Արտարգանդային հղիության վիրահատական բուժումը

Արտարգանդային հղիության դեպքում, ինչպես բառն է հուշում, հղիությունը զարգանում է արգանդի խոռոչից դուրս։ Որքան շուտ ախտորոշվի, այնքան մեծ կլինի արգանդափողի, կնոջ առողջության, հաճախ՝ կյանքի պահպանման հավանականությունը։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում առաջին իսկ նշանների դեպքում ՈւՁՀ կատարել, որի միջոցով հնարավոր կլինի պարզել ոչ միայն արտարգանդային հղիության առկայությունը, այլև հստակեցնել բեղմնավորված ձվաբջջի տեղը։

Արտարգանդային հղիությունը հեռացվում է, բայց թե ինչ միջոցով այդ կկատարվի և ինչպես կազդի հետագայում հղիանալու կարողության վրա, թերևս գլխավոր հարցն է։

Կարդացեք՝ Արտարգանդային հղիություն

Նախկինում հեռացումը հաճախ կատարվում էր լապարատոմիայի միջոցով որովայնի առաջնային պատը բացելով ։ Հաճախ այն ենթադրում էր նաև արգանդափողի միաժամանակյա հեռացում (պտղաձվի, անգամ ձվարանի հետ միասին)։ Այդ ձևն այսօր էլ է կիրառվում, սակայն այն դեպքերում, երբ կինը ծայրահեղ վիճակում է, և գործելու ժամանակ չկա կամ էլ բուժհաստատությունը չունի ժամանակակից սարքավորումներ և համապատասխան մասնագետներ, ինչպես նաև եթե կան բաց վիրահատության ցուցումներ։

Գինեկոլոգներն այսօր հաճախ կիրառում են մեկ այլ միջոց՝ լապարասկոպիա, որի դեպքում գրեթե հետք չի մնում, և բացասական հետևանքներն էլ նվազագույնի են հասնում։

Ծանոթանանք այսօր կիրառվող միջոցներին՝ վիրահատական բուժում, լապարասկոպիա, և դրանց առանձնահատկություններին։

Վիրահատություն

Վիրահատությունն արտարգանդային փողային հղիության դեպքում կատարվում է խնդրի դադարեցման և վերացման տարատեսակ ձևերով։

Միլկինգ (ճնշումով դուրս հանել)։ Արվում է պտղաձվի շերտազատման դեպքում, պտղաձուն պարզապես ճնշումով դուրս են հանում արգանդափողից՝ միաժամանակ պահպանելով այն։ Կիրարառվում է այն ժամանակ, երբ չզարգացող սաղմը տեղակայված է լինում փողի ելքին մոտ։ Այսինքն՝ ցուցիչներն են պտղաձվի զարգացման կանգը շերտազատման հետևանքով և պտղաձվի տեղակայումը։

Տուբոտոմիա (սալպինգոտոմիա)։ Կատարվում է այն ժամանակ, երբ հնարավոր չէ միլկինգ կիրառել։ Վիրաբույժն արգանդափողը կտրում է պտղաձվի ամրացման տեղից և հեռացնում նրա տարրերը, իսկ փողը կարում է։ Եթե սաղմը մեծ է լինում, հեռացնում են արգանդափողի մի մասի հետ միասին։ Տուբոտոմիան թույլ է տալիս պահպանել արգանդափողը որպես իր գործառույթը լիարժեք կատարող օրգան։ Հետագայում հղիանալու հնարավորությունը պահպանվում է, չնայած որ նվազում է։

Տուբէկտոմիա։ Փողի վիրահատական հեռացումն է։ Վիրահատությունը կատարվում է այն դեպքում, երբ հնարավոր չէ պահպանել փողը․ այն ամբողջովին հեռացնում են պտղաձվի հետ միասին։ Հաճախ տուբէկտոմիա կատարում են արտարգանդային հղիության կրկնվելու դեպքում։

Լապարասկոպիա։ Այս մեթոդը համեմատաբար խնայող է, քանի որ թույլ է տալիս խուսափել որովայնի խոռոչի կտրվածքներից և պահպանել արգանդափողը (կտրվածքի փոխարեն անցք են բացվում)։ Բացի այդ, լապարասկոպիան այսօր ախտորոշման ամենահավաստի և ամենահուսալի մեթոդն է։

Լապարասկոպիայի առանձնահատկություններն արտարգանդային հղիության դեպքում

Որովայնի զննում։ Լապարասկոպիան թույլ է տալիս գնահատել արգանդափողերի վիճակը, տեսնել որովոյանի խոռոչում արյան առկայությունը և քանակը։ Ճշգրիտ և արագ ախտորոշումից բացի այն առավելագույնս խնայող, կնոջ առողջության պահպանման համար բուժման լավագույն տակտիկա ընտրելու հնարավորություն է տալիս։ Նրա շնորհիվ հաճախ պահպանվում է արգանդափողը, և մեծանում է ապագայում բարեհաջող հղիանալու հնարավորությունը։

Լապարասկոպիան տուբէկտոմիայի դեպքում

Արտարգանդային փողային հղիության զարգացման դեպքում արգանդափողը կարող է անդարձ փոխվել՝ ապագայում օրգանի աշխատունակության պահպանման հույս չթողնելով։ Տեսականորեն հնարավոր է այդ դեպքում տուբոտոմիա կատարել և պահպանել արգանդափողը, սակայն այդպիսի ձևախեղված փողը դժվար թե բնականոն աշխատի։ Հիմնականում այդպիսի իրավիճակը հանգեցնում է արտարգանդային հղիության կրկնման։

Նշված իրավիճակում լապարասկոպիան թույլ է տալիս ճշգրտությամբ գնահատել փողի վիճակը և այն պահպանելու հնարավորությունը։ Լապարասկոպիան հնարավորություն է տալիս օգտագործել տուբէկտոմիան միայն բացառիկ դեպքերում, միայն այն ժամանակ, երբ փողը պահպանելն ավելի վտանգավոր է, քան հեռացնելը։

Լապարասկոպիա (վիրահատություն)․ հավելյալ գործառույթներ

Լապարասկոպիական ցանկացած միջամտություն նաև ենթադրում է որովայնի խոռոչի մաքրում նրանում լցված արյունից։ Այդ գործընթացը բացառում է կպումների առաջացումը, հետևաբար նաև իրավիճակի կրկնվելն ապագայում։ Բացի ինքնին վիրահատությունից, լապարասկոպիան նաև թույլ է տալիս գնահատել երկրորդ փողի ու հավելումների վիճակը և անհրաժեշտության դեպքում վայրկյենապես վերականգնել փողի անցանելիությունը և լուծել այլ խնդիրներ։

Կարդացեք՝ Լապարասկոպիա

Որքան շուտ դիմեք բժշկի, այնքան շուտ կախտորոշվի արտարգանդային հղիությունը և կկատարվի լապարասկոպիան՝ պահպանելով օրգանները և ապահովելով հետագայում բարեհաջող հղիանալու և առողջ երեխա լույս աշխարհ բերելու կարողությունը։

Վերականգնումը և բուժումը լապարասկոպիայից հետո

Արտարգանդային հղիության հեռացումից հետո բուժումը պետք է համակողմանի լինի։ Ինչ վերաբերում է լապարասկոպիայի հետվիրահատական շրջանին, ապա այն տևում է մոտավորապես 5-7 օր։ Յոթերորդ օրը հեռացվում են կարերը։ Լապարասկոպիային հաջորդող երկու շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում վերքը մշակել յոդով և միայն ցնցուղ ընդունել։

Առաջին շաբաթների ընթացքում խորհուրդ է տրվում ստամոքսը չծանրաբեռնել յուղալի, քաղցր ու կծու ուտելիքներով։ Կարելի է սիրով զբաղվել միայն դաշտանային ցիկլի վերականգնումից հետո, այսինքն՝ երբ ավարտվի առաջին դաշտանը, որն սկսվել էր հետվիրահատական շրջանում։

Արտարգանդային լապարասկոպիայից հետո հղիությունը կարելի է պլանավորել 3-4 ամիս անց, եթե չկան հակացուցումներ։ Երբեմն լինում են դեպքեր, որ կինը հղիանում է վիրահատությունից 1-2 ամիս անց։ Լապարասկոպիկ վիրահատություն տարած կինը պարտադիր պետք է լինի բժիշկների հսկողության ներքո։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում