Ուրց․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

05.11.20182066

Շատերս ենք ուրցով անուշաբույր թեյ սիրում, սակայն քչերս գիտենք նրա օգտակար հատկությունների և հակացուցումների մասին։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 տեսակ, իսկ մեզ մոտ տարածված է դրանցից հինգը։

Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Օգտակար հատկությունները

Բուժում և կանխարգելում է հարբուխը, օժտված է ցավազրկող, խորխաբեր, հակաբորբոքային և հակասեպտիկ հատկություններով, մեղմում է հազը, օգտագործվում է գրիպի, բրոնխիտի, անգինայի և շնչառական այլ հիվանդությունների բուժման ժամանակ։

Նպաստում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի կարգավորմանը։

Ունի միզամուղ և լեղամուղ հատկություն։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, օգնում է հաղթահարել քրոնիկ հոգնածությունը, անքնությունը, բարձրացնում է աշխատունակությունը, ուժ տալիս։

Օգնում է ազատվել գլխացավից։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է վերքերն ու մաշկային հիվանդությունները բուժելու համար։

Նպաստում է ատամնացավի դադարեցմանը, օգտագործվում է բերանի խոռոչի բորբոքման դեպքում, վերացնում է բերանի տհաճ հոտը։

Օգնում է պայքարել ռևմատիզմի, ռադիկուլիտի, հոդացավի և մկանային ցավի դեմ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում տղամարդու սեռական ոլորտի վրա, մեծացնում է պոտենցիան, նվազեցնում պրոստատիտի առաջացման վտանգը։

Օգտագործվում է գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ։

Հակացուցումները

Ուրցը հակացուցված է հղի կանանց, ինչպես նաև խոցային, վահանաձև գեղձի, երիկամների ու լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ուրցը բուժման նպատակով օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։