Կաթնագեղձի կիստա

Կաթնագեղձի կիստա

Կաթնագեղձի կիստա են անվանում այն խոռոչը, որը շրջապատված է շարակցական հյուսվածքի թաղանթով (պարկուճ) և հեղուկ նյութ է պարունակում։

Կիստան կաթնագեղձի դիսպլազիաների շարքից է և հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց (18-45 տ․) շրջանում։ Այն բարորակ նորագոյացություն է և հաճախ ի հայտ է գալիս որպես ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիայի դրսևորում, մասնավորապես՝ հանգուցային ձևի։

Ձևերը

Ըստ կիստայի քանակի՝ տարբերում են միայնակ գոյացություն (սոլիտար կիստա) և բազմաքանակ (կաթնագեղձի պոլիկիստոզ)։ Ըստ մեծության՝ լինում են փոքր (մինչև 20մմ) և մեծ կամ հսկա կիստաներ, ըստ խոռոչների քանակի՝ միախոռոչ և բազմախոռոչ։ Եթե կիստայի պարկուճը ներսում սերտաճումներ է ունենում, ապա կոչվում է ատիպիկ կիստա։

Առանձնացվում են կիստաների այլ ձևեր ևս՝

  • ֆիբրոզային, 
  • ծորանային, 
  • ճարպային,
  • գալակտոցելե (հղիության և կրծքով կերակրման շրջանում)։

Առաջացման պատճառները

Կաթնագեղձի կիստայի առաջացման հիմնական պատճառը էստրոգենների և պրոգեստերոնի հարաբերակցության խախտումն է, այսինքն՝ հորմոնային անհավասարակշռությունը։ Նպաստող գործոններն են՝

  • ժառանգական նախատրամադրվածություն, 
  • նեյրոէնդոկրինային տարատեսակ խանգարումներ, 
  • ծննդաբերության բացակայություն մինչև 30 տարեկանը և դրանից հետո, 
  • սթրեսներ, 
  • աբորտներ, 
  • գինեկոլոգիական հորմոնային հիվանդություններ, 
  • գիրացում, շաքարային դիաբետ, 
  • վաղաժամ և ուշ դաշտանադադար, 
  • վաղաժամ սեռական հասունացում, 
  • հրաժարում կրծքով կերակրումից կամ երկարատև կերակրում, 
  • հորմոնային բեղմնականխիչների օգտագործում, 
  • կաթնագեղձի վնասվածք, 
  • կաթնագեղձի բորբոքում։

Ախտանշանները

Կաթնագեղձի կիստայի ախտանշանները կախված են կիստայի մեծությունից․ որքան փոքր է կիստան, այնքան թույլ են արտահայտվում ախտանշանները, կամ չի զգացնում։ Կանանց հիմնական գանգատը կրծքի տարաբնույթ ցավն է լինում, երբեմն՝ քորն ու այրոցը։ Հսկա կիստաները դեֆորմացնում են կաթնագեղձը՝ մեծացնելով այն։

Ախտորոշումը

Կաթնագեղձի դիֆերենցիալ ախտորոշում կատարում են կաթնագեղձի ֆիբրոադենոմայի և քաղցկեղի դեպքում։ Շոշափելով դժվար է ֆիբրոադենոման տարբերել կիստայից, այդ իսկ պատճառով ախտորոշման նպատակով կիրառում են հետազոտման այլ մեթոդներ՝ ՈւՁՀ, մամոգրաֆիա։ Կաթնագեղձի քաղցկեղը բնորոշվում է ոչ միայն գոյացության առկայությամբ, այլև մաշկի և պտուկի փոփոխություններով, ինչպես նաև թևատակի ավշահանգույցների մեծացմամբ։

Կարդացեք՝ Կաթնագեղձերի հետազոտում․ ինչպե՞ս հասկանալ, որ խնդիր կա

Կիրառվում են նաև ախտորոշման գործիքային մեթոդներ՝

  • կաթագեղձի ՈւՁՀ-ն թույլ է տալիս սոլիտային գոյացությունը (ֆիբրոադենոմա կամ քաղցկեղ) տարբերել կիստայից, ինչպես նաև ուսումնասիրել կիստայի պարկուճի ներքին պատի բնույթը, 
  • մամոգրաֆիա՝ կաթնագեղձի ռենտենաբանական հետազոտություն, որ հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ գոյացության մեծության, քանակի և ձևի մասին, 
  • պնևմոցիստոգրաֆիա․ տեղեկություն է տալիս կիստային ներքին պատի վիճակի մասին, 
  • կիստայի պարունակության ասպիրացիա և հիստոլոգիական քննություն։

 Նշանակվում են նաև լաբորատոր մի շարք հետազոտություններ՝ ըստ ցուցման։

Բուժումը

Կաթնագեղձի կիստայի բուժմամբ զբաղվում է մամոլոգը։ Եթե կիստան 20մմ և փոքր է, ներսում չունի սերտաճումներ, ու պարունակության հիստոլոգիայի արդյունքը գոհացնող է, ապա այն ենթակա է դիտման։ Այդ պարագայում կարևոր է նաև հիվանդության առաջացմանը նպաստող գործոնների հայտնաբերումն ու վերացումը, ինչպես նաև հորմոնային հավասարակշռության կարգավորումը (առողջ ապրելակերպ, հրաժարում վնասակար սովորություններից, ռացիոնալ սննդակարգ և այլն)։

Կիրառվում է նաև վիրահատական բուժում, որի դեպքում հեռացնում են կիստայի պարունակությունը։ Կաթնագեղձի որոշ մասերի հեռացման են դիմում մի շարք ցուցումների դեպքում՝

  • բազմախոռոչ, բազմաքանակ կիստաներ,
  • հիվանդության պատմության մեջ կրծքագեղձի քաղցկեղի առկայություն, 
  • ատիպիկ կիստա։

Կիստաները հղիության և լակտացիայի շրջանում

Հղիության ընթացքում հայտնաբերված կիստան վտանգավոր չէ, և հղիության ընթացքն էլ չի նպաստում կիստայի մեծացմանը, չնայած որ լինում են դեպքեր, երբ կիստան փոքրանում է և ինքնուրույն վերանում։ Կաթնագեղձում հայտնաբերված կիստան սովորաբար չի ազդում լակտացիայի վրա և կրծքով կերակրման հակացուցում չէ, սակայն մամոլոգի խորհրդատվության դիմելը և նրա հետևողականությունը անհրաժեշտություն է։

Հետևանքները և կանխատեսումները

Կարծիքը, թե կաթնագեղձի կիստան միշտ վերածվում է քաղցկեղի, սխալ է։ Քաղցկեղը հնարավոր է, բայց առաջացման ռիսկը նույնքան է, որքան առողջ կնոջ դեպքում։

Վտանգավոր է, երբ կիստան թարախակալվում է, երբ նրա խոռոչում վարակ է հայտնվում։ Այդ դեպքում անհապաղ վիրահատական միջամտություն է պահանջվում։

Չպետք է մոռանալ նաև կիստայի նախատրամադրող գործոնների մասին։ Հարկավոր է վերացնել դրանք, հակառակ դեպքում կիստան ոչ միայն կկրկնվի, այլև կմեծանա ամբողջ օրգանիզմում հորմոնային հավասարակշռության խախտման հավանականությունը, ինչը կհանգեցնի անպտղության։ Կիստայի համապատասխան և ճիշտ ժամանակին բուժման դեպքում կանխատեսումը դրական է։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում