ՍԱԼՈՐ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

29.08.201813520

Սալորը վիտամիններով և հանքանյութերով հարուստ միրգ է, որը նաև ամրացնում է մեր առողջությունն ու պաշտպանում տարատեսակ հիվանդություններից։

Պարունակում է վիտամին A, C, E, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, սննդային թելիկներ, օրգանական թթուներ, պեկտինյան և ազոտային նյութեր, դաբաղանյութեր, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ ֆոսֆոր, կալիում, կալցիում, նատրիում, երկաթ, մագնիում, մանգան, նիկել, պղինձ և այլն։

Կալորիականությունը

100 գրամ սալորի կալորիականությունը 45 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը, օգնում կանխարգելել հարբուխը։

Լավացնում է արյան բաղադրությունը, ամրացնում է անոթները և պաշտպանում թրոմբի առաջացումից։

Նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը, կարգավորում է արյան ճնշումը, օգտակար է հիպերտոնիա ունեցող մարդկանց։

Բարենպաստ ազդեցություն է թողնում երիկամների վրա, օժտված է միզամուղ հատկությամբ, օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկն ու աղը։

Ունի լուծողական թույլ ազդեցություն, նպաստում է աղիների մաքրմանը, ուստի ցուցված է փորկապություն ունեցող մարդկանց։

Ցուցված է նաև ռևմատիզմ և հոդատապ ունեցողներին։

Ամրացնում է նյարդային համակարգը, օգնում սթրեսի և դեպրեսիայի դեմ պայքարում, կարգավորում է քունը։

Լավացնում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը։

Հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է, բարենպաստ ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, օգնում պահպանել երիտասարդությունը, երկարացնել կյանքը և կանխել բազմաթիվ հիվանդություններ։

Հակացուցումները

Խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետի, ճարպակալման դեպքում, ինչպես նաև կրծքով կերակրման շրջանում։