Արգանդի հիպոպլազիա

28.12.20161193

Ցանկացած կին երազում է մայրանալու մասին: Ցավոք, լինում են դեպքեր, երբ կնոջ օրգանիզմը պարզապես չի կարողանում երեխային կրել, քանի որ դա իր ուժերից վեր է: Վերարտադրողական համակարգի բնականոն գործունեությանը խոչընդոտող այդպիսի պաթոլոգիաներից մեկն արգանդի հիպոպլազիան է:

Սովորաբար արգանդի հիպոպլազիան բնորոշ ախտանշաններ չունի, դրանք հեշտությամբ շփոթում են առողջական այլ խնդիրների հետ: Դա հիմնականում բացահայտվում է այն ժամանակ, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ:

Hypoplasia լատիներենից թարգամանաբար նշանակում է թերզարգացում, ձևավորման շեղում: Արգանդի հիպոպլազիան արգանդի շատ փոքր չափն է:

Տարբերում են՝

I աստիճան - Սա ամենաբարդ ձևն է, արգանդի չափը չի գերազանցում 3սմ-ը: Այն հանգեցնում է ամենորեայի և անպտղության, բուժման չի ենթարկվում:

II աստիճան- Հաճախ է հանդիպում, արգանդի չափերը 3-5 սմ սահմաներում են, մարմնի և պարանոցի հարաբերությունը՝ 1:3: Բուժումը երկարատև է, հղիության հավանականություն կա:

III աստիճան - Ավելի մեղմ ձև է, արգանդի չափը 5-7 սմ է, հղիանալու հավանկանություն կա, համապատասխան բուժման դեպքում տեղի է ունենում հաջող բեղմնավորում, հղիություն, ծննդաբերություն:

Արգանդի հիպոպլազիան հայտնաբերվում է գինեկոլոգիական հետազոտության ժամանակ, ախտորոշումը հաստատվում է ուլտրաձայնային հետազոտությամբ և իգական սեռական հորմոնների մակարդակի որոշմամբ: Հիվանդությունը հնարավոր է ուղեկցվի արտաքին ախտանիշներով:

Այն հաճախ արտահայտվում է դեռահասության տարիքում, առաջացնում է հետևյալ ախտանշանները.

  • ամենորեա (դաշտանային ցիկլի բացակայություն), 
  • ուժեղ ցավ դաշտանի ընթացքում
  • դաշտանի ուշ սկիզբ՝ 15-16 տարեկանում, 
  • առատ կամ սակավ դաշտան, 
  • ֆիզիկական ինֆանտիլիզմ (թերզարգացում), ցածր հասակ, նիհարություն, նեղ կոնք, չզարգացած կուրծք, 
  • թույլ արտահայտված երկրորդային սեռական նշաններ՝ լայն կոնք նեղ ուսերով, ենթամաշկային ճարպաշերտ, մազակալում:

Վերարտադրողական տարիքում կինը կբախվի հիպոպլազիայի այլ ախտանշանների՝

Պատճառները

Արգանդի հիպոպլազիան լինում է բնածին, երբ տարատեսակ գործոնների ազդեցությամբ կամ ժառանգական անոմալիաների պատճառով խանգարվում է սաղմի բնականոն զարգացումը: Մեծամասամբ հանդիպում է հիվանդության ձեռքբերովի ձևը: Հատկապես սեռական հասունության շրջանում որոշակի գործոններ խոչընդոտում են օրգանի բնականոն զարգացումը:

Գլխավոր պատճառներն են.

  • կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքային, տոքսիկ, վարակիչ ախտահարումներ, 
  • սթրես, 
  • հիպոթալամուսի, հիպոֆիզի ուռուցքներ, որոնց պատճառով խանգարվում է հորմոնների արտադրությունը, 
  • որոշակի հիվանդություններ՝ էպիլեպսիա, լյարդային և երիկամային անբավարարություն, սրտի արատ, շաքարային դիաբետ, հիպերպրոլակտինեմիա, հիպոթիրեոզ, 
  • մանկական հիվանդություններ՝ կարմրուկ, պարոտիտ, 
  • թերզարգացում, ձվարանի ուռուցքներ, 
  • թերսնուցում, 
  • թմրամոլություն, ալկոհոլիզմ, հոգեմետ դեղերի երկարատև ընդունում, 
  • քրոնիկական վարակիչ հիվանդություն,
  •  ժառանգականություն:

Քանի որ հիվանդության արմատները մանկական և դեռահասության տարիքում են թաքնված, առաջին իսկ կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Ախտորոշումը

Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում, սխալները բացառվում են: Ախտորոշումը բաղկացած է մի քանի փուլից:

Գինեկոլոգիական զննում

Ինֆանտիլիզմի նշանների հայտնաբերում սեռական օրգաների շրջանում՝ մազակալման բացակայություն, սեռական շուրթերի թերզարգացում, ծլիկի գլխիկի արտահայտված տեսանելիություն, Հեշտոցային հետազոտության ժամանակ որոշվում է հեշտոցի չափերը, նեղ, երկար լինելը, կոնաձև պարանոցը, արգանդի մարմնի փոքրացած և հաստացած լինելը:

Ուլտրաձայնային հետազոտություն

ՈւՁ հետազոտությամբ հաստատվում է արգանդի հիպոպլազիան և որոշվում է նրա աստիճանը:

Հորմոնային հետազոտոություն

Նշանակվում է արյան անալիզ՝ֆոլիկուլախթանիչ, լուտեինիզացնող հորմոնների, պրոգեստերոնի, պրոլակտինի, էստրադիոլի, տեստոստերոնի մակարդակը որոշելու համար: Հետազոտվում է թիրեոիդ հորմոնների մակարդակը՝ T4, TSH:

Լրացուցիչ հետազոտություններ.

արգանդի խոռոչի զոնդավորում ոսկրային տարիքի որոշում, գանգի (թուրքական թամբ) ռենտգեն հետոզոտություն, գլխուղեղի ՄՌՇ:

Հետազոտություններից հետո հաստատվում է ախտորոշումը, որոշվում է հիվանդության աստիճանը, և հնարավորության դեպքում նշանակվում է համապատասխան բուժում:

Բուժում և կանխատեսումներ

Ինչպես նշվեց, առաջին աստիճանի հիպոպլազիայի դեպքում բուժում չի նշանակվում, քանի որ այն համարվում է ոչ արդյունավետ: Մյուս դեպքերում անհատական սխեմայով մշակվում է բուժման կուրս:

Բուժումը ներառում է հորմոնային թերապիա, գինեկոլոգիական մերսում, լազերաթերապիա, դիաթերմիա, մագնիսաթերապիա, վիտամինային թերապիա և այլն:

Սեռական օրգանների բնածին անոմալիաների դեպքում հղիանալու շանսերը քիչ են: Եթե կինն առողջ է, 2-րդ կամ 3-րդ աստիճանի հիպոպլազիայի բուժումից հետո հնարավոր է հղիանալ, թեպետ մեծ է հղիության ընթացքում բարդությունների զարգացման վտանգը: 3-րդ աստիճանի հիպոպլազիան, եթե շեղումները մեղմ են, կարող է ինքնուրույն վերանալ: