Անձնական հիգիենա՝ առանց ֆանատիզմի

06.06.20181665

Ինչպես հիգիենայի պակասը, այնպես էլ դրա չարաշահումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների և գինեկոլոգի դիմելու պատճառ դառնալ։ Ահա մի քանի սկզբունք, որոնց պետք է հավատարիմ մնալ անձնական հիգիենայի պահպանման հարցում։

Կանոնավորություն

Ճիշտ է, հնագույն մարդիկ գուցե հազվադեպ էին լվացվում, բայց շարունակում էին ապրել, իսկ հեշտոցն էլ ինքնամաքրվող համակարգ է ու հատուկ խնամքի կարիք չունի, այնուամենայնիվ պետք է կանոնավոր մաքրել արտաքին սեռական օրգանների մակերեսային աղտոտվածությունը և գեղձերի աշխատանքի արգասիքները։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում մեկ անգամ, ավելի լավ է՝ յուրաքանչյուր արտաթորումից, տամպոնը կամ միջադիրը փոխելուց հետո սեռական օրգանները տեղ-տեղ թեթևակի լվանալ։

Սովորական ջուրն էլ է բավական

Ջուրը հրաշալի մաքրում է լորձի մնացուկները, փոշին ու հեղուկ արտադրությունը, այդ պատճառով սեռական օրգանների մաքրումը կարելի է կատարել առանց օճառի կամ գելի։ Օճառով կարելի է լվանալ միայն պերիանալ՝ անուսի հատվածը, հատկապես զուգարան գնալուց անմիջապես հետո, իսկ այ սեռական օրգանները կարող եք պարզապես թեթևակի լվանալ սովորական ջրով։

Առջևից հետ

Այդ կանոնը երևի թե պարզից էլ պարզ է, սակայն նորից նշենք․ լվանալիս ձեռքի շարժումը պետք է ուղղված լինի առջևից հետ, քանի որ հեշտոցի ֆլորան անվտանգ է աղիքների համար, իսկ այ աղիքներինը հեշտոցի համար՝ ոչ, ուստի պետք է ջանալ մանրէներն անուսի հատվածից «չտեղափոխել» սեռական օրգաններ։ Նույնը վերաբերում է նաև զուգարանի թղթին և սեքս-խաղալիքներին։

Առանց ֆանատիզմի

Պետք չէ հաճախ անտիսեպտիկ կամ հակամանրէային օճառ օգտագործել։ Մոռացեք սեռական օրգանների ջրցողման մասին, այն ոչ մի օգուտ չի բերում, ընդհակառակը վնասում է հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռությունը և կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Եթե օճառ, ապա չեզոք

Եթե զգում եք, որ սովորական ջուրը բավական չէ, ապա ավելի լավ է մանկական օճառ կամ գել օգտագործեք։ Այլ տեսակի օճառը կարող է չորացնել լորձաթաղանթը, խախտել միկրոբային հավասարակշռությունը, ակտիվացնել վնասակար մանրէների բազմացումը։ Արդյունքում հնարավոր է, որ հեշտոցային արտադրությունը շատանա և տհաճ հոտ ի հայտ գա։ Ագրեսիվ հիգիենան կարող է վարակների ու հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Ամենօրյա միջադիրը հիգիենայի միջոց չէ

Միջադիրը ներքնաշորը պաշտպանում է արտադրությունից, սակայն ոչ մի կերպ չի լավացնում սեռական օրգանների հիգիենայի մակարդակը, ընդհակառակը, կարող է վնասել։ Այն ինտենսիվորեն ներծծում է հեշտոցի նախամուտքում տեղակայված փոքր գեղձերի արտազատուկը։ Գեղձերն սկսում են ամբողջ ուժով աշխատել, սակայն վուլվան այնուամենայնիվ մնում է առանց պաշտպանիչ շերտի, ինչը կրկին կարող է հանգեցնել բակտերիալ և սնկային ինֆեկցիաների սրմանը։ Բացի այդ, հոտավետ միջադիրներն ինքնին կարող են ալերգիկ գրգռվածություն և քոր առաջացնել։

Ներքնաշորի ընտրություն

Հարկավոր է կրել միայն բամբակյա ներքնաշոր, որովհետև սինթետիկ կտորների դեպքում մաշկը քրտնում է, նպաստավոր պայմաններ են ստեղծվում վնասակար մանրէների ակտիվ բազմացման համար, չի ապահովվում մաշկի շնչառությունը և սեռական օրգանները խոցելի են դառնում տարաբնույթ վարակների հանդեպ։