Փոքրիկ դրվագ բժշկի ճանապարհից

05.01.2017472

Բժիշկն առաջին հերթին պետք է լինի լավ մարդ, և հետո արդեն խելացի մասնագետ, լինի կիրթ և համբերատար:

Բժիշկ դառնալը դժվարին և երկարատև աշխատանք է, սկսած համալսարան ընդունվելուց, մինչև ավարտելը և գործնական աշխատանքի անցնելը: Այդ ընթացքն ամենակարևոր փուլն է, անվերջ ուսման տարիներ, նոր գիտելիքներ, պրակտիկա և այլն: Ընտրում ես մասնագիտությունը, անցնում ես պրակտիկ աշխատանքի, և օրդինատուրան ավարտելուց հետո լիիրավ զբաղեցնում ես բժշկի պաշտոնը և փորձում քո գործով օգտակար լինել հասարակությանը:

Սկսվում է ամենահետաքրքիր և պատասխանատու շրջանը: Ամեն Աստծո օր արթնանում ես, գնում աշխատանքի, հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց: Տարբեր հիվանդություններ՝ տարբեր բարդությամբ պացիենտներ: Երբ քեզ այցելած պացիենտը լավ է, ինքդ էլ ուրախ ես նրա համար: Երբ ծանր դեպք է, անհանգստանում ես, անքուն գիշերներ անցկացնում, մտքում անվերջ բուժման սխեմաներ մշակում, կշռադատում ես ճիշտն ու սխալը: Այդ պահին սկսում ես հասկանալ բժշկի իրական առաքելությունը: Քո նպատակը մեկն է՝ պացիենտի շուտափույթ ապաքինում: Երբ ծանր պացիենտն առողջանում է, սկսում քայլել, խոսել և ժպտալ, աննկարագրելի հաճույք ես ապրում: Այդ պահին կարծես միլիոն շահած լինես, հոգիդ ծաղկում է: Կրկին ապրելու և պայքարելու ցանկություն է առաջանում:

Բժշկի կյանքը լի է ապրումներով, ներքին պայքարով, անվերջ վերելքներով և վայրէջքներով, երջանկությամբ և տխրությամբ... Պայքար կյանքի և առողջության համար, որը երբեք չի դադարի: