Փորլուծություն

29.11.2017988

Փորլուծությունը (diarrhea) աղիների հաճախակի դատարկման գործընթացն է (օրը 3 անգամ և ավել)։ Հաճախ դիտվում է նոսր, հեղուկանման արտաթորանք: Այն ոչ թե ինքնուրույն հիվանդություն է, այլ տարաբնույթ հիվանդությունների ախտանշան։

Առաջացման պատճառները

Փորլուծության պատճառները կախված են վերջինիս տեսակից։ Սուր փորլուծությունն առաջանում է մանրէային կամ մակաբուծային բնույթի ստամոքսային վարակից։

Քրոնիկական տեսակն ուղեկցում է մարսողական օրգանների հիվանդություններին և տևում է 4 շաբաթից ավել։ Սուր փորլուծությունը փոխանցվում է ֆեկալ-օրալ ճանապարհով։ Տարածված հարուցիչներն են՝ աղիքային ցուպիկ, սալմոնելլա, դիզենթերիայի մանրէներ, լյամբլիաներ։

Քրոնիկական փորլուծությամբ են արտահայտվում ստամոքսաղիքային տրակտի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, կեղծ մեմբրանոզ կոլիտ, ստամոքսի ուռուցք, ցելիակիա և այլն։ Հաճախ փորլուծություն է առաջանում նաև հակաբիոտիկների պատճառով։

Ֆունկցիոնալ փորլուծությունը գրգռված ստամոքսի համախտանիշի դեպքում առաջանում է սթրեսի, դեպրեսիվ վիճակների ֆոնին։ Այդ բացատրվում է ստամոքսի գալարակծկանքի խանգարմամբ։

Ախտանշանները

Փորլուծության ախտանշաններն ու արտահայտվածության աստիճանը կախված են նրա տեսակից, ձևից և հարուցչի քանակից, ինչպես նաև մարդու դիմադրողական համակարգի վիճակից։

Աղիքային ցուպիկով հարուցված սուր փորլուծության դեպքում դիտվում է հեղուկ արտաթորանք օրական մինչև տասն անգամ։ Ուղեկցվում է չափավոր թունահարությամբ, որովայնի ստորին հատվածի ցավով, դեֆեկացիայի կեղծ կանչով։

Սալմոնելլայով և դիզենթերիայի մանրէներով հարուցված սուր փորլուծության դեպքում արտաթորանքը նոսր է լինում՝ արյան և թարախի խառնուրդով, օրական 10-30 անգամ։ Դիտվում է որովայնի տանջող ցավ, ձգող բնույթի ցավ ուղիղ աղիքի շրջանում, դեֆեկացիայի կեղծ կանչ։ Ջերմությունը բարձրանում է մինչև 40 աստիճան։

Քրոնիկական փորլուծության դրսևորումները կախված են ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների տեսակից։

Հակաբիոտիկների ընդունմամբ պայմանավորված փորլուծությունն արտահայտվում է որովայնի կծկանքանման ցավով, որը դադարում է առատ, նոսր արտաթորանքից հետո։ Ախտանշաններն անհետանում են դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո։

Ախտորոշումը

Ախտորոշման հարցում հաշվի են առնում փորլուծության կլինիկական դրսևորումները, կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքը, արյան ընդհանուր հետազոտության, արյան կենսաքիմիական հետազոտության, կղանքի՝ դիսբիոզի և թաքնված արյան հայտնաբերման հետազոտության արդյունքը։

Հիվանդի գործողությունները

Հարկավոր է անմիջապես դիմել թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի հետևյալ դեպքերում՝

  • փորլուծություն օրը տասն անգամից ավել, 
  • մինչև 5 տարեկան երեխայի և 60 տ-ից մեծ մեծահասակի փորլուծություն, 
  • երբ փորլուծությունն ուղեկցվում է դողէրոցքով, 
  • արտաթորանքում արյուն և լորձ կա, 
  • արտաթորանքն առատ է, բաց գույնի, 
  • մարմնի ջերմաստիանն իջել է բնականի սահմանից, անոթային նշումը ցածր է, վատացել է ընդհանուր վիճակը։ 

Բուժումը

Բուժումը նույնպես կախված է փորլուծության տեսակից։ Թերապևտիկ ընդհանուր մոտեցումներն են՝ դիետայի պահպանում, հակամանրէային դեղամիջոցների ընդունում, օժանդակ թերապիա՝ էնտերոսորբենտներ և պրոբիոտիկներ։

Աղիքային վարակի դեպքում չի կարելի գալարակծկանքը դանդաղեցնող դեղամիջոցներ ընդունել։ Կարելի է ստամոքսի միկրոֆլորան կարգավորող դեղամիջոցներ օգտագործել, օրինակ՝ խիլակ ֆորտե և այլն։ Փորլուծության բուժումն ուղեկցվում է հիմնական հիվանդության բուժմամբ։

Կանխարգելումը

Փորլուծության կանխարգելումը ենթադրում է մարմնի և սնդի հիգիենայի պահպանում։ Հարկավոր է կանոնավոր և ճիշտ սնվել, միշտ լվացվել, ճիշտ լվանալ մթերքները։ Հարկավոր է խնամքով ընդունել դեղերը, որպեսզի դիսբիոզ չառաջանա։