Պտուղներից մեկի ներարգանդային մահը բազմապտուղ հղիության դեպքում

07.05.2018833

Երկվորյակներից մեկի անտենատալ մահը հաճախադեպ երևույթ չէ։ Երևույթի հստակ պատճառները հայտնի չեն, սակայն մասնագետներն առանձնացնում են հավանական մի շարք գործոններ, որոնք հանգեցնում են այդ վիճակին։

Դրանք են՝

  • պտուղներից մեկի զարգացման գենետիկ անոմալիաներ,
  • ընկերքում արյան շրջանառության ծանր խանգարում,
  • պտղի պորտալարում արյան շրջանառության խանգարում, օրինակ հանգույցի առաջացման դեպքում,
  • մոր որովայնի վնասվածք, որի արդյունքում պտուղներից մեկի ընկերքը շերտազատվում է և այլն։

Ախտանշանները

Կլինիկական պատկերը մեծապես կախված է հղիության ժամկետից, որի ընթացքում պատահել է դեպքը։ Եթե պտուղը մահանում է հղիության մինչև 12-րդ շաբաթը, ապա կինը կարող է և չնկատել կլինիկական պատկերի առաջացումը, այդ դեպքում ամենաակնհայտ նշանը որովայնի ստորին հատվածում զգացվող նվվացող ցավն է և հեշտոցից եկող արյունային արտադրությունը։

Մինչև 10-րդ շաբաթը պտղի մահվան դեպքում մասնագետները խոսում են «անհետացող» պտղի երևույթի մասին։ 10-րդ շաբաթից հետո մահվան դեպքում ձևավորվում է այսպես կոչված՝ «թղթե պտուղ», այսինքն՝ մահացած պտուղը մումիֆիկացվում է։

Արդյունքում մահացած սաղմը սեղմվում է երկրորդ երեխայի աճող պտղապարկի կողմից, դիտվում է մահացած սաղմի ամնիոնի բաղադրիչների մասնակի ներծծում։ Կլինիկական պատկերը կարող է և բացակայել, իսկ կինը պտուղներից մեկի մահվան մասին կարող է իմնալա միայն ՈւՁՀ-ի ընթացքում։

Ախտորոշումը

Ախտորոշման հիմնական մեթոդը ՈւՁՀ-ն է։ Մասնագետը տեսնում է և կարող է անգամ ասել, թե որ ժամկետում է մահացել պտուղը։

Վտանգավորությունը մոր և երկրորդ պտղի համար

Եթե պտղի մահը գրանցվել է մինչև գեստացիայի 10-երորդ շաբաթը, ապա հիմնականում ոչ մի վտանգ չի ներկայացնում երկրորդ երեխայի կյանքի և հետագա զարգացման, ինչպես նաև մոր համար։ 10-13-րդ շաբաթում մահվան դեպքում հաճախ «թղթե պտուղ» է ձևավորվում, իսկ երկրորդ պտուղը շարունակում է զարգանալ արգանդում։ Շեղման ռիսկեր, իհարկե, կան, բայց չնչին են։

Հղիության ուշ ժամկետում պտուղներից մեկի մահվան դեպքում վտանգ է սպառնում առաջին հերթին երկրորդ պտղի կյանքին։ Պտուղներից մեկի սրտի կանգի արդյունքում կենդանի երեխայի արյունազրկման վտանգ է առաջանում, քանի որ նրա արյունը հոսում է դեպի մահացած երեխայի անոթներ՝ նրա մարմինը կարծես վերածելով արյան պահեստի։

Այդ դեպքում հնարավոր է, որ հետևյալ վիճակներն առաջանան՝

  • կենդանի պտղի ծանր հիպովոլեմիա, 
  • կենդանի պտղի նյարդային համակարգի և սրտի ծանր ախտահարումներ, 
  • կենդանի պտղի ծանր թթվածնաքաղց։ 

Հղիության ուշ ժամկետում արգանդում մահացած երեխայի առկայությունը կարող է արյան շրջանառության ծանր խանգարումների և թրոմբոզի առաջացման պատճառ դառնալ՝ սպառնալով նաև մոր առողջությանը։

Ի՞նչ անել պտուղներից մեկի մահվան դեպքում

Մասնագետների գործողությունները կախված են այն հանգամանքից, թե հղիության որ ժամկետում է մահացել պտուղը։ Եթե մահը վրա է հասել մինչև հղիության 10-12-րդ շաբաթը, ապա հիմնականում մոր և կենդանի երեխային վտանգ չի սպառնում։ Երկրորդ եռամսյակում պտղի մահվան դեպքում հնարավոր է, որ բարդություններ ի հայտ գան, սակայն բարեհաջող ելքի հավանականությունը կրկին մեծ է։

Խնդիրը լուրջ է, եթե մահը վրա է հասնում հղիության ուշ ժակետում, այդ դեպքում անհապաղ ծննդալուծում է կատարվում, և երեխային պահում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։