Պետք է շատ ջուր խմել․ որքա՞ն, ինչպե՞ս

30.01.20183635

Բժիշկներն ասում են, որ օրգանիզմի բնականոն գործունեության և առողջությունը պահպանելու համար մարդն օրվա ընթացքում պետք է 2-2.5լ ջուր խմի։ Կան, սակայն, մարդիկ, որոնք ջուր չեն սիրում և քիչ են խմում։ Ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրը և բավականաչափ ջուր խմել։

Ինչո՞ւ է հարկավոր ջուր խմել

Մարդու օրգանիզմը մեծամասամբ կազմված է ջրից, և վերջինիս պակասը կարող է ծանր հետևանքների հանգեցնել։

Ջուրը մասնակցում է օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գրեթե բոլոր պրոցեսներին։ Այն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր օգտակար նյութերը բարեհաջող կերպով հասնեն օրգանիզմի բջիջներին։

Ապահովում է բնականոն նյութափոխանակությունը։

Օրգանիզմից դուրս է բերում խարանները և այն մաքրում թույներից։

Դրականորեն է ազդում ոսկրային և մկանային հյուսվածքների վրա։

Մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը։

Անհրաժեշտ է բջիջների թարմացման, գեղեցկության և երիտասարդության պահպանման համար։

Որքա՞ն ջուր խմել

Ընդունված է համարել, որ մարդ պետք է 30 մլ ջուր խմի 1կգ քաշի համար։ Այսինքն՝ 60կգ քաշով մարդը օրական պետք է 1,8լ ջուր խմի, 80կգ-ի դեպքում՝ 2,4լ։ Ընդ որում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության և մի շարք հիվանդությունների, ինչպես նաև շոգ եղանակի դեպքում օրգանզիմում ջրի պահանջը մեծանում է։ Երբեմն էլ բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել ջրի քանակը, օրինակ՝ այտուցվածության դեպքում։

Ինչպե՞ս անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել

Աշխատելիս սեղանին 0.5 լ շշով ջուր դրեք և պարբերաբար խմեք։ Ձեր առջև նպատակ դրեք որոշակի ժամանակահատվածում խմել ամբողջը։ Երբ վերջացնեք, նորից լցրեք շիշը և աչքի առաջ դնելով՝ սկսեք խմել տարբեր ժամերի։ Տանը գեղեցիկ, ձեզ դուր եկող տարայով ջուր դրեք սեղանին։ Երբ ցանկանաք թեյ կամ սուրճ խմել, մոտեցեք և նախ ջուր խմեք։ Այդպիսով ժամանակի ընթացքում սովորություն կձևավորվի։