Վիտամին A․ դերն օրգանիզմում

01.10.2018890

Վիտամին A-ն (ռետինոլ և այլ ռետինոիդներ) և պրովիտամին A-ն (β- կարոտին և այլ կարոտինոիդներ) ազդում են մարդու գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա։

Դերն օրգանիզմում

Մեծ դեր է խաղում իմունային համակարգի աշխատնքում, օրգանիզմը պաշտպանում է տարատեսակ վիրուսներից և վարակներից։

Կարևոր է նաև սրտանոթային համակարգի համար, թույլ չի տալիս, որ վնասակար խոլեստերին կուտակվի։

Նպաստում է էնդոկրին համակարգի բնականոն աշխատանքին։

Այդ վիտամինի քանակից է կախված մաշկի վիճակը, վնասված հյուսվածքի վերականգնումը։

Շատ կարևոր է տեսողության համար, ազդում է աչքի ցանցաթաղանթի, լույսի ընկալման, ինչպես նաև գունային ընկալման վրա։

Մասնակցում է նոր բջիջների կազմավորմանն ու աճին։

Օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ և նպաստում է ծերացման դանդաղեցմանը, կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։

Հղիության ընթացքում այն անհրաժեշտ է ոչ միայն մորը, այլև զարգացող պտղին։

Խիստ կարևոր է երեխաների ու դեռահասների ֆիզիկական և հոգեբանական բնականոն զարգացման համար։

Օրական պահանջը

Վիտամին A-ի օրական պահանջը կախված է սեռից, տարիքից, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունից, քաշից, անգամ կլիմայից և տարվա եղանակից։

Վիտամին A պարունակող մթերքներ

Վիտամին A-ն պարունակվում է կենդանական ծագման մթերքներում, իսկ պրովիտամին A-ն՝ բուսական ծագման մթերքներում և կաթնամթերքում։

Վիտամին A-ի աղբյուրները՝

  • լյարդ, 
  • կարագ, 
  • թթվասեր, կաթնաշոռ, 
  • ձվի դեղնուց, 
  • ծովային ձկների լյարդ և այլն։ 

Պրովիտամին A-ի աղբյուրները՝

  • ծիրան, 
  • գազար, 
  • դդում, 
  • մաղադանոս, 
  • սպանախ և այլն։

Վիտամին A-ի անբավարարություն

Վիտամինի պակասն անդրադառնում է առաջին հերթին տեսողության վրա։ Հնարավոր է, որ դիտվի մաշկի և լորձաթաղանթի չորություն, հարբուխ, դաշտանային ցիկլի խանգարում, ոսկրային հյուսվածքի քայքայում, մազերի և եղունգների դյուրաբեկություն, անպտղություն (տղամարդկանց դեպքում), մարսողական, էնդոկրին, միզասեռական և այլ համակարգերի հիվանդություններ և այլն։

Վիտամին A-ի ավելցուկ

Վիտամինի ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը։ Այն արտահայտվում է մազերի, եղունգների և մաշկի խնդիրներով, հոդացավով, ներքին օրգանների հիվանդություններով, լյարդի մեծացմամբ և շատ ու շատ այլ խնդիրներով։

Նշենք, որ վիտամին A-ի ավելցուկը չի առաջանում սննդամթերքից, հատկապես, եթե այն հավասարակշռված է լինում, հիմնական պատճառը այն պարունակող դեղամիջոցներն են։