Հետվիրահատական հեմատոմա

Հետվիրահատական հեմատոմա

Վիրաբուժական միջամտությունից հետո հնարավոր է, որ տարաբնույթ բարդություններ ի հայտ գան։ Այդ բարդություններից է հեմատոման։ Ո՞րն է առաջացման պատճառը, ի՞նչ ազդեցություն է ունենում հիվանդի առողջության վրա, բուժման ի՞նչ եղանակներ կան։

Ի՞նչ է հեմատոման․ տեսակները

Հեմատոման արյան կուտակումն է, ինչն առաջանում է վնասվածքի, հիվանդության պատճառով երակների, անոթների, մազանոթների պատռվածքից կամ քայքայվածությունից։ Վիրահատության ժամանակ հյուսվածքների անոթները կտրվում են, այդ պատճառով հեմատոմայի ձևավորման հավանականությունը մեծանում է։

Ըստ տեղակայման՝ հեմատոման լինում է՝

  • ենթամաշկային,
  • ներմկանային,
  • սուբսերոզային,
  • ներգանգային։

Կլինիկական դրսևորումները

Ենթամաշկային հեմատոման շրջանաձև կապտուկ է, սկզբում ունենում է կարմիր գույն, սակայն աստիճանաբար դառնում է մանուշակագույն, այնուհետև՝ դեղնականաչավուն, վերջին փուլում՝ շագանակագույն երանգ։

Երբեմն բծերի խումբ է հիշեցնում, այդ դեպքում բազմակի հեմատոմա է։ Այդպիսի բարդության դեպքում հիվանդը ցավ է զգում, մկանային աշխատանքի խանգարում, ջերմության տեղային բարձրացում, երբեմն էլ՝ պուլսացիա։

Որովայնի խոռոչի հետվիրահատական հեմատոման ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով՝ որովայնի շրջանում ճնշման զգացում, ցավ, որովայնի ուրվագծի ձևախեղում, կոշտացում, կապտուկ այտուցի հատվածում, դրենաժից ավելորդ արյան արտահոսք։

Ներգանգային հեմատոման կարող է դրսևորվել ուժեղ և հանկարծակի գլխացավով, քնկոտությամբ, փսխմամբ և սրտխառնուքով, գիտակցության մթագնումով, գիտակցության կորստով, էպիլեպսիային հատուկ նոպաներով, պարալիչով։ Ժամանակին չախտորոշելու դեպքում կարող է հանգեցնել կոմայի կամ մահվան։

Ծագումնաբանությունը

Հաճախ հեմատոման առաջանում է վիրահատությունից անմիջապես հետո (առավելագույնը՝ մեկ օրվա ընթացքում)։ Հետվիրահատական հեմատոման ձևավորվում է հետևյալ դեպքերում՝

  • միջամտությունից հետո առաջացած անոթային բարձր ճնշում, 
  • անոթային հիվանդություններ, որոնք նպաստում են անոթների պատերի հյուծմանը,
  • արյան մակարդելիության խանգարումներ, 
  • նախկինում ունեցած վնասվածքներ, 
  • որոշ դեղամիջոցների օգտագործում (ասպիրին պարունակող),վարակիչ, օնկոլոգիական որոշ հիվանդություններ, վիտամին В-ի,К-ի, С-ի, ֆոլաթթվի պակաս և այլն։

Ո՞րն է վտանգը

  • Վարակի զարգացման վտանգ։ 
  • Հեմատոմայի շրջանում առաջացած կոշտությունը հնարավոր է, որ շատ ուշ անհետանա, գուցեև մնա հավետ։
  • Սպի, որը կարող է սահմանափակել հյուսվածքների շարժունակությունը։
  • Ուղեղի հյուսվածքների անդառնալի ախտահարում, ինչը կարող է հանգեցնել մահվան։

Բուժումը

Երբեմն հետվիրահատական փոքր հեմատոման ներծծվում է ինքնուրույն։ Ներծծումն արագացնելու համար կարելի է այդ հատվածի վրա սառույց դնել։ Ոտքի վրա առաջացած հեմատոմայի դեպքում խորհուրդ է տրվում ճնշակապ դնել։

Դեղորայքային բուժումը ենթադրում է՝

  • արնահոսության դադարեցմանը նպաստող դեղամիջոցների օգտագործում,
  • վարակների կանխարգելմանն ուղղված հակաբիոտիկների նշանակում, 
  • ոչ ստերոիդային հակաբորբոքիչների (գելի և մազի տեսքով) նշանակում, որոնք նվազեցնում են հյուսվածքների ռեակտիվությունը, ցավազրկում, նվազեցնում այտուցվածությունը, 
  • ֆիզիոթերապիա և բանդաժի կրում, 
  • արնահոսող օջախի վերացում։ 

Որոշ դեպքերում հեմատոմայի հեռացումն իրականացվում է ներարկման միջոցով, որի դեպքում կուտակված արյունը դուրս է քաշվում։ Եթե ավանդական բուժումն անարդյունավետ է լինում, հեմատոման հեռացվում է վիրահատությամբ, անհրաժեշտության դեպքում՝ արնահոսող անոթի այրմամբ։ Միջամտությունից հետո դրենաժ է դրվում մոտ երեք օր։

Կանխարգելումը

Ցանկացած վիրահատություն, որը կատարվում է նշտարիկով, հեմատոմայի առաջացման վտանգ է պարունակում։ Այդ պատճառով էլ այսօր նախապատվությունը տրվում է լազերային վիրաբուժությանը, երբ անոթների այրումը կատարվում է հենց վիրահատության ընթացքում, ինչը շեշտակիորեն նվազեցնում է արնահոսության վտանգը։ Այդուհանդերձ բազմաթիվ են այն դեպքերը, որոնց պարագայում դասական վիրահատությունն անփոխարինելի է։

Պայմաններ, որոնց պահպանումը նվազեցնում է հետվիրահատական հեմատոմայի առաջացման վտանգը՝

  • վիրահատությունից առաջ կատարվող հետազոտություններ՝ ուղղված անոթների կառուցվածքի կամ արյան մակարդելիության վրա ազդող հիվանդությունների կամ վիճակների հայտնաբերմանը, 
  • արյան մակարդելիության վրա ազդող որոշ դեղամիջոցների չեղարկում, 
  • գրագետ կատարված վիրահատություն,
  • վիրահատությունից հետո վերականգնվելուն ուղղված հանձնարարականների ճիշտ կատարում։ 

Ներքին օրգանների հեմատոմայի կանխարգելումը ենթադրում է անկողնային ռեժիմի պահպանում, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացառում, բանդաժի կրում։

Ոտքերի վարիկոզի հեռացման վիրահատությունից հետո կապտուկներից և այտուցվածությունից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում բավարարել հետևյալ պահանջները՝

  • ոտքը պետք է շարժել (ծալել, պտտել) միջամտությունից մի քանի ժամ անց, 
  • հաջորդող օրերին առաձգական վիրակապով կապել, ինչից հետո հիվանդը կարող է քայլել, 
  • բուժիչ մերսում, ֆիզիկական վարժություններ կատարել։ 

Գլխուղեղի վիրահատությունից հետո հարկավոր է վերահսկել հիվանդի վիճակը։ Ներգանգային հեմատոման ճշգրիտ ախտորոշվում է ուղեղի ՀՏ-ի (համակարգչային տոմոգրաֆիա) կամ ՄՌՏ-ի (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) միջոցով։

Հեմատոմայի կանխարգելման նպատակով վիրահատությունից հետո դրենաժ է դրվում։ Հետվիրահատական վերականգնմանն ուղղված հանձնարարականները կախված են միջամտության բնույթից և հիվանդի օրգանիզմի առանձնահատկություններից։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում