Կուսաթաղանթ. առանձնահատկությունները և ամբողջականության խախտումը

Կուսաթաղանթ. առանձնահատկությունները և ամբողջականության խախտումը

Կուսաթաղանթը միայն կնոջ օրգանիզմին բնորոշ առանձնահատկություն է, որը տարբեր կրոններում և մշակույթներում արժևորվում է որպես պարկեշտության և մաքրության խորհրդանիշ։ Բժշկությունը կուսաթաղանթը գնահատում է այլ կերպ, հստակեցնում է գործառույթները, միաժամանակ գիտելիք է հաղորդում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հյուսվածքը և ինչ ձևով է հնարավոր վնասել այն։

Ի՞նչ է կուսաթաղանթը

Կուսաթաղանթը կազմված է շարակցական հյուսվածքից և լորձաթաղանթից, փակում է հեշտոցի մուտքը։ Շարակցական հյուսվածքին՝ որպես կուսաթաղանթի հիմքի, լրացնում են արյունատար անոթները, մազանոթները, նյարդային վերջավորությունները։ Կուսաթաղանթն օժտված է առաձգականությամբ։ Արյունատար անոթների հաստությունից ու քանակից է կախված պատռման ժամանակ նկատվող արյան քանակն ու ծավալը։ Նյարդային վերջավորությունների հագեցվածությունն է պայմանավորում պատռման ժամանակ ցավի ուժգնությունը և շարունակականությունը։ Բնականում կուսաթաղանթը տեղակայված է լինում հեշտոցի մուտքից 1-3սմ խորությամբ։

Կուսաթաղանթը սովորաբար ունենում է տարբեր մեծության մեկ կամ մի քանի անցք։ Անցքի անհրաժեշտությունը պայմանավորված է բնական գործընթացներով․ այն ծառայում է դաշտանային արյան, բնական արտադրության, լորձի, ինչպես նաև մեռած բջիջների արտահոսքին։

Կուսաթաղանթը կնոջ օրգանիզմում կարևոր գործառույթ ունի։ Այն ծառայում է որպես յուրահատուկ պատնեշ ներքին և արտաքին միջավայրի համար։ Այդ նուրբ պատնեշը պաշտպանում է հեշտոցն ու ներքին սեռական օրգանները վարակների ներթափանցումից և ախտածին միկրոֆլորայից այնքան ժամանակ, մինչև օրգանիզմը կազմավորվի, ամրանա և ի զորու լինի զարգանալ առանց պաշտպանիչ թաղանթի։ Կուսաթաղանթի պատռումից հետո էլ, սակայն, պետք է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները և ուշադիր լինել անձնական հարաբերությունների կառուցման հարցում, որպեսզի միզասեռական համակարգի վարակման վտանգ չառաջանա։ Հիվանդությունների կանխարգելման նպատակով սեռահասուն կնոջը խորհուրդ է տրվում վեց ամիսը մեկ անգամ գինեկոլոգիական խորհրդատվության դիմել։

Ամբողջականության խախտում

Բնականում կուսաթաղանթ են ունենում սեռական կյանք չսկսած կանայք։ Կուսաթաղանթի պատռումը, որ կոչվում է դեֆլորացիա, ավանդաբար կատարվում է առաջին սեռական ակտի ընթացքում, սակայն լինում են և բացառություններ։

Հնարավոր է, որ կուսաթաղանթն ի ծնե փակ լինի։ Այդ երևույթը կոչվում է ապլազիա։ Հնարավոր է, որ գերաճ տա պատռումից որոշ ժամանակ անց, ինչը կոչվում է երկրորդային ատրեզիա։ Կուսաթաղանթը երբեմն աչքի է ընկնում նաև իր ամրությամբ, ինչը շնորհիվ մի շարք անատոմիական առանձնահատկությունների հեշտությամբ հանգեցնում է կեղծ վագինիզմի։

Հակադիր առանձնահատկությունն էլ այն է, որ կուսաթաղանթը խիստ առաձգական է լինում, ուստի պահպանում է իր ամբողջականությունն անգամ մի քանի սեռական ակտից հետո։

Ե՛վ խիստ ամուր, և՛ խիստ առաձգական կուսաթաղանթն առիթ է գինեկոլոգի դիմելու:

Ահա դեֆլորացիայի այն կոնկրետ իրավիճակները, որոնք արձանագրված են բժշկական պրակտիկայում։

