Ինչ բաղադրություն ունի կրծքի կաթը

Ինչ բաղադրություն ունի կրծքի կաթը

Կրծքի կաթը պարունակում է մոտ 200 հայտնի, ինչպես նաև դեռևս անհայտ բաղադրամասեր: Յուրաքանչյուր կենդանու կաթը հարմար է իր ձագի պահանջներին, կովերն արագ են մեծանում՝ խոշոր մկաններով և ոսկրերով, իսկ երեխաները դանդաղ են աճում՝ ուղեղի արագ զարգացմամբ: Մայրական կաթը հատուկ հարմարվում է իր երեխայի պահանջներին: 

Կաթնախեժը և կրծքի կաթը հարմարեցված են երեխայի հեստացիոն տարիքին, իսկ հասուն կաթը փոփոխվում է կերակրումից կերակրում, օրեցօր և ամսեամիս՝ միշտ հարմարվելով երեխայի պահանջներին: Կրծքի կաթի բաղադրամասերն երեխային ապահովում են ինչպես սննդով, այնպես էլ մարսողությանը, աճին ու զարգացմանը նպաստող գործոններով և պաշտպանում են վարակներից: Այդ բաղադրամասերը, երեխայի աճին զուգընթաց, որոշակի տարիքում չեն անհետանում, այլ պահպանվում են: 

Սպիտակուց: Կրծքի կաթում սպիտակուցի քանակը և որակը կատարյալ է երեխայի աճի և ուղեղի զարգացման համար: Սպիտակուցի խտությունը (0,9գ 100 մլ-ում) ցածր է կենդանու կաթի համեմատ: Սպիտակուցի մեծ քանակությունը կենդանական կաթում (կովի կաթում՝ 3,5գ 100մլ-ում) ծանրաբեռնում է երեխայի դեռևս չհասունացած երիկամները և մարսողական համակարգը: Կրծքի կաթը կենդանու կաթի համեմատ ավելի քիչ է պարունակում կազեին կոչվող սպիտակուցը, բացի ղրանից կրծքի կաթի կազեինը այլ մոլեկուլյար բաղադրություն ունի: 

Այն ավելի նուրբ փաթիլներով է մակարդվում, քան այլ կաթերի սպիտակուցը և այդ պատճառով ավելի հեշտ մարսվող է: Կրծքի կաթի շիճուկային կամ լուծվող սպիակուցը հիմնականում ալֆալակտալբումինն է, իսկ կովի կաթինը՝ բետալակտագլոբուլինը, որի նկատմամբ որոշ երեխաներ անհանդուրժողականություն են ցուցաբերում, որի արդյունքը լինում է ցանը, փորլուծությունը և այլ ախտանշաններ: Կրծքի կաթում սպիտակուցի քանակը կախված չէ մոր ընդունած սննդից: 

Ճարպ: Կրծքի կաթը պարունակում է 3, 5 գ ճարպ 100 մլ-ում և ապահովում է կաթի էներգիայի մոտ կեսը: Ճարպի քանակը ցածր է կերակրման սկզբում (առաջնային կաթ) և հագեցնում է երեխայի ծարավը: Այն բարձրանում է կերակրման վերջում (հետին կաթ) և հագեցնում է երեխային: Ճարպի քանակը տատանվում է կերակրումից կերակրում: 

Կրծքի կաթի էնզիմները (լիպազան) սկսում են ճարպի մարսումը, այնպես, որ ճարպի էներգիան արագ հասանելի է երեխայի համար: Կաթնախառնուրդները չեն փոփոխվում կերակրումից կերակրում և չեն պարունակում մարսողական էնզիմներ: Կրծքի կաթի ճարպում պարունակվում են երկար շղթայով չհագեցած ճարպաթթուներ` դոկսահեքսաենոթթու (DHA) և արախիդոնաթթու (ARA), որոնք կարևոր են ուղեղի և աչքերի զարգացման համար և բացակայում են այլ կենդանիների կաթերում: Որոշ կաթնախառնուրդներում այղ ճարպաթթուներն ավելացվում են, սակայն նույնքան արդյունավետ չեն ազդում, ինչպես կրծքի կաթում պարունակվողները: Կրծքի կաթում բարձր է խոլեստերոլի մակարդակը, որը նպաստում է երեխայի օրգանիզմի տոլերանաությանը ամբողջ կյանքի ընթացքում: 

Ճարպի տեսակը կրծքի կաթում կարող է փոփոխվել կախված մոր օրաբաժնից: Եթե մոր օրաբաժինը շատ չհագեցած ճարպաթթուներ է պարունակում, ապա նրա կաթը հարուտ է չհագեցած ճարպաթթուներով: Այնուամենայնիվ ճարպի ընդհանուր քանակը չի տատանվում, բացառությամբ այն դեպքերի, Երբ մայրը ծայրահեղ է թերսնվում և չունի ճարպի պաշարներ: 

