Իսթմիկոցերվիկալային անբավարարության շտկում

Երկրորդ և երրորդ եռամսյակում հղիության վաղաժամ ընդհատման ամենատարածված պատճառներից մեկն իսթմիկոցերվիկալային անբավարարությունն է։ ԻՑԱ-ն արգանդի պարանոցի անախտանշան կարճացումն է, ներքին օղի լայնացումը, որը հանգեցնում է պտղապարկի պատռվածքի, հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության։
Դասակարգումը
Տարբերում են հետևյալ տեսակները՝
- բնածին (գենիտալ ինֆանտիլիզմի, արգանդի զարգացման արատների դեպքում),
- ձեռքբերովի,
- օրգանական (երկրորդային, հետտրավմատիկ)՝ առաջանում է արգանդի պարանոցի բուժախտորոշիչ միջամտությունների, ինչպես նաև տրավմատիկ ծննդաբերության հետևանքով,
- ֆունկցիոնալ՝ դիտվում է էնդոկրին խանգարումների դեպքում (հիպերանդրոգենիա, ձվարանների հիպոֆունկցիա)։
Ախտորոշումը
Ախտորոշման չափորոշիչները հղիության ընթացքում՝
- անամնեստիկ տվյալներ (անամնեզում ինքնաբեր վիժման և վաղաժամ ծննդաբերության առկայություն),
- հեշտոցի զննման տվյալներ (դիրքը, երկարությունը, ցերվիկալ կանալի վիճակը և այլն)։
ԻՑԱ-ի արտահայտվածության աստիճանը որոշվում է Շտեմբերի բալային սանդղակով։ ԻՑԱ-ի ախտորոշման հարցում կարևոր նշանակություն ունի ՈւՁՀ-ն (տրանսվագինալ էխոգրաֆիա)․ գնահատում են արգանդի պարանոցի երկարությունը, ներքին օղի և ցերվիկալ կանալի վիճակը։
Վիրաբուժական շտկման ցուցումները
- Անամնեզում ինքնաբեր վիժման և վաղաժամ ծննդաբերության առկայություն։
- Զարգացող ԻՑԱ՝ ըստ հետազոտման կլինիկական և ֆունկցիոնալ մեթոդների տվյալների։
- ԻՑԱ-ի նշաններ՝ ըստ հեշտոցի զննման։
- ԻՑԱ-ի էխո-նշաններ՝ ըստ տրանսվագինալ սոնոգրաֆիայի տվյալների։
Վիրաբուժական շտկման հակացուցումները
- Հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնք հակացուցում են հղիության պահպանման համար։
- Արնահոսություն հղիության ընթացքում։
- Արգանդի բարձր տոնուս, որը չի ենթարկվում բուժման։
- Պտղի զարգացման բնածին արատներ։
- Փոքր կոնքի օրգանների սուր բորբոքային հիվանդություններ։
Բարդությունները
- Հղիության ինքնաբեր ընդհատում
- Արնահոսություն
- Պտղապարկի պատռում
- Նեկրոզ
- Խորիոամնիոտիտ, սեպսիս և այլն
Հետվիրահատական շրջան
- Վիրահատությունից անմիջապես հետո թույլատրվում է վեր կենալ և քայլել։
- Բուժականխարգելիչ նպատակով նշանակվում են մի շարք դեղամիջոցներ։
- Բորբոքային բարդությունների բարձր վտանգի դեպքում նշանակվում է հակամանրէային թերապիա։
- Ամբուլատոր պայմաններում երկու շաբաթը մեկ անգամ կատարվում է արգանդի պարանոցի զննում։
- Արգանդի պարանոցի կարերը հանվում են հղիության 37-38-րդ շաբաթում։
Տեղեկություններ հղի կնոջ համար
Հղիության ընդհատման սպառնալիքի դեպքում բժիշկը պետք է ՈւՁՀ-ի միջոցով հետևի արգանդի պարանոցի վիճակին։ ԻՑԱ-ի վիրաբուժական բուժման արդյունավետությունը և հղիության պահպանումը կազմում է 85–95%։