Գինեկոլոգի դիմելու մի քանի պատճառ

06.12.20182082

Կանոնավոր այցելո՞ւմ եք գինեկոլոգի։ Ինչպե՞ս թե ինչու։ Ինչ է չգիտե՞ք, որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել։ Ցավոք ոչ բոլոր կանայք են հասկանում այդ պարզ ճշմարտության կարևորությունը և գինեկոլոգի են դիմում միայն այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում», այսինքն՝ հիվանդության սրացման և զարգացման փուլում։

Բժիշկները մի հարցում համակարծիք են․ պետք է դիմել գինեկոլոգիական կանխարգելիչ զննման տարին երկու անգամ, նվազագույնը։ Ինչի՞ն ուշադրություն դարձնել, ո՞ր ախտանշաններն են վկայում խնդրի մասին։ Ե՞րբ է հարկավոր գինեկոլոգիական զննումը։

Պատճառ 1․ Անհարմարություն սեռական օրգանների շրջանում Մաշկի և արտաքին սեռական օրգանների քորը, այրոցն ու կարմրությունն արդեն իսկ ազդանշան են գինեկոլոգի դիմելու համար։ Խնդրի մասին կարող է վկայել նաև հեշտոցից եկող առատ արտադրությունը։ Հաճախ այդ նշանները վկայում են սնկային հիվանդության՝ կանդիդոզի մասին։

Պատճառ 2. Դաշտանային ցիկլի ցանկացած խանգարում Պետք է ուշադրություն դարձնել դաշտանի ոչ միայն վաղ սկսվելուն ու ուշանալուն, այլև արյունային արտադրության բնույթի փոփոխություններին՝ սակավություն, առատություն։ Խանգարում է համարվում նաև նախկինում չեղած ախտանշանների ի հայտ գալը, օրինակ՝ ցավ, գլխապտույտ, սրտխառնոց և այլն։

Պատճառ 3. Հակաբեղմնավորման միջոցի ընտրություն Եթե հղիություն չեք պլանավորում և պետք է բեղմնականխման մեթոդ ընտրեք, դիմեք գինեկոլոգի, քանի որ հատկապես հորմոնային հաբերի ընտրության հարցում միայն բժիշկը կկարողանա օգնել։

Պատճառ 4. Հղիության պլանավորում Հղիություն պլանավորելու դեպքում նույնպես պետք է դիմել գինեկոլոգի՝ հնարավոր խնդիրները կանխելու նպատակով։ Պետք է դիմել բժշկի նաև չհղիանալու դեպքում։

Պատճառ 5. Կաթնագեղձերի վիճակի ստուգում Վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ է դիտվում։ այդ պատճառով 25 տարեկանից հետո ցանկացած կին պետք է դաշտանից հետո կրծքագեղձի ինքնազննում կատարի և կոշտացումներ նկատելու դեպքում անհապաղ դիմի բժշկի։

Պատճառ 6. Մենոպաուզայի հետաձգում Կլիմաքսը վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարումն է, որի սկսվելուն պես ծերացումն արագանում է։ Հնարավոր չէ խուսափել ֆիզիոլոգիական այդ պրոցեսից, սակայն հնարավոր է այն հետաձգել էստրոգեններով փոխարինող հորմոնային թերապիայի միջոցով։

Պատճառ 7. Վարակիչ կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելում կամ բուժում Բորբոքումների սխալ կամ ուշացրած բուժումը կարող է հանգեցնել հիվանդության քրոնիկացման, ինչն արտահայտվում է որովայնի ստորին հատվածի սրացող ցավով։ Սովորաբար բորբոքման պատճառ է դառնում սեռական հարաբերության ընթացքում վարակումը։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից են քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, կանդիդոզը, տրիխոմոնիազը, պապիլլոմայի, հերպեսի վիրուսները և այլն։