Ձվարանի ապոպլեքսիա

Ձվարանի ապոպլեքսիա

Ապոպլեքսիան (ձվարանի հյուսվածքի պատռում) ձվարանի հյուսվածքի վնասվածքն է, որն ուղեկցվում է սաստիկ ցավով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Հարկ է նշել, որ ձվարանի ապոպլեքսիայի բուժումը պետք է անհապաղ սկսել` մահացու ելքից խուսափելու համար, քանի որ որովայնային արյունահոսությունը խիստ վտանգավոր է:

Առաջացման պատճառները

Քանի որ ձվարանի ապոպլեքսիայի դեպքում վնասվում է այդ օրգանը սնող արյան անոթների ամբողջականությունը, ուստի գլխավոր պատճառը անոթի ախտահարումն է․ ձվարանի հյուսվածքում բորբոքային գործընթացի կամ վարակիչ հիվանդությունների հետևանքով տեղի են ունենում անոթների ախտաբանական փոփոխություններ:

Ռիսկի գործոն է համարվում նաև վարիկոզային հիվանդությունը, թրոմբոֆլեբիտը, ինչպես նաև դաշտանային ցիկլի որոշ հատվածներում անոթային համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը: Ձվարանի ապոպլեքսիայի պատճառները ներառում են նաև հիվանդություններ, որոնք կապված են արյան մակարդելիության համակարգի կամ հակամակարդիչների երկարատև գործածության հետ: Բացի այդ, մասնագետները առանձնացնում են այնպիսի ռիսկի գործոններ, ինչպիսիք են հորմոնային խանգարումները, երբ ձվարանները ինքնաբերաբար կամ ինչ-որ դեղանյութի ներգործությամբ գերարյունալեցվում են: Այդ ամենից զատ ձվարանի ապոպլեքսիայի պատճառ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, բուռն սեռական հարաբերությունը և այլ գործոններ, որոնց հետևանքով պրկվում են որովայնի ստորին հատվածի մկանները:

Գանգատները

Ձվարանի ապոպլեքսիայի կլինիկական ընթացքից և ախտանիշների արտահայտվածությունից ելնելով` տարբերում են հիվանդության երեք տեսակ՝

  • ցավային, երբ առավել ցայտուն նշանը ցավն է` որդանման ելունի սուր բորբոքման նոպայի նման,
  • հեմոռագիկ (արյունազեղային), երբ առատ արյուն է հոսում որովայնի խոռոչ` ուղեկցվելով սուր որովայնի նշաններով, որովայնի ստորին հատվածների ցավով, տկարությամբ, գլխապտույտով, ուշագնացությամբ, սրտխառնոցով, զարկերակային ճնշման անկմամբ, հաճախասրտությամբ և այլն,
  • խառը, որը ներառում է նախորդ երկու տիպի նշանները: 

Ձվարանի պատռումը հաճախ ուղեկցվում է որովայնի ստորին հատվածների ցավով, որը կարող է ուղեկցվել տկարությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով: Ցավն առավելապես կենտրոնանում է մարմնի այն մասում, որտեղ օրգանն է տեղակայված: Ցավային տեսակի դեպքում հիվանդն այնպիսի սաստիկ, նոպայաձև ցավ է զգում, որ կարող է գիտակցությունը կորցնել: Հեմոռագիկ տեսակի ժամանակ, եթե ցավն ուժեղ է, հիվանդությունը հայտնաբերվում է ներորովայնային արյունահոսության ախտանիշներով` գունատություն, գլխապտույտ, տկարություն:

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է զննման, կլինիկական պատկերի (գանգատներ), ՈւՁՀ, լաբորատոր հետազոտության և այլ տվյալների հիման վրա:

Բուժումը

Ձվարանի հյուսվածքի պատռման կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Միայն մասնագիտացված հիվանդանոցի պայմաններում է հնարավոր հստակ պարզել այդ հիվանդությունն առկա՞ է, թե՞ ցավը պայմանավորված է մեկ այլ հիվանդությամբ: Ժամանակին բժշկի չդիմելու դեպքում արյունահոսությունը կարող է կյանքին վտանգ սպառնալ:

Կիրառվում է բուժման երկու եղանակ՝ պահպանողական և վիրաբուժական: Պահպանողականը կիրառվում է արյան փոքր կորստի դեպքում: Սակայն ձվարանի հյուսվածքի պատռման դեպքում բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, երբ կարվում է վնասված հյուսվածքը, վերացվում արյունահոսության օջախը:

views 17178

Նմանատիպ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն