Արգանդի պարանոցը հղիության վաղ փուլերում

08.06.20183568

Արգանդի պարանոցը գլանաձև ամուր կառույց է՝ տեղակայված արգանդի մարմնի ստորին ծայրում։ Առողջ, հասուն, չծննդաբերած կնոջ արգանդի պարանոցի երկարությունը 25-40մմ է, առաջնահետնային տրամագիծը՝ 20-25 մմ, լայնակին՝ 25-30 մմ։ Կախված տարիքից, վերարտադրողական կարողությունից և դաշտանային ցիկլի փուլից՝ այն զգալի փոփոխությունների է ենթարկվում։

Ֆունկցիոնալ փոփոխությունները հղիության ընթացքում

Արգանդի պարանոցը տարածվում է հեշտոցում։ Նախքան հղիությունն այդ նեղ ուղին բաց է լինում և այնքան լայն, որ թույլ է տալիս սերմնաբջիջները մուտք գործեն, իսկ դաշտանի արյունը հեռանա։ Հղիությունն սկսվելուն պես այդ օրգանի հիմնական գործառույթը դառնում է սաղմի պաշտպանությունը, և այն «խցանվում է» լորձով՝ ստեղծելով պաշտպանիչ արգելք։

Դրա շնորհիվ կանխվում է վնասակար մանրէների ներթափանցումը։ Հղիության ընթացքում արգանդի պարանոցը մի շարք փոփոխություններ է կրում․ առաջին ամիսների ընթացքում փափկում է, երկարում, այնուհետև կարճանում է, լայնանում, աստիճանաբար բարակում՝ կախված հղիության զարգացումից։

Դիրքի փոփոխություններ

Արգանդի պարանոցի դիրքը նույնպես փոփոխվում է, սակայն յուրաքանչյուր կնոջ դեպքում այդ տարբեր ժամանակում է կատարվում։ Հղիության վաղ ժամկետներում պարանոցը փոքր-ինչ բարձրանում է և փափկություն ձեռք բերում (ձվազատումից 15 օր անց կամ մի փոքր ուշ, երբ հղիության թեստն արդեն կարող է դրական արդյունք ցույց տալ)։

Հաստացումը սովորաբար առաջին նկատելի փոփոխությունն է լինում, քանի որ մեծ քանակությամբ գեղձային բջիջներ են արտադրվում, որոնք լորձային խցան են ձևավորում։ Պարանոցը հաստանում է արգանդի պաշտպանության համար, սակայն ծննդաբերության օրերի մոտենալուն զուգընթաց այն սկսում է պատրաստվել ծննդաբերությանը․ դանդաղորեն լայնանում է, ինչին հաջորդում է լորձային խցանի արտանկումը։ Այդ կարող է պատահել ծննդաբերության ենթադրյալ օրվանից մի քանի շաբաթ առաջ, պատահում է, որ խցանն ընկնում է հենց ծննդաբերությունից առաջ։

Փոփոխությունների է ենթարկվում նաև պարանոցի լորձաթաղանթը։ Այդ լորձի կառուցվածքի միջոցով նույնպես հնարավոր է հաստատել հղիության առկայությունն ամենավաղ փուլում։ Հղիության ընթացքում պարանոցի երկարության կարճացումը վկայում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգի մասին: Այդ ախտորոշվում է տրանսվագինալ սոնոգրաֆիայի միջոցով և պահանջում է համապատասխան բուժում: