Մաղադանոս․ օգտակար հատկությունները

07.03.20182181

Մաղադանոսն աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում օգտագործվող հոտավետ խոտաբույսերից մեկն է։ Բացի համային որակներից, օժտված է նաև բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնք չեն կորչում անգամ ջերմային երկարատև մշակման դեպքում։

Մաղադանոսը պարունակում է վիտամին A, C (ավելի շատ, քան կիտրոնը), E, PP, ինչպես նաև B խմբի վիտամիններ, ֆերմենտային նյութեր, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում և օգտակար այլ բաղադրիչներ։

Մաղադանոսի կալորիականությունը

100 գրամ մաղադանոսի կալորիականությունը մոտավորապես 50 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունային համակարգը։

Բարենպաստ ազդեցություն է գործում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, լավացնում է ախորժակը, օգտակար է գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում, բարելավում է նյութափոխանակությունը։

Ազդում է նաև բերանի խոռոչի վիճակի վրա, ամրացնում է լնդերը և սպիտակեցնում ատամները։

Օգնում է պահպանել և ամրացնել տեսողությունը։

Շատ օգտակար է կնոջ առողջության համար։ Օգնում է կարգավորել դաշտանի ցիկլը և մեղմել նախադաշտանային համախտանիշը։

Օգտակար է նաև տղամարդկանց համար։ Այն բնական աֆրոդիզիակ է և բարձրացնում է սեռական ակտիվությունը։

Մաղադանոսը լայնորեն կիրառվում է տնային կոսմետոլոգիայում։ Դրանով պատրաստված կոմպրեսներն ու դիմակներն օգնում են ազատվել այտուցվածությունից, թարմացնել մաշկը և բարելավել գույնը, պաշտպանել կնճիռներից, ազատվել ցանից և բորբոքումներից։

Հրաշալի միջոց է աչքերի շրջանի նուրբ մաշկի խնամքի համար։

Հակացուցումները

Մաղադանոսի չափից շատ օգտագործումը կարող է դառնալ գլխացավի, սրտխառնուքի և բացասական այլ ռեակցիաների պատճառ։ Բացի այդ, մաղադանոսն արգելված է միզաքարային հիվանդության, երիկամների և միզապարկի բորբոքման ու հղիության դեպքում: