Պտղի թթվածնաքաղց (հիպոքսիա)

28.11.2018617

Թթվածքնի սուր և քրոնիկ անբավարարությունը պտղի ներարգանդային զարգացման ընթացքում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև պտղի մահվան։ Ճիշտ ժամանակին խնդիրը հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխել վատագույն հետևանքները։

Սուր և քրոնիկ թթվածնաքաղց

Ներարգանդային զարգացման շրջանում պտուղն ի վիճակի չէ ինքնուրույն շնչել, քանի որ նրա թոքերը լի են ջրով։ Թթվածինը նրան է հասնում ըկերքի միջոցով։ Որոշ դեպքերում թթվածնի պակաս է զգացվում, ինչը հանգեցնում է հիպոքսիայի։ Բժիշկներն առանձնացնում են թթվածնաքաղցի երկու տեսակ՝ սուր և քրոնիկ։

Առաջին տիպը կարող է զարգանալ երկարաձգված ծննդաբերության դեպքում, մի քանի ժամվա ընթացքում։ Քրոնիկ թթվածնաքաղցը բնորոշվում է արյան հոսքի խանգարմամբ, որի պատճառը ընկերքի աշխատանքի խանգարումն է լինում։

Թթվածքնաքաղցի վաղ հայտնաբերման համար կիրառվում ե ախտորոշիչ մի շարք մեթոդներ՝ ՈւՁՀ, դոպլերոմետրիա, պտղի կարդիոտոկոգրաֆիա և այլն։

Ինչո՞վ է վտանգավոր քրոնիկ թթվածնաքաղցը

Պտղի քրոնիկ հիպոքսիայի դեպքում պտուղը դանդաղ է աճում, ավելի քիչ է շարժվում, դանդաղում է դեպի ուղեղ գնացող արյան հոսքը, իսկ պտղաջուրը քիչ քանակությամբ է արտադրվում։ Երբ կինը չի հաշվառվում ճիշտ ժամանակին կամ չի դիմում բժշկի, ապա քրոնիկ թթվածնաքաղցը սովորաբար ուշ է հայտնաբերվում։ Արդյունքում պտուղը լավ զարգացած չի լինում և փոքրամարմին է լինում։

Եթե քրոնիկ թթվածնաքաղցը զարգանում է հղիության 28-րդ շաբաթում, ապա հնարավոր է, որ երեխան կենտրոնական նյարդային համակարգի խանգարում ունենա, զարգացման հապաղում և փոքր քաշ։ Սովորաբար այդպիսի երեխաներն սկսում են հիվանդանալ առաջին իսկ օրերին, քանի որ չեն կարողանում հարմարվել նոր կենսապայմաններին։

Պտղի սուր թթվածնաքաղցի հետևանքները

Պտղի սուր թթվածնաքաղցը սովորաբար զարգանում է երկարատև ծննդաբերության դեպքում, պորտալարի անոթների սեղմվելու հետևանքով, ընկերքի վաղաժամ, մասնակի կամ ամբողջական անջատման և այլ դեպքերում։ Անդառնալի հետևանքերից խուսափելու համար պետք է ժամանակին հաշվառվել և խստորեն հետևել բժշկի ցուցումներին։