  • Սեռական խաղեր, բայց ոչ դասական սեռական ակտ, այսինքն՝ տարատեսակ գուրգուրանքներ մատների, առնանդամի, սեքսուալ խաղալիքների և այլնի միջոցով։ Պետք է հաշվի առնել, որ սեռական հարաբերության բացակայությունը և կուսաթաղանթի ամբողջականության պահպանումը անհավանական չի դարձնում բեղմնավորումը սերմաբջիջների արտազատման պայմաններում։ 
  • Ձեռնաշարժություն՝ մաստուրբացիա։ Մատների կամ այլ առարկաների ներհրումը հեշտոցի մեջ ևս կարող է դառնալ կուսաթաղանթի պատռման պատճառ։ 
  • Հիգիենիկ տամպոնների (վիրախցուկ) սխալ, անզգույշ կիրառում։ 
  • Գինեկոլոգիական գործիքների օգտագործում։ Սեռական կյանք չվարող աղջկա կամ կնոջ դեպքում գինեկոլոգիական զննումն իրականացվում է առանց գործիքների, ուստի հարկավոր սեռական փորձի բացակայության մասին նախապես զգուշացնել գինեկոլոգին։ 
  • Վաղ մանկական հասակում ծնողի անզգուշությունը երեխային լողացնելիս։

Կուսաթաղանթը չի պատռվում հետևյալ դեպքերում՝

  • արտաքին ներգործություն՝ ներքնաշորի սթրինգ տեսակի կրում, մագլցում պարանի վրայով, կոնքի վնասվածքներ, 
  • տամպոնի ճիշտ օգտագործում․ աղջիկներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ գինեկոլոգիական միջադիրներին կամ ընտրել չափով փոքր տամպոններ,
  • ձեռնաշարժություն առանց մատը կամ որևէ առարկա հեշտոցի մեջ մտցնելու, 
  • սպորտով զբաղվելու կամ պարելու դեպքում (բացառություններ խիստ հազվադեպ են լինում)։

Կարդացեք՝ Ճի՞շտ է, որ կուսաթաղանթի վերականգնման երկու եղանակ կա՝ կարճաժամկետ և երկարաժամկետ

Կուսաթաղանթի պատռման լավագույն տարիքը

Բազմաթիվ գինեկոլոգների կարծիքով կուսաթաղանթի պատռման համար լավագույն տարիքը18 տարեկանից հետոն է։ Համարվում է, որ այդ տարիքում աղջկա օրգանիզմը պատրաստ է լինում հաջորդող փոփոխություններին, սակայն պետք է հաշվի առնել, որ կուսությունից զրկվելը, ինչպես և դրան հաջորդող յուրաքանչյուր սեռական ակտը, մեծացնում է հղիանալու հավանականությունը, ինչն այդ տարիքում ոչ միշտ է ցանկալի։

Հարկավոր է հաշվի առնել ևս մեկ հանգամանք․ բեղմնավորման համար կուսաթաղանթի պատռումն ամենևին էլ անհրաժեշտություն չէ, բավական է միայն, որ սերմնաբջիջը ներթափանցի հեշտոցի մեջ և առաջ շարժվի, ինչը հնարավոր է կուսաթաղանթի վրա անցքի կամ անցքերի առկայության շնորհիվ։

Ինչպես արդեն նշվել է, կուսաթաղանթն ունի պաշտպանիչ նշանակություն, սակայն ոչ բոլորն են մտածում այդ մասին սեռական հարաբերություն սկսելիս։ Խորհուրդ է տրվում տաբուներ ու սահմանափակումներ չստեղծել, միևնույն ժամանակ չկորցնել խելամտությունը և հաշվի առնել մի շարք նրբություններ, որոնք թույլ կտան խուսափել տհաճ հետևանքներից և անցանկալի հղիությունից։

  • Զուգընկերների փոխհամաձայնություն և ոչ թե բռնության կիրառում։ 
  • Պատնեշային բեղմնականխիչների օգտագործում։ 
  • Կենտրոնացում միմյանց հույզերի և զգացողությունների վրա։

Թյուր է այն կարծիքը, որ կուսաթաղանթը տարիքի հետ ամրանում է, և դեֆլորացիան դժվարանում։ Պետք է հասկանալ, որ տարիների ընթացում սկսում են դեր խաղալ հոգեբանական մի շարք գործոններ, որոնք հաճախ բարդույթներ են առաջ բերում։

Կարդացեք՝ Հիմենապլաստիկա՝ կուսաթաղանթի վերականգնում

Ինչպես հասկանալ կուսաթաղանթը պատռվել է, թե ոչ

Կուսաթաղանթի ամբողջականության խախտումը հնարավոր է պարզել միայն բժշկական զննման արդյունքում։ Պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք։ Կուսաթաղանթն իր ձևով, կառուցվածքով և առաձգականությամբ տարբեր է լինում։ Լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթը պատռվում է այլ գործոնի ազդեցությամբ կամ էլ պահպանում է իր ամբողջականությունն անգամ մի քանի սեռական ակտից հետո, երբեմն էլ մինչև ծննդաբերություն։ Լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթն ի ծնե բացակայում է։

 

Աղբյուրը

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում