Մանկաբարձական պեսարիում

06.11.20171790

Հերթական զննման ընթացքում բժիշկն ասում է ՝ արգանդի պարանոցը բացվում է, պետք է օղ դնել։ Օ՞ղ, ի՞նչ օղ, ինչո՞ւ, ի՞նչ կլինի հետո։ Կանանց մեծ մասն անտեղի խուճապի է մատնվում, սակայն տվյալ դեպքում հարկավոր չէ տագնապել և կասկածել․ պեսարիումն օգնում է պահպանել սպառնալիքի տակ հայտնված հղիությունը։

Մանկաբարձական պեսարիումը մեխանիկական հարմարանք է, որ օգտագործվում է արգանդը, միզապարկն ու ուղիղ աղիքը պահելու համար։ Տարբեր տրամագծի իրար կպած օղերի ձև ունի, պատրաստված է էկոլոգիապես բնական նյութից։ Տեղադրվում է հեշտոցում և պահում է արգանդի պարանոցը, որպեսզի այն չբացվի։

Վաղաժամ ծննդաբերության մեծ սպառնալիքի դեպքում պեսարիումն օգնում է պահպանել և երկարացնել հղիությունը։ Այդպիսի անհրաժեշտություն առաջանում է նաև իսթմիկոցերվիկալային անբավարարության և բազմապտուղ հղիության դեպքում, երբ պտուղներն իրենց ծանրությամբ ճնշում են արգանդի պարանոցը՝ արագացնելով դրա բացվելը։

Պեսարիումը տեղադրվում է արագ և հազվադեպ է ցավ առաջացնում։ Տեղադրումից հետո հատուկ ինչ-որ բան անելու կարիք չկա, միայն հարկավոր կլինի 2-3 շաբաթը մեկ մանրէաբանական հետազոտության համար քսուք հանձնել։

Մի նրբություն կա, որը կարող է հուսահատեցնել ամուսիններին․ պեսարիումի դեղադրման դեպքում հեշտոցային սեքսն արգելված է։ Մանկաբարձական օղը կարելի է հանել ինչպես ստացիոնարում, այնպես էլ ամբուլատոր ձևով։ Հարկավոր է գինեկոլգին դիմել 36-38 շաբաթականում։ Այն հանվում է նույնքան արագ և անցավ, որքան տեղադրվում է։

Պրակտիկան ցույց է տվել, որ ծննդաբերությունն սկսվում է օղը հանելուց մեկ օրից մինչև երեք շաբաթ անց, խիստ անհատական է։

Հակացուցումներ

Մանկաբարձական պեսարիումը չի տեղադրվում հետևյալ դեպքերում՝

  • եթե կան հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում հղիության երկարացումը վտանգավոր է, 
  • եթե երկրորդ և երրորդ եռամսյակում կինը կրկնվող արյունային արտադրություն է ունեցել։ 

Որոշ դեպքերում էլ հարկավոր է անմիջապես, ժամանակից շուտ հանել պեսարիումը՝

  • պտղաջրի արտահոսք, 
  • անհապաղ ծննդալուծման անհրաժեշտություն, 
  • խորիոամնիոնիտի զարգացում և այլն: