Վիտամին C․ դերն օրգանիզմում

01.06.20181578

Վիտամին C-ն՝ ասկորբինաթթուն, մարդուն անհրաժեշտ ամենակարևոր վիտամիններից մեկն է և ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա։

Դերն օրգանիզմում

Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։ Մասնակցում է արյունաստեղծման պրոցեսին և անհրաժեշտ է սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի համար։ Օգնում է կարգավորել էնդոկրին համակարգի աշխատանքը։ Ասկորբինաթթուն հզորագույն հակաօքսիդանտ է։ Խիստ կարևոր է ուղեղի արագ աշխատանքի, ուշադրության կենտրոնացման և ստեղծագործական մտածողության համար։

Մասնակցում է շարակցական հյուսվածքի սինթեզին։ Վիտամին C-ի քանակից է կախված ոսկորների, ատամների, հոդերի ու ջլերի վիճակը։ Բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, կանխում է կնճիռների առաջացումը։ Օրգանիզմը պաշտպանում է վաղաժամ ծերացումից։

Օրգանիզմի օրական պահանջը

Հասուն մարդու օրգանիզմի օրական պահանջը 90-100 մգ է։ Այդ ավելի շատ է, քան մյուս վիտամինների դեպքում։ Ընդ որում՝ ասկորբինաթթվի ներթափանցումն օրգանիզմ հարկավոր է ամեն օր և կանոնավոր լինի։ Վիտամինի պահանջն ավելանում է հղիության, կրծքով կերակրման ընթացքում, ինչպես նաև սթրեսային իրավիճակներում, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության և որոշ հիվանդությունների դեպքում։

Վիտամին C պարունակող սննդամթերքներ

Ասկորբինաթթվով են հարուստ բուսական ծագման բազմաթիվ մթերքներ։ Առաջատարներն են՝ մասուր, սև հաղարջ, կտավատ, մոշ, խնձոր, կիվի, բուլղարական տաքդեղ, բրյուսելյան կաղամբ, մաղադանոս, ցիտրուսային մրգեր և այլն։

Վիտամինի անբավարարություն

Օրգանիզմում վիտամին C-ի անբավարարություն կարող է առաջանալ ինչպես սննդի միջոցով այն բավականաչափ չստանալուց, այնպես էլ ալկոհոլ, ծխախոտ, որոշ դեղամիջոցներ օգտագործելուց, ֆիզիկական և մտավոր ծանր աշխատանքի, սթրեսի և այլ պատճառներով։

Վիտամինի պակասը կարող է արտահայտվել գունատությամբ, աշխատունակության անկմամբ, հաճախակի հիվանդացությամբ, մազերի ու եղունգների որակի վատացմամբ, լնդերի արյունահոսությամբ և այլ նշաններով։

Վիտամինի ավելցուկ

Ասկորբինաթթվով հարուստ մթերքներ ուտելուց դժվար է վիտամինի ավելցուկ ունենալը։ Այդ հնարավոր է վիտամին C-ի մեծ դեղաչափ օգտագործելու դեպքում (դեղամիջոցների ու կենսաբանորեն ակտիվ հավելանյութերի տեսքով)։ Արտահայտվում է քնի խանգարմամբ, գլխացավով, բարձր ճնշմամբ, անհանգիստ վիճակով, ստամոքսի խանգարմամբ և այլ նշաններով։