Վիտամին K. պահանջը և ազդեցությունը մարդու վրա

02.03.20183258

Վիտամին K-ն խիստ կարևոր վիտամին է, առանց որի մարդ կարող է մահանալ անգամ ամենափոքր քերծվածքից։

Այն կարգավորում է արյան մակարդելիությունը։ Գոյություն ունի երեք ձևով՝ K1-ը մարդ ստանում է բուսական սննդից, K2-ը սինթեզվում է ստամոքսում, իսկ K3-ն ստանում են քիմիական եղանակով։

Վիտամին K-ի պրեպարատները նշանակում են մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման համար, ինչպես նաև ներարկում են նորածիններին արյունահոսության կանխարգելման համար։

Վիտամին K-ի լավ յուրացմանն են նպաստում կաթնաթթվային մթերքները, իսկ յուրացմանը խոչընդոտում են ալկոհոլը, հակաբիոտիկները, վիտամին E-ի մեծ քանակությունը, տարատեսակ գունանյութերը, հավելանյութերը և արոմատիզատորները։

Ինչու՞ է հարկավոր օրգանիզմին

Վիտամին K-ի կարևորագույն դերը արյան մակարդելիության կարգավորումն է։ Այդ վիտամինի բավականաչափ քանակն ապահովում է տարաբնույթ վերքերի ապաքինումն ինչպես մարմնի վրա, այնպես էլ օրգանիզմի ներսում։

Մասնակցում է կալցիումի յուրացմանը, ոսկրային և շարակցական հյուսվածքների ռեգեներացիային։

Կարևոր դեր է խաղում ենթաստամոքսային գեղձի և լյարդի աշխատանքում։

Նպաստում է լյարդից թույների դուրս բերմանը։

Վիտամին K-ն մասնակցում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման պրոցեսին։

Օգնում է կանխել վաղաժամ ծերացումը։

Վիտամին K-ի օրական պահանջը

Մարդու օրգանիզմին օրական 1 մկգ վիտամին K է անհրաժեշտ (ամեն 1կգ-ին)։

Մթերքներ, որոնք հարուստ են վիտամին K-ով

Պարունակվում է կաղամբի տարբեր տեսակներում՝ բրոկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի և այլն, ինչպես նաև բանջարեղենային կանաչ խոտաբույսերում։

Առկա է նաև հունական ընկույզում, մասուրում, դդմի մեջ, բանանում, կիվիում, ավոկադոյում և բուսական այլ մթերքներում, ինչպես նաև բուսական յուղերում, կաթի մեջ, մսում, ձվի մեջ և այլն։

Վիտամինի պակասն օրգանիզմում

Քանի որ վիտամին K-ն սինթեզվում է մարդու աղիներում, հազվադեպ է օրգանիզմում դրա պակաս զգացվում։ Դեֆիցիտն առաջանում է միայն մարսողական համակարգի աշխատանքի խանգարումների կամ էլ մի շարք դեղամիջոցների ընդունման դեպքում։

Վիտամին K-ի պակասը կարող է հանգեցնել ներքին արյունահոսությունների, անոթների պատերին աղերի կուտակման, զարգացող ոսկորների դեֆորմացիայի և այլ խնդիրների։

Վիտամինի ավելորդ քանակն օրգանիզմում

Այդ խիստ հազվադեպ է հանդիպում և կարող է հանգեցնել թրոմբոցիտների քանակի աճի և համապատասխանաբար՝ արյան մածուցիկության բարձրացման։ Վիտամինի ավելցուկը դիտվում է այն պարունակող պրեպարատների շատ ընդունման դեպքում։