Էրիթրոցիտների առկայությունը մեզում (էրիթրոցիտուրիա)․ բնույթն ու ախտանշանները

31.07.20182100

Էրթրոցիտները մաքրում են օրգանիզմը թունավոր և վնասակար այլ նյութերից, որոնք ունակ են ինքնաթունահարություն առաջացնել։ Բորբոքման և հիվանդությունների դեպքում բջիջների խտությունը շեշտակի մեծանում է։

Էրիթրոցիտուրիան հայտնաբերվում է այնտեղ, որտեղ տեղակայված է բորբոքումը կամ վարակը։ Էրիթրոցիտների առկայությունը մեզում որոշվում է լաբորատոր հետազոտությամբ՝ մեզի ընդհանուր հետազոտություն և հետազոտություն ըստ Նեչիպորենկոյի։

Որպես կանոն՝ մեզում չպետք է էրիթրոցիտներ լինեն, կամ էլ դրանց մակարդակը տեսադաշտում պետք է լինի առավելագույնը 3-ը , մնացյալ բոլոր դեպքերում շեղում է համարվում։

Ինչո՞ւ է մեզում բարձրանում էրիթրոցիտների մակարդակը։ Ցուցանիշների ֆիզիոլոգիական մեծացումը դիտվում է հետևյալ վիճակներում՝

  • դաշտան, 
  • ալկոհոլային ինքնաթունահարություն, 
  • ուժգին սթրես, 
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, 
  • կծու և համեմունքներով հարուստ սննդի չարաշահում և այլն։ 

Կեղծ արդյունք է դիտվում, երբ կինն անալիզի նմուշը վերցնում է դաշտանի ընթացքում (չնայած լվացման և նմուշառման կանոնների պահպանմանը, այնուամենայնիվ որոշակի քանակով բջիջներ անցնում են մեզի մեջ)։

Ախտաբանական էրիթրոցիտուրիան դիտվում է հետևյալ հիվանդությունների դեպքում՝

  • միզասեռական համակարգի հիվանդություններ (ցիստիտ, ուրետրիտ, կոլպիտ), 
  • միզաքարային հիվանդություն, 
  • միզապարկի կամ երիկամների վնասվածք, 
  • միզասեռական համակարգի նորագոյացություններ, 
  • երիկամների հիվանդություն (պիելոնեֆրիտ, նեֆրիտ, նեֆրոտիկ համախտանիշ և այլն),
  • երիկամային ծագման անոթային բարձր ճնշում, 
  • արգանդային ախտաբանական արյունահոսություն, 
  • գինեկոլոգիական հիվանդություններ (արգանդի պարանոցի էրոզիա), 
  • թրոմբոցիտոպենիա, 
  • հեմոֆիլիա և այլն։

Մեզում էրիթրոցիտների առկայության վերջնական պատճառը պետք է պարզի բժիշկը, ըստ այդմ՝ հաճախ հավելյալ հետազոտություններ են նշանակվում։

Ախտանշանները

Էրիթրոցիտուրիան հազվադեպ է առանց ախտանշանների ընթանում, սովորաբար կինն արագ է ախտաբանական փոփոխություններ նկատում։ Ախտանշանները տարբեր են լինում՝ կախված բորբոքային պրոցեսի տեղակայումից։ Մեզի գույնն սկսում է փոխվել։ Եթե աննշան էրիթրոցիտուրիայի դեքում այդ աննկատ է, ապա արտահայտված լինելու դպքում մեզում արյուն է ի հայտ գալիս։

Հիմնական ախտանշաններն են՝

  • ցավ որովայնի ստորին շրջանում, 
  • միզարձակման հաճախակիություն, 
  • ցավ միզելուց առաջ կամ հետո, 
  • ջերմության բարձրացում, 
  • ընդհանուր թուլություն, 
  • գլխացավ, 
  • մեջքի ցավ, 
  • ախորժակի բացակայություն կամ սրտխառնոց, 
  • անոթային ճնշման բարձրացում, 
  • մեզում արյան առկայություն, 
  • արյունային արտադրություն հեշտոցից և այլն։ 

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել կենսանյութի հավաքմանը։ Այդ հարցում սխալը կարող է խեղաթյուրել հետազոտության արդյունքները։ Անալիզը պետք է հանձնել ստերիլ տարայով և սեռական օրգանները լավ լվանալուց հետո։

Սովորաբար ցուցիչները բարձրանում են սպիտակուցի և լեյկոցիտների քանակի մեծացմանը զուգահեռ, ինչը վկայում է հիվանդության ինֆեկցիոն բնույթի մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անտեսել նկատվող ախտանշանները։

Կարդացեք՝ Էրիթրոցիտուրիայի վտանգն ու բուժման առանձնահատկությունները