Արգանդի հավելումների բորբոքում

14.12.2018506

Հավելումների բորբոքումը (կամ ադնեքսիտ, սալպինգոօֆորիտ) հիվանդություն է, որը բնորոշվում է արգանդափողերի և ձվարանների բորբոքմամբ։ Կանանց ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Բորբոքումն ուղեկցվում է ցավով, որն ուժգնանում է ֆիզիկական աշխատանք անելիս, սթրեսի, սառչելու կամ սեռական ակտի ժամանակ։ Հաճախ հավելումների բորբոքումը հանգեցնում է անպտղության։

Պատճառները

Բորբոքման հարուցիչ կարող են դառնալ՝

  • քլամիդիաները, տրիխոմոնադները, գոնոկոկները, 
  • ոչ սպեցիֆիկ, պայմանականորեն ախտածին միկրոօրգանիզմները (ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ, բակտերոիդներ, աղիքային ցուպիկ և այլն)։ 

Նպաստող գործոններն են՝

  • սառեցում, 
  • սեռավարակների առկայություն, 
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, 
  • ներքին օրգանների հիվանդություններ, 
  • սնուցման խանգարում և այլն:  

Ախտանշանները

Հիմնական ախտանշաններն են՝

  • որովայնի ստորին շրջանի ցավ, 
  • ցավ սեռական հարաբերության ընթացքում, 
  • մոխրագույն կամ կանաչավուն երանգով, տհաճ հոտով արտադրություն, 
  • սեռական ցանկության նվազում, 
  • դաշտանային ցիկլի խանգարում կամ բացակայություն, 
  • անպտղություն և այլն։ 

Ախտորոշումը

Ախտորոշումը ներառում է՝

  • անամնեզի հավաքում, գանգատների վերլուծություն, 
  • մանկաբարձագինեկոլոգիական անամնեզի վերլուծություն, 
  • գինեկոլոգիական զննում, 
  • փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, 
  • հեշտոցային քսուքի և ինֆեկցիաների հայտնաբերման հետազոտություն,
  • հետազոտության այլ մեթոդների կիրառում՝ ըստ անհրաժեշտության։ 

Բուժումը

Բուժումը ենթադրում է հակաբորբոքային, ցավազրկող և հակաբիոտիկային թերապիա։ Սեռավարակների առկայության դեպքում ամուսինը կամ զուգընկերը նույնպես պետք է բուժում է ստանա։

Բարդությունները

  • Կպումներ,  
  • արգանդափողերի անանցանելիություն, 
  • փոխային անպտղություն, 
  • պելվիոպերիտոնիտ, 
  • վարակի տարածում միզասեռական համակարգում, 
  • դաշտանային ցիկլի խանգարում, 
  • սեռական ցանկության նվազում և այլն։ 

Կանխարգելումը

Կանխարգելման նպատակով հարկավոր է՝

  • պատահական սեռական կապերի բացառում, 
  • բեղմնականխման պատնեշային միջոցների օգտագործում, 
  • անձնական հիգիենայի պահպանում, 
  • խուսափում սառեցումից, սթրեսից ու ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից, 
  • գինեկոլոգիական խորհրդատվություն տարին երկու անգամ։