Ինչո՞վ է վտանգավոր արգանդի պարանոցի էրոզիան

03.07.20184060

Արգանդի պարանոցի էրոզիան գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ կին բախվում է այդ խնդրին, սակայն ոչ բոլորն են գլխի ընկնում դրա առկայության մասին։ Ինչո՞վ է վտանգավոր թաքնված էրոզիան։

Ի՞նչ է արգանդի պարանոցի էրոզիան

Արգանդի պարանոցի էրոզիան արգանդի պարանոցի արտաքին օղը շրջապատող լորձաթաղանթի ամբողջականության խախտումն է։ Տարբերում են իսկական և կեղծ էրոզիա։

Իսկական էրոզիան լորձաթաղանթի անմիջականորեն վնասված հատվածն է, որը ժամանակի ընթացքում պատվում է գլանաձև էպիթելով։ Այդ էպիթելը ոչ միայն նոր հատվածներ է «գրավում», այլև սկսում է սերտաճել վնասված լորձաթաղանթի մեջ, խորանալով դեպի արգանդի պարանոցը։ Այդ էլ հենց կեղծ էրոզիան է։

Ժամանակի ընթացքում գլանաձև էպիթելի վրա էրոզիոն գեղձեր են ձևավորվում, որոնք անընդհատ սեկրետ են արտադրում՝ հեռացնելով նոր ձևավորված հարթ էպիթելը։ Արդյունքում էրոզիան ընդլայնվում է և երբեմն կարող է արյունահոսել, երբեմն էլ՝ ոչ մի կերպ չարտահայտվել։ Հնարավոր է, որ տարիներ շարունակ վիճակը գաղտնի զարգանա:

Ինչու՞ էրոզիան ախտանշաններ չունի

Արգանդի պարանոցը նյարդային վերջավորություններ չունի, այդ պատճառով էլ ախտաբանական պրոցեսները ցավ չեն առաջացնում այդ հատվածում։ Էրոզիան, դիսպլազիան և անգամ քաղցկեղը կարող են տարիներ շարունակ իրենց զգալ չտալ։ Հաճախ էրոզիան հայտնաբերվում է պրոֆիլակտիկ զննման ընթացքում։ Իզուր չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս տարին առնվազն երկու անգամ դիմել պրոֆիլակտիկ գինեկոլոգիական խորհրդատվության։

Առաջացման պատճառները

Արգանդի պարանոցի էրոզիայի առաջացման հաճախ հանիպող պատճառներն են՝

  • վնասվածքներ, որոնք առաջացել են ծննդաբերության, գործիքային միջամտությունների հետևանքով, 
  • հորմոնային անհավասարակշռություն, 
  • հեշտոցում ընթացքող քրոնիկ բորբոքային պրոցեսներ՝ մանրէներով հարուցված ինֆեկցիաներ (քլամիդիաներ, տրիխոմոնադներ, միկոպլազմա և ուրեոպլազմա) և վարակներ (պապիլլոմավիրուս կամ հերպես)։ 

Ախտորոշումը

Արգանդի պարանոցի էրոզիան հնարավոր է հայտնաբերել գինեկոլոգիական սովորական զննման ընթացքում, սակայն արգանդի էպիթելի վնասվածության խորությունը որոշելու համար կատարվում են լաբորատոր հետազոտություններ՝

  • հորմոնների մակարդակի որոշման հետազոտությունը թույլ կտա բացառել էրոզիայի առաջացման հորմոնային գործոնը, 
  • մանրէաբանական և ցիտոլոգիական հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերելու բուն պատճառը, 
  • կոլպոսկոպիան թույլ կտա մանրակրկտորեն ուսումնասիրել էպիթելի վնասվածության խորությունը և դրա կառուցվածքը, 
  • բիոպսիան կամ ՊԱՊ քսուքը (նշանակվում է էպիթելային բջիջների վերափոխման կասկածի դեպքում) թույլ կտա հասկանալ բարորա՞կ, թե՞ չարորակ բջիջների հետ գործ ունենք և այլն։ 

Բուժումը

Պարզելով արգանդի պարանոցի էրոզիայի առաջացման պատճառը՝ բժիշկը հիմնական հիվանդության (հեշտոցի բորբոքում, վարակ, հորմոնային հավասարակշռության խախտում կամ պարանոցի դիսպլազիա) բուժում է նշանակում։

Դեղորայքային բուժումը, սակայն, ունակ չէ լիովին ազատել էրոզիայից, հատկապես այն դեպքերում, երբ պրոցեսը խորն է կամ ախտահարված է բավականին մեծ հատված։ Այդ դեպքում գինեկոլոգը վիրաբուժական մեթոդ է կիրառում՝ էլէկտրոկոագուլյացիա, կրիոքայքայում, լազերոթերապիա, կամ էլ ճառագայթաալիքային բժշկության մեթոդ է ընտրում։

Մեթոդի ընտրությունը կախված է էրոզիայի բարդության աստիճանից և կնոջ վիճակից։ Եթե վերոնշյալ խնդիրներից ոչ մեկն առկա չէ, հնարավոր է էրոզիայի հսկողություն սահմանել և բուժում չիրականացնել: