սեռական հարաբերության ժամանակ և առաջացնել բորբոքում (բարտոլինիտ, թարախակույտ):

Առաջացման պատճառները

Բարտոլինիտը սովորաբար առաջանում է, երբ հեշտոցից կամ միզուկից վարակիչ արտաթորանքը ներթափանցում է գեղձի արտաբերող ծորանի արտաքին բացվածքի, այնուհետև հենց գեղձի մեջ: Այն զարգանում է անձնական հիգիենայի կանոնների խախտման, սեռավարակների, անկանոն սեռական կյանքի, ինչպես նաև օրգանիզմի թուլացման (ավիտամինոզներ, գերհույզեր, իմունիտետի անկում, օրգանիզմում ուղեկցող հիվանդություններ, մրսածություն) դեպքում, նաև վիժումներից ու վիրահատական միջամտություններից հետո` որպես բարդություն: Բարտոլինյան գեղձի հիմնական գործառույթը հյութի (սեկրետի) արտադրությունն է, որի հիմնական բաղադրիչը լորձն է:

Հյութը մշտապես խոնավացնում է կնոջ հեշտոցը` պահպանելով այն չորանալուց: Բարտոլինյան գեղձի աշխատանքը կախված է կնոջ օրգանիզմում հորմոնների տեղաշարժից. նախադաշտանային շրջանում լորձաթաղանթներում հյութն առատ է, ցիկլից դուրս ընկած ժամանակահատվածում` քիչ, կլիմաքսի ժամանակ և արգանդի ու հավելումների վիրահատություններից հետո հյութազատությունը գրեթե ամբողջովին դադարում է, որի հետևանքով հեշտոցը դառնում է չոր, պատվում մանր ճաքերով, և այդ ամենն ուղեկցվում է քորով:

Ըստ կլինիկական ընթացքի` տարբերում են բարտոլինիտի հետևյալ ձևերը՝ սուր, քրոնիկական, կեղծ թարախակույտ (կարող է լինել առաջնային` թարախային խողովակաբորբի դեպքում և երկրորդային` նախօրոք արդեն առկա բշտի թարախակալման հետևանքով), իսկական թարախակույտ:

Բարտոլինիտի նշանները

Սկզբում զարգանում է բարտոլինյան գեղձի արտաբերող ծորանի բորբոքում (խողովակաբորբ), որն ուղեկցվում է հեշտոցամուտքի մոտ` փոքր շրթունքի վրա գտնվող արտաբերող ծորանի բացվածքի կարմրությամբ: Դիտվում է աննշան լորձաթարախային արտադրություն: Փոքր շրթունքի մաշկը արտաբերող ծորանի բացվածքի մոտ փոքր-ինչ փափկում է: Սովորաբար բարտոլինյան գեղձի ախտահարումը միակողմանի է, ընդ որում, տեղային բոլոր ախտանիշներն առկա են ախտահարված կողմում: Որոշ ժամանակ անց բարտոլինյան գեղձի արտազատուկը թանձրանում է, արտաբերող ծորանը խցանվում է, զարգանում է բարթոլինիտ (բորբոքումը տարածվում է գեղձի հյուսվածքի վրա):

Բարթոլինյան գեղձի բորբոքումն սկսվում է այտուցով (ներսփռանք), սակայն բարտոլինիտը կարող է հենց այս փուլում էլ ավարտվել. բորբոքումն ինքնաբերաբար մարում է, ներսփռանքը ներծծվում, տեղի է ունենում ինքնաապաքինում: Եթե ինքնաապաքինում տեղի չի ունենում, զարգանում է բարթոլինյան գեղձի արտաբերող ծորանի խցանում` կիստայի կամ թարախակույտի առաջացմամբ և ներսում թարախային պարունակությամբ:

Գեղձը շոշափելիս ցավոտ է, տհաճություն է զգացվում քայլելիս, սեռական հարաբերության ժամանակ: Եթե բորբոքման գործընթացում ընդգրկվում են գեղձն ու շրջակա հյուսվածքները, ձևավորվում է իսկական թարախակույտ (առաջնային թարախակույտ): Կեղծ թարախակույտը գոյանում է երկրորդային ձևով` վաղօրոք առկա բշտի թարախակալման հետևանքով: Թարախակույտ է կոչվում հյուսվածքների թարախային բորբոքումը, որն ավարտվում է թարախով լցված խոռոչի ձևավորմամբ` շրջափակված թաղանթով:

Բարտոլինիտի նախանշանները

Այտուց սկսվելիս ախտահարման տեղում հնարավոր են ծակծկոցներ, աննշան ցավ, սեռական հարաբերության ժամանակ այրոցի զգացում: Բարտոլինյան գեղձի թարախակալման դեպքում այն չափերով մեծանում է (մեծացած գեղձը կարող է հասնել մինչև հինգ սմ և ավել տրամագծի): Սուր բարտոլինիտի ժամանակ մարմնի ջերմաստիճանը կարող է կտրուկ բարձրանալ և հասնել 40 աստիճան ցելսիուսի` ուղեկցվելով ընդհանուր թուլությամբ: Ախտահարման տեղում դիտվում է կարմրություն, այտուց, ախտահարված գեղձի կողմի սեռական շրթունքի խիստ ցավոտություն: Մեծացած գեղձն արտափքվում է սեռական փոքր շրթունքների մակերևույթից: Այտուցի հետևանքով սեռական ճեղքը դառնում է մանգաղաձև` ուռուցիկ մասով դարձած դեպի առողջ գեղձի կողմը:

