Հղիության պլանավորում․ ինչի՞ց սկսել

12.07.20177499

Էկոլոգիական վատ պայմանների, կյանքի արագ տեմպի, տարածված հիվանդությունների և վարակների պատճառով այսօր կնոջ օրգանիզմը հղիությունից առաջ նախապատրաստվելու կարիք է ունենում դրա բարեհաջող ընթացքն ապահովելու համար։

Ինչից և երբ սկսել հղիության պլանավորումը

Հղիությանը ցանկալի է նախապատրաստվել բեղմնավորումից նվազագույնը երեք ամիս առաջ, լավագույն դեպքում՝ կես տարի առաջ։ Նախապատրաստման առաջին քայլը որոշման ընդունումն է։ Պատրա՞ստ եք կյանքի շրջադարձային փոփոխությունների։ Գիտակցու՞մ եք պատասխանատվության չափը։ Այդ հարցերին վստահ պատասխան պետք է տա ոչ միայն ապագա մայրը, այլև ապագա հայրը։

Հոգեբանական պատրաստվածությունը խիստ կարևոր տարր է, որի բացակայությունը հետագայում հանգեցնում է ընտանեկան կոնֆլիկտների, հետևաբար՝ սթրեսի և հղիության բնականոն ընթացքի վրա ազդող հուզական բացասական իրավիճակների։

Հստակ որոշում կայացնելուց հետո հարկավոր է դիմել բժշկի, որը համապատասխան հետազոտություններ կնշանակի և հանձնարարականններ կտա։ Գրագետ պլանավորման նպատակն է հայտնաբերել և վերացնել սպասվելիք հղիության համար վտանգավոր գործոնները, ինչպես նաև բեղմնավորման և հղիության բարեհաջող ընթացքի համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այդ պայմաններից մեկն առողջ ապրելակերպն է, հրաժարումն ալկոհոլից և ծխախոտից, ֆիզիկական վարժություններ և դիմադրողական համակարգի ամրապնդում։ Խորհուրդ է տրվում նաև վիտամինային կոմպլեքս և ֆոլաթթու խմել։

Վտանգավոր գործոնները բացառելու և առողջական ընդհանուր վիճակը պարզելու նպատակով պետք է հետազոտվի և՛ կինը, և՛ տղամարդը։ Հետազոտությունների անցկացման լավագույն ժամանակը բեղմնավորումից երեք ամիս առաջն է, երբ հնարավոր է բուժել վարակը, եթե կա։ Առաջին հերթին ստուգվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև հղիության համար վտանգավոր այնպիսի վարակների առկայությունը, ինչպիսիք են տոքսոպլազմոզը, կարմրախտը, հերպեսն ու ցիտոմեգալովիրուսը։ Այնուհետև հարկավոր է քսուքի, արյան և մեզի ընդհանուր անալիզ հանձնել, գինեկոլոգիական հետազոտություն կատարել ՈւՁՀ-ի միջոցով։

Արյան խումբն ու ռեզուս գործոնի իմացությունը կարևոր է համատեղելիության մասին նախապես պատկերացում ունենալու համար։ Ավելորդ չի լինի նաև հորմոնների հետազոտությունը և վահանաձև գեղձի ՈւՁՀ-ն։ Հղիությունից առաջ հարկավոր է նաև այցելել ատամնաբույժի և վերացնել վարակի հնարավոր աղբյուրները։

Քրոնիկական հիվանդության առկայության դեպքում հարկավոր է տեղեկացնել բժշկին և հետազոտվել այդ ոլորտում։ Հարկավոր է տեղեկացնել նաև ժառանգական հիվանդությունների մասին, որ ունեն տան անդամները, ինչպես նաև նախկինում տարած հիվանդությունների և հղիությունների մասին, եթե կան։

Հղիության պլանավորման փուլում փորձեք չհիվանդանալ։ Խուսափեք հիվանդ մարդկանց հետ շփումիցև մարդաշատ վայրերում լինելուց։ Սննդակարգն այդ շրջանում պետք է ներառի վիտամիններով հարուստ մրգեր և բանջարեղեն, չմոռանաք սպիտակուցային մթերքների մասին՝ միս, ձուկ, ձու և այլն, ինչպես նաև կալցիումի մասին։

Որոշեք բեղմնավորման նպաստավոր օրերը։ Դրանից մի քանի շաբաթ առաջ ապագա հայրը պետք է դադարեցնի ալկոհոլի օգտագործումը, հրաժարվի տաք վաննայից և սթրեսներից, քանի որ այդ ամենն ազդում է սերմնաբջիջների ակտիվության վրա։ Բեղմնավորումից առաջ ցանկալի է որոշ ժամանակ դադար տալ սեռական կյանքում, որպեսզի սերմնաբջիջների խտությունը բարձրանա։

Չհուսահատվեք, եթե առաջին անգամ չստացվի հղիանալ, առողջ լինելու և կանոնավոր սեռական կյանքի դեպքում հղիությունը գրանցվում է միջինում մեկ տարվա ընթացքում, հակառակ դեպքում հարկավոր է դիմել բժշկի։