Թրոմբոցիտոպենիան հղիության դեպքում

04.12.2018318

Թրոմբոցիտոպենիան ախտաբանական վիճակ է, որի դեպքում արյան մեջ կտրուկ պակասում է թրոմբոցիտենրի քանակը։ Հենց թրոմբոցիտներն են նպաստում արյան մակարդմանը, և դրանց քանակի նվազման դեպքում արյունը լավ չի մակարդվում, նշանակում է, որ ցանկացած վնասվածք կամ քերծվածք կարող է հանգեցնել արյան կորստի։

Պատճառները

Հնարավոր է, որ հղիության ընթացքում անոմալիան պայմանավորված լինի ֆիզիոլոգիական պրոցեսներով։ Սովորաբար հանդիպում է հղիության վերջին շաբաթների ընթացքում, առանց կլինիկական պատկերի։ Իսկ այ ախտաբանական թրոմբոցիտոպենիան կարող է զարգանալ ցանկցած եռամսյակում և կարող է ախտանշաններ ունենալ ու վտանգել մոր ու պտղի կյանքը։

Ախտաբանական թրոմբոցիտոպենիայի պատճառներն են՝

  • հորմոնային վերակառուցում, որ կրճատում է թրոմբոցիտների կյանքը, 
  • արյան հոսքի մեծացումը, 
  • B12 վիտամինի և ֆոլատի պակաս, 
  • վիրուսային-բորբոքիչ հիվանդությունները հղիության ընթացքում, 
  • ալերգիաներ,
  • աուտոիմուն խանգարումներ, 
  • օրգանիզմի թունավորում, 
  • ընկերքի շերտազատում և մանկաբարձական այլ արյունահոսություն, 
  • ժառանգական գործոն և գենետիկ մուտացիաներ և այլն։ 

Ախտանշանները

Եթե հղիության ընթացքում կինը արյան ընդհանուր անալիզ չի հանձնել, որի միջոցով պարզ երևում է խնդիրը, ապա հնարավոր է թրոմբոցիտոպենիան հայտնաբերել ըստ հետևյալ բնորոշ ախտանշանների՝

  • արգանդային արյունահոսություն, 
  • թութքային հանգույցների կամ անալային ճաքերի արյունահոսություն, 
  • էկխիմոզներ՝ մանր արյունազեղումներ ոտքերին, որովայնին և կրծքավանդակին, 
  • քթային արյունահոսություն, 
  • կապտուկների առաջացում անգամ թույլ դիպչելուց և առհասարակ չդիպչելուց և այլն։ 

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է արյան ընդհանուր և քիմիական հետազոտության, արյան՝ աուտոհակամարմինների հայտնաբերման հետազոտության, մակարդելիության գործոնի որոշման հետազոտության միջոցով։

Բարդությունները

Եթե թրոմբոցիտոպենիան աուտոիմունային է լինում, ապա հակամարմիններն ընկերքի միջոցով անցնում են պտղի արյան մեջ և նորածնի թրոմբոցիտոպենիա է զարգանում։ Նրանց համար այդ խիստ վտանգավոր է, քանի որ սպառնում է ներգանգային արյունազեղմամբ և վաղաժամ մահվամբ։

Բուժումը

Հարկավոր է պարբերաբալ այցելել հղիությունը վարող բժշկին և կատարել նրա բոլոր հանձնարարություններն ու ընդունել նշանակած պրեպարատները։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, խորհուրդ չի տրվում նաև դիմել ժողովրդական բժշկության միջոցներին։ Բուժումն ուղղված է լինում հիմնական հիվանդության բուժմանն ու հեմոստազի պահպանմանը։ Դեղորայքային բուժումը հնարավոր է դառնում հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում։