Հեմատոմետրա

31.10.2018389

Հեմատոմետրան արյան կուտակումն է արգանդի խոռոչում։ Ախտաբանական վիճակ է, որ դիտվում է ծննդաբերությունից, աբորտից, արգանդի քերումից հետո։ Եթե կուտակված արյունն արգանդում ինֆեկցվում է, պիոմետրա է դիտվում։ Հեմատոմետրայի զարգացման գլխավոր վտանգն արյան կորուստն ու ինֆեկցումն է։

Առաջացման պատճառները

Արյունն արգանդի խոռոչում է կուտակվում արգանդի պարանոցում առկա մեխանիկական խոչընդոտի պատճառով, որը խանգարում է արյան հոսքին (այդպիսի խոչընդոտ կարող է լինել ուռուցքը, պոլիպը կամ պտղաթաղանթը), արգանդի պարանոցի օղի սպազմի, սեռական օրգանների զարգացման անոմալիաների հետևանքով։

Հնարավոր պատճառների շարքում են նաև արգանդի պարանոցի կամ հեշտոցի չարորակ նորագոյացությունները, արգանդի պարանոցի բնածին անոմալիաները, ստենոզը, որն առաջանում է տարիքային փոփոխությունների պատճառով, ներքին սեռական օրգանների վիրաբուժական միջամտությունները, ճառագայթային թերապիան և այլն։ Երբեմն հեմատոմետրան հղիության գործիքային ընդհատման, կեսարյան հատման բարդություն է լինում։

Ախտանշանները

Բնորոշ ախտանշաններն են՝

  • որովայնի ստորին շրջանի ցավ, որը պարբերաբար ջղակծկման նման է դառնում, 
  • արյունահոսության կտրուկ դադարում, 
  • դեղորայքային աբորտից հետո ցանկացած բնույթի արտադրության բացակայություն, 
  • որովայնում ծանրության զգացում, 
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում, 
  • տախիկարդիա, 
  • զարկերակային հիպոտոնիա, 
  • թուլություն, 
  • գլխապտույտ, 
  • գիտակցության կորուստ և այլն։ 

Ախտանշանների արտահայտվածությունը կախված է արյունահոսության աստիճանից։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է ՈւՁՀ-ի միջոցով։

Բուժումը

Հեմատոմետրիայի բուժումը մի քանի փուլով է ընթանում։ Առաջին հերթին արգանդի խոռոչից դատարկվում է պարունակությունը։ Այդ նպատակով դեղորայքային թերապիա է նշանակվում, որը ներառում է արգանդի կծկումները խթանող միջոցներ, օրինակ՝ օքսիտոցին։

Հարկավոր է լինում նաև հեմոդինամիկայի ցուցիչների մշտադիտարկում անել։ Դեղորայքային թերապիայի անարդյունավետության դեպքում արգանդի պարունակությունը արտածծվում է հատուկ միջամտությամբ։ Բուժման երկրորդ փուլն անհրաժեշտ է սեռական օրգանների անոմալիաների առկայության դեպքում։ Այն ենթադրում է հեմատոմետրայի անմիջական պատճառի վերացում: Ծանր դեպքերում արգանդի հեռացման անհրաժեշտություն է առաջանում։

Բարդություններից են՝

  • երկրորդային վարակում և արգանդում վարակիչ-բորբոքային պրոցեսի զարգացում՝ էնդոմետրիտ, 
  • պիոմետրա (թարախի կուտակում արգանդի խոռոչում), 
  • պերիտոնիտ (վարակի տարածում որովայնի խոռոչի օրգաններում), 
  • պելվիոպերիտոնիտ, 
  • սեպսիս,
  • անպտղություն և այլն։ 

Կանխարգելումը

Հեմատոմետրայի կանխարգելումը ենթադրում է փոքր կոնքի օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդությունների (էնդոմետրիտ, վուլվովագինիտ, սալպինգոօֆորիտ և այլն) վաղ հայտնաբերում և պատշաճ բուժում, քանի որ ներքին սեռական օրգանների բորբոքումները հանգեցնում են կպումների առաջացման։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար դիմել գինեկոլոգիական կանխարգելիչ խորհրդատվության։