Առկա է ծփանքի ախտանիշը (ֆլուկտուացիա)` շոշափելիս գեղձի ներսում զգացվում է հեղուկ պարունակության (տվյալ դեպքում` թարախ) տեղաշարժ: Բարտոլինիտի ծանր դեպքերում կարող են մեծանալ աճուկային ավշահանգույցները: Հաճախ թարախակույտն ինքնաբերաբար բացվում է, թարախն արտահոսում է, որից հետո հիվանդի վիճակը կտրուկ փոխվում է դեպի լավը. մարմնի ջերմաստիճանն իջնում է, սեռական շրթունքի ցավն անցնում: Երբեմն հնարավոր է սուր բարտոլինիտի անցում քրոնիկականի:

Քրոնիկական բարտոլինիտը, ինչպես ցանկացած այլ քրոնիկական հիվանդություն, բնորոշ է հաճախակի սրացումներով, որոնք հերթագայվում են լավացումներով: Սրացումը հրահրող պատճառներն են դաշտանը, մրսածությունը, օրգանիզմի այլ վարակիչ հիվանդությունները: Լավացման փուլերում հիվանդությունը բացասական զգացողություններ չի առաջացնում, սակայն սրացման փուլում կանանց անհանգստացնում են ախտահարված գեղձի շրջանում աննշան ցավերը, տհաճ զգացողությունները սեռական հարաբերության ժամանակ, քայլելիս անհարմարությունը, սեռական փոքր շրթունքներից մեկում առաձգական գոյացության շոշափման դեպքում ցավի ի հայտ գալը: Այնուամենայնիվ, հիվանդի ընդհանուր վիճակը մնում է բավարար, մարմնի ջերմաստիճանը սովորաբար բնականոն է` երբեմն միայն հասնելով ենթատենդայինի:

Բարտոլինիտի ախտորոշումը ներառում է`

  1. հիվանդության անամնեզի մանրակրկիտ հավաքագրում,
  2. համալիր հետազոտություն՝ գինեկոլոգիական քննություն, կոլպոսկոպիա, հայելիների օգնությամբ հետազոտություն,
  3. միզուկից, հեշտոցից և արգանդի պարանոցից վերցված արտազատուկի մանրէաբանական հետազոտություն մանրադիտակով՝ հարուցչի հայտնաբերումը քսուքների օգնությամբ, որոնք նախապես մշակված և ներկված են հատուկ եղանակով,
  4. ցանքսի եղանակի կիրառում (կուլտուրայի ստացում)՝ հարուցիչների աճեցում սննդային միջավայրերում (պատռված թարախապարկից արտահոսած թարախի հետազոտություն),
  5. պոլիմերազային շղթայական ռեակցիայի կիրառում (ՊՇՌ-ԴՆԹ ախտորոշում)՝ բարթոլինիտի հարուցչի մոլեկուլային-կենսաբանական հայտնաբերման եղանակ:

Բարտոլինիտի բուժումը

Սկզբնական փուլում պետք է կասեցնել բորբոքման գործընթացը. հանգիստ, սառը, հակամանրէային դեղամիջոցներ: Թարախակույտ ձևավորվելիս գործընթացը չի հաջողվում կանգնեցնել, ուստի հարկ է այն բացել և դրենավորել:

Կարդացեք՝ Բարտոլինյան գեղձի աբսցես․ վիրահատական բուժումը

Վիրահատության ցուցումները

Հարկավոր է վիրահատության դիմել, եթե կա բուշտ՝ կիստա, որը խանգարում է քայլելիս, սեռական հարաբերության ընթացքում:

Վիրահատության անհրաժեշտ պայմանները

Հեշտոցի մաքրում բորբոքումներից, սեռական օրգաններում սուր բորբոքային հիվանդությունների բացակայություն:

Նախապատրաստում վիրահատությանը

Միզապարկի դատարկում, արտաքին սեռական օրգանների շրջանի մազածածկույթի սափրում:

Անզգայացման եղանակը

Ներերակային անզգայացում:

Բարդությունները

Բարտոլինյան գեղձի կիստայի կրկնություն:

Հանձնարարականներ հիվանդին

Ցավոք, բարտոլինյան գեղձի բուշտ կասկածելիս շատ հիվանդներ բժշկի չեն դիմում: Սակայն բարտոլինյան գեղձի շրջանում (ինչպես և այլուր) երկարատև բորբոքումը պետք է բուժել, քանզի այն կարող է լինել ոչ միայն սեռական օրգանների, այլև ամբողջ օրգանիզմի վարակի աղբյուր: Այդ իսկ պատճառով բարտոլինյան գեղձի բուշտ կասկածելիս գինեկոլոգին այցելելը պարտադիր է․ նա կգնահատի վիճակը և համապատասխան բուժում կնշանակի:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում