Վիժումից հետո

27.12.20165685

Վիժումը կնոջ համար մեծ վիշտ է: Հնարավոր է երկար ժամանակ պահանջվի այն հաղթահարելու համար:

Այս շրջանում կինը հոգեբանական աջակցության կարիք ունի: Մի մեղադրեք ինքներդ ձեզ, պետք չէ ինքնամփոփվել, փորձեք հաղթահարել վիշտը, և մտածեք ապագա երեխաների մասին:

Վիժումից հետո, հաճախ, կնոջ մոտ արյունահոսություն է դիտվում, որպես պտղաձվի անջատման հետևանք: Արյունահոսությունը բնական երևույթ է նաև արգանդի քերումից հետո, քանի որ ցանկացած միջամտության դեպքում վնասվում են արյունատար անոթներ:

Սովորաբար, վիժումից 26-35 օր անց տեղի է ունենում մենստրուացիան: Առաջին երկու ամիսներին հնարավոր է այն տարբերվի նախկին ցիկլերից՝ լինի առատ, կամ առաջանա արտադրություն:

Շատ զույգեր վիժումից հետո շտապում են երեխա բեղմնավորել, ոմանք էլ, հակառակը, վախենալով նոր անհաջողությունից՝ հետաձգում են այն: Սովորաբար, մասնագետները խորհուրդ են տալիս վիժումից հետո սպասել առնվազն 6 ամիս՝ նախքան հղիություն պլանավորելը:

Նախ, օրգանիզմին որոշ ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար: Բացի այդ, այս ընթացքում կինը պետք է բացահայտի վիժման պատճառները, և դրանք վերացնելու համար ստանա համապատասխան բուժումներ: