Սիմֆիզիտ․ տհաճ անակնկալ հղիության ընթացքում

Հղի կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, որպեսզի հղիությունն առանց խնդիրների ընթանա և առողջ երեխա լույս աշխարհ գա։ Այդ փոփոխությունները կատարվում են ամբողջ օրգանիզմում՝ ներառյալ հենաշարժողական համակարգը։ Ռելաքսին հորմոնի ազդեցությամբ կոնքային ոսկորների հոդերը փափկում են, ինչը մեծացնում է նրանց շարժունակությունը, և պտուղը հեշտությամբ է անցնում ծննդաբերական ուղով։ Ամեն բան չէ, սակայն, որ հարթ է ընթանում․ լինում են տարատեսակ շեղումներ, որոնք խանգարում են հղիության բնականոն ընթացքը։ Այդպիսի խնդիր է և սիմֆիզիտը։

Ինչ է սիմֆիզը և սիմֆիզիտը

Սիմֆիզը կոնքային ոսկորների միջև անցումային կապն է (կարծր շարակցական հյուսվածք), այն, ինչը կոչում ենք ցայլք։ Ինչպես նշվեց, հղիության ընթացքում այդ կարծր շարակցական հյուսվածքը բնականորեն ձգվում է՝ ձեռք բերելով որոշակի շարժունակություն, սակայն երբեմն այն չափից շատ է փափկում, դառնում գերշարժուն և ձգվում-լայնանում, ինչը հանգեցնում է ցայլքի այտուցվածության, ցավի ու անհարմարության։

Առաջացման պատճառները

Սիմֆիզիտի առաջացման պատճառների վերաբերյալ կարծիքները տարամետ են։ Բազմաթիվ բժիշկներ համոզված են, որ այն պայմանավորված է մոր օրգանիզմում կալցիումի պակասով, հորմոնային խանգարումներով, մասնավորապես՝ ռելաքսին հորմոնի ավելցուկով։

Մի շարք տեսությունների համաձայն սիմֆիզիտը պայմանավորված է ժառանգական առանձնահատկություններով և հենաշարժիչ համակարգի տարատեսակ խնդիրներով, որոնք կարող էին առաջանալ նախքան հղիությունը։ Բացի այդ, քաշի արագ ավելացումը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հանգստի և քնի, սնվելու ռեժիմի խախտումը նույնպես կարող են իրենց դերն ունենալ հիվանդության առաջացման գործում։

Ախտանշանները և ախտորոշումը

Քանի որ կարծր շարակցական հյուսվածքն սկսում է փափկել ծննդաբերությանը մոտ շրջանում՝ երրորդ եռամսյակում, ախտանշանները նույնպես ի հայտ են գալիս այդ ընթացքում, հաճախ էլ երկրորդ եռամսյակի կեսերին։ Կնոջն առաջին հերթին սկսում է անհանգստացնել ցայլքի շրջանի ցավը քայլելիս, աստիճանով բարձրանալիս։ Այդ ժամանակ հեշտ է ախտանշաններն անտեսելը՝ դրանք վերագրելով օրգանիզմի բնական փոփոխություններին և թույլ տալով, որ հիվանդությունը զարգանա։

Ցավը խնդրի զարգացման աստիճանին համապատասխան ուժգնանում է՝ սկսելով անհանգստացնել նաև հանգիստ վիճակում, երբեմն էլ պառկած ժամանակ։ Շրջվելիս, աթոռից կամ անկողնուց վեր կենալիս ցավն ավելի ու ավելի է ուժգնանում։

Ցայլքի այտուցվածությունը նույնպես բնորոշ ախտանշան է։ Այդ բոլորը միասին հանգեցնում են քայլվածքի փոփոխության․ քայլերը դառնում են կարճ, ծանր, բադի նման։

Ծննդաբերությունը

Չափից շատ ձգվելու հետևանքով հնարավոր է, որ ծննդաբերության ընթացքում կարծր շարակցական հյուսվածքը պատռվի, ինչի արդյունքում կինն ստիպված կլինի շաբաթներ շարունակ մնալ անկողնում պառկած, տանել ծանր ցավն ու այլ անհարմարությունները, ստանալ լուրջ բուժում, առժամանակ չզբաղվել երեխայի խնամքով։ Չնայած սպառնացող վտանգին՝ սիմֆիզիտը չի բացառում բնական ծննդաբերությունը, եթե պտուղը մեծ չէ, գլխային դիրքում է, ձգվածությունն էլ չի գերազանցում 10մմ-ը և կնոջ կոնքն էլ լայն է։ Նշված պայմաններից մեկի կամ մի քանիսի բացակայության դեպքում կատարվում է կեսարյան հատում։

Ախտորոշումը դժվարացնում է այն հանգամանքը, որ ցանկալի չէ հղի կնոջը ռենտգեն անել։ Այդ պատճառով նախնական ախտորոշումը կատարվում է՝ ելնելով կնոջ գանգատներից։ Հաճախ բժիշկը գինեկոլոգիական զննում է իրականացնում, իսկ հաստատման համար նշանակում ՈւՁՀ։ Ախտորոշման հարցում օգնում է նաև համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան։

Բուժումը

Սիմֆիզիտը չի բուժվում։ Այն ինքնուրույն անցնում է ծննդաբերությունից հետո, երբ հորմոնային համակարգը կարգավորվում է։ Ռելաքսինն այլևս չի ազդում ոսկրերի և հոդավորումների վրա, որոնք նույնպես կարգավորվում են։ Հղիության ընթացքում սիմֆիզիտի բուժումն ուղղվում է կնոջ վիճակի թեթևացմանը և ծննդաբերության ճիշտ մարտավարության ընտրությանը։

Առաջին, հարկավոր է նեղ շրջազգեստ հիշեցնող, հատուկ բանդաժ հագնել, որը կպահի կոնքն ու ազդրերը՝ կանխելով հոդավորումների հետագա լայնացումը և օգնելով վերացնել ցայլքի այտուցվածությունը։ Երկրորդ, ցանկալի է չքայլել, կանգնել կամ նստել նույն դիրքում մեկ ժամից ավել։ Ոտքերը պետք է պահել համաչափ դիրքում։

Բացի այդ, պետք է սնվել կալցիումով հարուստ մթերքներով՝ կաթով, կաթնաշոռով, յոգուրտով, պանրով, կանաչեղենով, ձկնեղենով և այլն։ Հարկավոր է խուսափել շատ գիրանալուց, քանի որ դրանով մեծանում է փափկած կարծր շարակցական հյուսվածքի վրա ընկնող ծանրությունը։

Կարդացեք՝ Կալցիումը հղիության ընթացքում

Ի դեպ, կարևոր է իմանալ, որ կալցիումը լավ է յուրացվում միայն այն դեպքում, երբ օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը բնական է։ Մի նուրբ պահ կա․ վիտամին D-ն օրգանիզմում չի յուրացվում մթերքից, այն սինթեզվում է միայն արևի ճառագայթների ազդեցությամբ, ուստի սիմֆիզիտ ունեցող կանայք պետք է հաճախ լինեն մաքուր օդում: Ծանր դեպքերում հնարավոր է, որ ստացիոնար բուժում նշանակվի, որի շրջանակներում ֆիզիոթերապիա է անցկացվում, տրվում են հակաբորբոքային դեղամիջոցներ, կատարվում է ցավազրկում, իսկ հորմոնային թերապիա սովորաբար չի նշանակվում։

Ինչպե՞ս կանխարգելել

Սիմֆիզիտի կանխարգելումը բարդ է, քանի որ առաջացման պատճառները վերջնականորեն պարզ չեն, սակայն համարվում է, որ վտանգն այնուամենայնիվ հնարավոր է նվազեցնել։ Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, կատարել հատուկ վարժություններ, օրինակ՝ Կեգելի։ Դրանց վերաբերյալ պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ կարող են հակացուցումներ լինել։ Կարևոր նշանակություն ունի նաև սնունդը։ Այն պետք է հարուստ լինի կալցիումով, ավելորդ չի լինի նաև կալցիում և վիտամին D պարունակող պոլիվիտամինների ընդունումը։

Կարդացեք՝ Կեգելի վարժություններ

Բարեբախտաբար սիմֆիզիտը չի ազդում երեխայի վրա, մորն էլ սպառնացող վտանգը փոքր է, քանի որ բժիշկները վերահսկում են նրա վիճակը և հարկն եղած դեպքում կատարում կեսարյան հատում։ Ծննդաբերությունից հետո հորմոնային ֆոնը կարգավորվում է, և ոսկրային բոլոր հոդավորումները վերադառնում են նախկին վիճակին, այդ հանգամանքով պայմանավորված՝ անհետանում է նաև այտուցվածությունը և ցավը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար