Մաշկի չորություն

05.10.20181503

Մաշկի հիմնական տեսակներից մեկը չոր մաշկն է, որն արտահայտվում է ձգվածության զգացմամբ, թեփոտվածությամբ, բարձր գրգռվողականությամբ, ծակոտիների քչությամբ և այլն։ Եթե երիտասարդ տարիքում դեմքի չոր մաշկը նուրբ, շղարշե տեսք է ունենում, ապա տարիքին համընթաց և չխնամելու դեպքում սկսում է վատանալ, և կնճիռներ են ի հայտ գալիս։

Ջրի դերը

Մաշկի բնականոն աշխատանքի և արտաքին տեսքի պահպանման գործում մեծ դեր է խաղում խոնավացումը։ Հեղուկը սնուցում է մաշկի բջիջները, ապահովում նրա առաձգականությունն ու ամրությունը։ Ջրի պակասի դեպքում մաշկը դառնում է չոր, կնճռոտ, դյուրագրգիռ ու զգայուն։

Մաշկի չորությունը խորանում է մի շարք գործոնների ազդեցությամբ՝ ցուրտ, քամի, չոր օդ, արևի ճառագայթներ, ալկոհոլ, ծխախոտ, քլորացված ջուր, սպիրտային լոսյոններ, օճառներ, A, E և B վիտամինների պակաս և այլն։

Մաշկի չորության պատճառները

Օրգանիզմի անհատական և տարիքային առանձնահատկությունները, սխալ խնամքը մեծ ազդեցություն են թողնում ճարպագեղձերի աշխատանքի վրա, որոնք մաշկը պաշտպանում են խոնավության կորստից։ Ճարպագեղձերի աշխատանքը կարգավորվում է էնդոկրին ճանապարհով, իսկ որոշ դեպքերում կարող է կախված լինել ժառանգականության գործոնից։

Տարիքին համընթաց օրգանզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները նվազեցնում են ճարպագեղձերի աշխատանքը և դանդաղեցնում են ճարպի արտադրությունը։

Մաշկի չորության կարող են հանգեցնել նաև թերսնուցումը, անառողջ սնունդը, վիտամինների և հանքանյութերի պակասը, ինչպես նաև վնասակար արտադրամասերում աշխատելը։ Այդ բոլոր գործոնները շղթայական փոփոխություններ են առաջացնում՝ դառնալով արյան միկրոշրջանառության խանգարման պատճառ։

Մաշկի չորությունից ազատվելու մեթոդները

Հիմնական մեթոդն այդ հարցում բավականաչափ խոնավացումն է, ինչը հնարավոր է անել հատուկ խոնավացնող քսուքների և ամենագլխավորը՝ ջրի օրվա պահանջը բավարարելու միջոցով։