Արագընթաց ծննդաբերություն

25.10.20173407

Արագընթաց ծննդաբերությունը պաթոլոգիա է, որի վտանգավորությունը շատերը թերագնահատում են։ Ցանկացած կին ուզում է, որ ցավոտ կծկումներն արագ անցնեն և երեխան ծնվի, սակայն արագընթաց ծննդաբերությունը բնական չէ, քանի որ պայմանավորված է արգանդի կրճատումների խանգարմամբ։

Արագընթաց է կոչվում այն ծննդաբերությունը, որ առաջին հղիության դեպքում տևում է 4 ժամից պակաս, իսկ կրկնակի հղիության դեպքում՝ 2 ժամից պակաս։ Պատահում է, որ ծննդաբերությունը բնական է ընթանում, պտուղը ելքի մոտ է, սակայն արգանդի պարանոցը երկար ժամանակ չի բացվում։ Այնուհետև շեշտակիորեն բացվում է և պտուղը դուրս է գալիս։ Ընդ որում՝ կծկումները կարող են նախքան երեխայի ծնունդը որոշակի ժամանակ շարունակվել, սակայն անցավ, ուստի ծննդկանը չի նկատում այդ հանգամանքը։

Երբեմն ծննդաբերությունն սկսվում է շատ անսպասելի, երբ կինը, օրինակ, զբաղվում է իր սովորական գործերով, խանութում է, փողոցում կամ տրանսպորտային միջոցում։

Արագընթաց ծննդաբերությունն սկսվում է հանկարծակի և արագորեն է զարգանում․ կծկումները կտրուկ ուժգնանում են, արգանդի պարանոցն արագորեն բացվում է։ Ընդ որում՝ հազվադեպ է կինը խուսափում վնասվածքներից։ Հնարավոր է, որ ընկերքի վաղաժամ շերտազատում սկսվի՝ հանգեցնելով մորից պտղին փոխանցվող արյան հոսքի խանգարում։

Այդ դեպքում անհետաձգելի կեսարյան հատում է կատարվում, քանի որ թթվածքնի պակասը կարող է երեխայի մահվան պատճառ դառնալ։ Ընկերքի շերտազատումը վտանգավոր է, քանի որ կարող է արգանդային արնահոսության պատճառ դառնալ, որի դադարեցման անհնարինության դեպքում ստիպված հեռացնում են արգանդը։

Հնարավոր է, որ երեխան նույնպես վնասվի արագընթաց ծննդաբերության ընթացքում․ ծննդուղիներով անցնելիս գլուխը գուցե ավելորդ սեղմվի՝ դառնալով հեմատոմայի և ուղեղի արյունաշրջանառության խանգարման պատճառ։ Լինում են դեպքեր, երբ արագընթաց ծննդաբերությունը որևէ վնաս չի պատճառում երեխային և մորը, սակայն բարդությունների ռիսկը միշտ էլ առկա է։

Արագընթաց ծննդաբերության պատճառները մի քանիսն են։ Մեծ դեր է խաղում ժառանգական նախատրամադրվածությունը։ Նյարդային համակարգի մեծ գրգռվողականությունը, ծննդաբերությանը պատրաստ չլինելը կամ գինեկոլոգիական հիվանդությունները, փոքր կոնքի օրգանների բորբոքումը նույնպես կարող են հանգեցնել արագընթաց ծննդաբերության։ Ռիսկային խմբում նախկինում արագընթաց ծննդաբերություն ունեցած կանայք են, ինչպես նաև 18 տարեկան կամ 30 տարեկանից մեծ կանայք։