Ածխաջրատներ: Կրծքի կաթի հիմնական ածխաջրատը լակտոզան է՝ մոտ 7գ 100 մլ-ում (քանակն օրվա ընթացքում տատանվում է): Լակտոզան էներգիայի կարևոր աղբյուր է, նպաստում է կալցիումի ներծծմանը և աղիքներում կանխում է ախտածին միկրոբների աճը: 

Լակտոզայի առկայությունը կրծքով կերակրվող երեխայի կղանքում անհանդուրժողության նշան չէ: Ոչ բոլոր արհեստական կաթնախառնուրդներն են պարունակում լակտոզա: Երեխային լակտոզա չպարունակող կաթնախառնուրդներով կերակրելու հետևանքները հայտնի չեն: Կրծքի կաթում պարունակվում են նաև օլիգոսախարիդներ, որոնք նույնպես պաշտպանում են ինֆեկցիաներից: 

Վիտամիններ և միներալներ: Սովորաբար կրծքի կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր վիտամինները, եթե մայրն ինքը վիտամինային անբավարարություն չունի: Բացառություն է վիտամին D-ն: Կրծքի կաթը հատկապես հարուստ է վիտամին A-nվ և C-ով, որոնք կարևոր պաշտպանական նշանակություն ունեն: 

Երկաթի և ցինկի պարունակությունը կրծքի կաթում ցածր է, սակայն դրանք շատ լավ են ներծծվում բացառապես կրծքով կերակրվող երեխայի աղիքներից, մասամբ պայմանավորված նրանով, որ կրծքի կաթը պարունակում է հատուկ տեղափոխող գործոններ: Կաթնախառնուրդներին մեծ քանակությամբ երկաթ է ավելացվում, քանի որ այն լավ չի ներծծվում: Երկաթի ավելորդ քանակը նպաստում է ախտածին միկրոբների աճին: 

Կյանքի առաջին 6-8 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրվող երեխան շատ հագվաղեպ կարող է երկաթպակասային սակավարյունություն ունենալ, եթե ծնվել է հասուն, առողջ, պորտալարը ժամանակից շուտ չի կտրվել և մայրը երկաթի անբավարարություն չունի: 

Ջուր: Կրծքի կաթը հարուստ է ջրով: Երեխան, որին թույլ է տրվում կերակրվել որքան ցանկանում է, հավելյալ ջրի կարիք չունի նույնիսկ շատ շոգ, չոր կլիմայական պայմաններում: Ջուր կամ այլ հեղուկներ տալը, ինչպիսին է թեյը, կարող է խանգարել կրծքի կաթի արտադրությանը, քչացնել երեխայի ընդունած սնուցողական նյութերի քանակը և ավելացնել երեխայի վարակվելու հավանականությունը: 

Համ: Կրծքի կաթի համը պայմանավորված է նրանով, թե մայրն ինչ է ուտում: Տարբեր համերն օգնում են երեխային ընտելանալու ընտանեկան սննդի համին և հեշտացնում է 6 ամսականից հետո այդ սննդատեսակներին անցնելը: Արհեստական կաթնախառնուրդները միշտ նույն համն ունեն և այդ համը չի առնչվում հետագայում երեխայի կերած որևէ այլ սննդատեսակի համին: 

Հակաինֆեկցիոն գործոններ: Կրծքի կաթը պարունակում է մի շարք հակաինֆեկցիոն գործոններ, այդ թվում`

• իմունոգլոբուլիններ, հատկապես սեկրետոր իմունոգլոբուլին A. որը պատում է երեխայի աղիքների լորձաթաղանթը պաշտպանելով միկրոբներից և ալերգեններից, 

• լեյկոցիտներ, որոնք կարոդ են քայքայել միկրոբները, 

• շիճուկային սպիտակուցներ (լիզոցիմ և լակտոֆերին), որոնք սպանում են միկրոբներին, վիրուսներին և սնկերին, բացի դրանից լակտոֆերինը կապում է երկաթը` կանխարգելելով ախտածին միկրոբների կողմից ղրանց օգտագործումն ու աճը, 

• օլիգոսախարիդներ, որոնք կանխում են աղիքների պատերի բջիջներին միկրոօրգանիգմների կպչելը, 

• աճի գործոններ, որոնք նպաստում են երեխայի աղիքների պատի բջիջների աճին` աջակցելով միկրոօրգանիզմների և ալերգենների նկատմամբ բարիերի զարգացմանը և վարակների պատճառած վնասի վերականգնմանը, 

• բիֆիդում ֆլորայի աճը խթանող գործոն, որը խթանում է lactobacillus bifidus-ի աճը և քիչ հնարավորություն է թողնում ախտածին միկրոբների բազմացման համար: 

Երբ մայրը հանդիպում է որևէ վարակի, նրա մարմինը հակամարմիններ է արտադրում տվյալ վարակի նկատմամբ, որոնք երեխային անցնում են կրծքի կաթի միջոցով: Արհեստական կաթնախառնուրդը չի պարունակում կենդանի բջիջներ, հակաինֆեկցիոն գործոններ և չի կարող երեխային ակտիվորեն պաշտպանել վարակներից:

 

 

Մանկաբուժություն: Ուս. ձեռնարկ, ԵրՊԲՀ հրատ.

 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար