Հեշտոցի կանդիդոզ

11.09.20181626

Բնական պայմաններում կնոջ հեշտոցում այսպես, թե այնպես սնկեր կան, սակայն խիստ փոքր քանակությամբ։ Սնկերն սկսում են ակտիվորեն բազմանալ և ախտանշաններով դրսևորվել որոշակի պայմաններում, ընդ որում՝ հիմնական գործոնն իմունիտետի անկումն է։

Օրգանիզմի դիմադրողական համակարգի թուլացման հիմնական պատճառներն են՝

  • հակամանրէային դեղորայքի ընդունում, 
  • քիմիաթերապիա,  
  • տուբերկուլյոզ, 
  • չարորակ նորագոյացություններ, 
  • բակտերիալ վագինոզ, 
  • ալերգիկ հիվանդություններ, 
  • վարակի քրոնիկ օջախների առկայություն, 
  • անձնական հիգիենայի կանոնների խախտում և այլն։ 

Հաճախ հեշտոցի կանդիդոզն առաջանում է հղիության ընթացքում, քանի որ բոլոր օրգան-համակարգերի ծանրաբեռնվածությունը կրկնապատկվում է, իմունիտետը՝ թուլանում։ Ախտորոշվում է հղիության առաջին և երրորդ եռամսյակում։

Տարեց կանայք նույնպես հաճախ են բախվում այդ խնդրին, ինչը պայմանավորված է հորմոնային ֆոնի խանգարմամբ։

Ախտանշանները

Հեշտոցի կանդիդոզի դեպքում պրոցեսն ընթանում է միայն էպիթելի արտաքին թաղանթում, ինչը նպաստում է տեղային ախտանշանների առաջացմանը։ Օգտակար միկրոօրգանիզմների քանակի նվազման հետևանքով հեշտոցում արագորեն զարգանում են ոչ միայն սնկերը, այլև այլ ախտածին միկրոֆլորան:

Տարբերում են պաթոլոգիայի երկու տեսակ՝ սուր և քրոնիկ (վերջինիս դեպքում հիվանդությունն ընթանում է առանց վառ արտահայտված ախտանշանների)։ Ընդ որում՝ կանդիդոզն ունենում է երեք տիպ՝թեթև, միջին և ծանր։

Ախտանշաններն են՝

  • կաթնաշոռանման առատ արտադրություն, 
  • ցավ վուլվայի հատվածում, 
  • միզարձակման խանգարում, քոր և այրոց, 
  • հեշտոցի լորձաթաղանթի այտուցվածություն, 
  • ցավ սեռական հարաբերության ընթացքում և այլն։  

Ախտանշանների արտահայտվածությունը կախված է հիվանդության ծանրության վերոնշյալ աստիճաններից։ Եթե հեշտոցի կանդիդոզն ուղեկցվում է բակտերիալ բնույթի այլ հիվանդությամբ, ապա կարող են ոչ միայն տեղային ախտանշաններ դիտվել՝ քոր, այրոց, ցավ, տհաճ հոտ, այլև ընդհանուր՝ ջերմության բարձրացում, թուլություն և արագ հոգնելիություն, գլխացավ, դյուրագրգռություն և այլն։

Բուժումը

Ներկայում կանդիդոզի բուժումը բավականին հեշտ է, եթե իհարկե հիվանդությունը չի տարածվել ամբողջ օրգանիզմում կամ հեշտոցում այլ հիվանդություն չի առաջացրել։ Սովորաբար կնոջը սեռական հանգիստ, սննդակարգի կարգավորում, հակաբիոտիկների և հորմոնային դեղորայքի դադարեցում է նշանակվում։

Բուժումը նաև ընդհանուր և տեղային հակասնկային միջոցների կիրառում է ենթադրում, մասնավորապես՝ հակասնկային հաբեր, քսուքներ, մոմիկներ և գելեր, որոնց ընտրությունը կատարում է միայն բժիշկը՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո։ Հղիության ընթացքում նշանակվում են այդ շրջանում թույլատրելի դեղամիջոցներ։ Հարկավոր է բուժումն իրականացնել բժշկի վերահսկողությամբ, որպեսզի խնդիրը քրոնիկ չդառնա։