Պտղի ջրգողություն․ բուժումը

09.07.2018894

Կարդացեք՝ Պտղի ջրգողություն․ պատճառներն ու ախտորոշումը

Պտղի զարգացման՝ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատ հայտնաբերելու դեպքում (հղիության 1-2-րդ եռամսյակ) կնոջն առաջարկվում է ընդհատել հղիությունը։ Հրաժարվելու դեպքում շարունակում են հսկել հղիության ընթացքը և ձգտում հասնել այն ժամկետներին, որոնց դեպքում հնարավոր է պրենատալ թերապիա անցկացնել։

Պտղի ջրգողության բուժումը ենթադրում է կորդոցենտեզի անցկացում և արյան փոխներարկում պորտալարի մեջ։ Անհրաժեշտության դեպքում արյան փոխներարկումը կրկնվում է 2-3 շաբաթ անց։ Երկվորյակի ֆետոֆետալ տրանսֆուզիայի հայտնաբերման դեպքում կատարվում է պտուղներին միացնող անոթների լազերային կոագուլյացիա։

Պրենատալ բուժման անհնարինության դեպքում գնահատվում է վաղաժամ ծննդաբերության վտանգի աստիճանը պտղի անտենատալ մահվան համեմատ և ծննդալուծումն իրականացնում են ժամանակից շուտ (նշանակվում են պտղի թոքերի զարգացումն արագացնող դեղամիջոցներ)։

Ծննդալուծումից առաջ (սովորաբար պլանային է լինում) պատրաստվում են ջրգողությամբ երեխայի ծնվելուն։ Ծնարանը պետք է հագեցած լինի սիրտ-թոքային վերակենդանացման սարքավորումներով, կազմվում է ռեանիմացիոն բրիգադ՝ 2-3 ռեանիմատոլոգով և 2-3 նեոնատոլոգով։

Ծնվելուց և վերակենդանացման միջոցառումներից անմիջապես հետո կատարվում է պերիկարդիոցենտեզ (ասեղնածակման միջոցով հարսրտային հատվածից հեղուկի հեռացում), պլևրալ ասեղնածակում և լապարոցենտեզ (հեղուկի հեռացում որովայնի խոռոչից)։

Պորտային զարկերակում կատետր է դրվում հետագայում էրիթրոցիտային զանգվածի կամ արյան ինֆուզիայի համար։

Կանխատեսումներ

Պտղի ոչ իմունային ջրգողության դեպքում կանխատեսումը դրական չէ և, կենդանի մնացող երեխաների տոկոսը կազմում է 20-33%: Առաջին եռամսյակում զարգացող պտղի ջրգողության դեպքում հղիությունը սովորաբար ավարտվում է ինքնաբեր վիժմամբ, երկրորդ և երրորդ եռամսյակներում մեծանում է պտղի անտենատալ մահվան վտանգը։

Պտղի իմունային ջրգողության դեպքում ելքն ավելի հուսադրող է, պրենատալ և պոստնատալ բուժման արդյունավետությունը հասնում է 80-90%-ի։