Բնական և արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաներ․ կա՞ տարբերություն

28.09.20181767

1978 թվականին Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ եկավ արտամարմնային բեղմնավորման առաջին պտուղը։ Երեխայի լույս աշխարհ գալուց հետո մեթոդի քննադատության ալիք բարձրացավ հասարակության մեջ, մարդիկ կարծում էին, որ այդ մեթոդով ծնված երեխաները տարբերվում են (բնականաբար վատ առումով) բնական եղանակով բեղմնավորված երեխաներից։

Նմանատիպ վեճերը չեն լռում նաև այսօր։ Հարցը բախվում է նաև մարդկանց կրոնական հայացքներին, Աստծո գոյությանը, արարչության փիլիսոփայական հիմքին։ Բավականին երկար ժամանակ մի տեսություն էր շրջանառվում, ըստ որի՝ ԱՄԲ-վ ծնված երեխաներն իրենք են անպտղություն ունենալու։ Այդ պնդումն այլևս ակտուալ չէ, քանի որ ԱՄԲ-ով ծնված բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում արդեն իսկ շարունակում են իրենց սերունդը հենց բնական բեղմնավորման միջոցով, ինքնուրույն։

Մեկ այլ պնդման համաձայն ԱՄԲ-ով ծնված երեխաները ֆիզիկական և հոգեկան տարաբնույթ հիվանդություններ ունեցողների ռիսկային խմբում են։ Նախկինում անգամ ասում էին, որ այդ երեխաների 75%-ը հաշմանդամ է։

Վերջին հետազոտություների փաստմամբ ԱՄԲ-ով ծնված երեխաները ոչնչով չեն տարբերվում բնական բեղմնավորմամբ ծնված երեխաներից։ Բժշկագիտության տեսանկյունից նրանց միջև տարբերությունների առաջացման ոչ մի նախադրյալ չկա։

Մի պարզ օրինակ բերենք։ Պատկերացրեք երկու ձու, որոնցից մեկը պահվում է մոր տակ, իսկ մյուսը՝ ինկուբատորում։ 24 ժամ անց այդ նույն ձուն հանում են և դնում մոր տակ, բարեհաջող կերպով երկու ճուտ է ծնվում։ Ինքներդ մտածեք, կա՞ տարբերություն։ Կամ, օրինակ, բեղմնավորման դիրքն ազդու՞մ է ապագա երեխայի առողջության վրա, իհարկե ոչ։

ԱՄԲ-ն գենետիկ նյութի «խմբագրում» չի անում, որևէ կերպ չի ազդում դրա վրա։ Այն ըստ էության ջանում է առավելագույնս կրկնօրինակել բոլոր այն պրոցեսները, որոնք ընթանում են կնոջ օրգանիզմում բեղմնավորման ընթացքում և դրանից հետո։ Այդ պատճառով էլ տարբերությունների առաջացման գիտական ոչ մի նախադրյալ չկա։

Այդուհանդերձ կա երկու փաստ, որոնց մասին պետք է ասել։ ԱՄԲ-ի դեպքում մեծամասամբ բազմապտուղ հղիություն է գրանցվում, որի արդյունքում մեծանում է վաղաժամ ծննդաբերության, կեսարյան հատման, փոքր քաշով երեխաների ծնվելու հավանականությունը։

Այդ, սակայն, բուն տեխնոլոգիայի խնդիրը չէ, նույնը լինում է նաև բնական բազմապտուղ հղիության դեպքում։ ԱՄԲ-ի կողմնակիցներն էլ ասում են, թե այդ եղանակով ծնված երեխաներն ավելի արագ ու լավ են զարգանում, քան իրենց հասակակիցները։ Ոչ, կրկին այդ ոչ թե ԱՄԲ տեխնոլոգիայի հետևանքն է, այլ ծնողների ուշադրության և արտաքին այլ գործոնների․ չէ՞ որ երկար սպասված ծնունդ է։