Բարտոլինյան գեղձի կիստա
Բարտոլինյան գեղձերը գտնվում են մեծ սեռական շրթների ենթամաշկային-ճարպային շերտում։ Դրանց ֆունկցիան արտաքին սեռական օրգանները խոնավացնող հատուկ հեղուկի արտադրությունն է։
Երբ գեղձի ծորանները խցանվում են, հեղուկն սկսում է կուտակվել գեղձերում, ինչը հանգեցնում է կիստայի առաջացման։ Կիստան փոքր ու անցավ է լինում, անվտանգ կնոջ կյանքի համար։ Երբեմն սակայն վարակ է ներթափանցում կիստայի մեջ՝ առաջացնելով աբսցես կամ բարտոլինիտ՝ բարտոլինյան գեղձի բորբոքում։
Առաջացման պատճառները
Կիստայի առաջացման պատճառները շատ են՝ սեռվարակներ, հիգիենայի խախտում, նեղ ներքնաշորի կրում, բիկինիի խորն էպիլյացիայից առաջացած վնասվածքներ, խոնավ լողազգեստ և այլն։
Ախտանշանները
Բարտոլինյան գեղձի կիստայի հիմնական ախտանշաններն են՝
- հեշտոցի և արտաքին սեռական օրգանների այտուցվածություն,
- անհարմարություն քայլելիս, ֆիզիկական վարժություններ կատարելիս և սիրով զբաղվելիս։
Կիստայի ինֆեկցման դեպքում վերոնշյալ ախտանշաններին կարող են ավելանալ հետևյալները՝
- ցավ,
- այտուցվածության շատացում,
- ջերմության տեղային բարձրացում,
- մարմնի ջերմաստիճանի ընդհանուր բարձրացում։
Ախտորոշումը
Սկզբում կատարվում է հիվանդության կլինիկական պատկերի վերլուծություն և գինեկոլոգիական զննում։
Գործիքային և լաբորատոր մեթոդներից կիրառվում են հետևյալները՝
- հեշտոցային քսուքի հետազոտություն,
- հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում,
- կիստայի կամ աբսցեսի արտադրության միկրոսկոպիկ և մանրէաբանական հետազոտություն,
- այլ մեթոդներ՝ ըստ բժշկի ցուցման։
Բուժումը
Բուժումն էապես կախված է ախտանշանների արտահայտվածությունից և կիստայի մեծությունից։ Մի շարք դեպքերում բուժում չի պահանջվում, քանի որ կիստան ինքնուրույն ներծծվում է և անհետանում։ Բուժում չի պահանջվում նաև փոքր կիստաների դեպքում։ Մեծ կիստայի դեպքում ցուցված է վիրաբուժական միջամտություն և տեղային կամ ընդհանուր հակամանրէային թերապիա։