Պտղի ջրգողություն․ պատճառներն ու ախտորոշումը

05.07.2018970

Պտղի ջրգողություն է կոչվում այն ախտաբանական վիճակը, որի դեպքում օրգանիզմի բոլոր խոռոչներում հեղուկ է կուտակվում, և ամբողջ մարմինն այտուցվում է։ Հիմնականում պտղի ջրգողությունը դիտվում է ռեզուս-կոնֆլիկտային հղիության և նորածնի հեմոլիտիկ հիվանդության դեպքում։ Այդ վիճակը հանդիպում է 1:1000/14000 հարաբերությամբ։ Տարբերում են իմունային և ոչ իմունային ջրգողություն։

Առաջացման պատճառները

Պտղի իմունային ջրգողության առաջացման հիմնական պատճառը նրա հեմոլիտիկ հիվանդությունն է։ Առանձնացվում են հետևյալ գործոնները՝

  • պտղի քրոմոսոմային ախտաբանություն (Դաունի համախտանիշ, մոզաիցիզմ, տրիսոմիաներ, Շերեշևսկի-Թերների համախտանիշ և այլն), 
  • գենային հիվանդություններ՝ գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի պակաս, A-թալասեմիա, ախոնդրոգենեզ, ախոնդրոպլազիա և այլն, 
  • կրծքային խոռոչի զարգացման արատներ՝ կրծքավանդակի դիսպլազիա, ստոծանու ճողվածք և այլն, 
  • միզարձակման համակարգի զարգացման արատներ՝ բնածին նեֆրոտիկ համախտանիշ, երիկամների և միզապարկի արատներ և այլն, 
  • սրտանոթային պաթոլոգիա՝ կարդիոմիոպատիա, սրտի բնածին արատներ, անատոմիական ձևախեղումներ և այլն, 
  • ընկերքի խորիոանգիոմա, 
  • բազմապտուղ հղիություն՝ ֆետոֆետալ տրանսֆուզիա, ակարդիալ երկվորյակ, 
  • հղիության ընթացքում մոր տարած ինֆեկցիոն հիվանդություններ՝ ցիտոմեգալովիրուս, սիֆիլիս, տոքսոպլազմոզ և այլն, 
  • հղիության բարդացում՝ ծանր անեմիա, պրեէկլամպսիա, հիպոպրոտեինեմիա և այլն, 
  • փոխանակման բնածին խանգարումներ՝ Գոշեի հիվանդություն, մորկիոյի հիվանդություն, նեյրամինիդազի պակաս և այլն, 
  • գլխուղեղի և ողնուղեղի, միզարձակման համակարգի և մարսողական տրակտի, լյարդի բնածին ուռուցքներ, նեյրոբլաստոմա և այլն։ 

Ախտորոշումը

Պտղի ջրգողության ախտորոշումն ուղղված է պատճառի հայտնաբերմանը։ Առաջին հերթին որոշվում արյան կարգը և ռեզուս-գործոնը, որպեսզի հաստատվի կամ բացառվի ռեզուս-կոնֆլիկտը և պտղի իմունային ջրգողությունը։

Կատարվում է կյանքի անամնեզի վերլուծություն (նախկինում տարած ինֆեկցիոն հիվանդություններ, վիրահատություններ, քրոնիկ հիվանդություններ), մանկաբարձագինեկոլոգիական անամնեզի վերլուծություն (գինեկոլոգիական հիվանդությունների առկայություն, նախորդ հղիությունների ընթացքն ու ելքը և այլն), ուսումնասիրվում է ներկա հղիության ընթացքը, բարդությունները, քաշի ընդհանուր ավելացումը և այլն։ Ախտորոշման գլխավոր մեթոդը պտղի ՈւՁՀ-ն է։

ՈւՁՀ-ի նշաններից են՝

  • ընկերքի այտուցվածություն, 
  • ամնիոտիկ հեղուկի ավելցուկ՝ գերջրություն, 
  • այտուցվածության պատճառով պտղի խոշորություն, 
  • հեղուկի կուտակում պտղի օրգանիզմի բոլոր խոռոչներում, 
  • ենթամաշկային-ճարպային շերտի այտուցվածություն, 
  • գլխի, ձեռքերի և ոտքերի մաշկի այտուց, 
  • կարդիոմեգալիա (սրտի մեծացում), 
  • աղիների հաստացում (պատերի այտուցվածություն), 
  • լյարդի և փայծաղի մեծացում, 
  • Բուդդայի դիրք, 
  • շարժողական ցածր ակտիվություն։ 

ՈւՁՀ-ից հետո նշանակվում է ամնիոցենտեզ և կորդոցենտեզ՝ պտղի կարիոտիպը որոշելու, պտղի արյունը վերցնելու (հեմոգլոբինի և սպիտակուցի գնահատում) և ներարգանդային հնարավոր բուժման նպատակով։ Ներարգանդային վարակումը բացառելու նպատակով նշանակվում է ՊՇՌ հետազոտություն։

Կարդացեք՝ Պտղի ջրգողություն․ բուժումը