Առավոտը երջանիկ դարձնելու 4 միջոց

Առավոտը երջանիկ դարձնելու 4 միջոց

Շատերս պարզապես ատում ենք առավոտը։ Պատճառները պարզ են․ մեր քունն ընդհատվում է զարթուցիչի ձայնից, ինքնաբերաբար անջատում ենք այն և որոշում մի փոքր էլ քնել, իսկ երբ վերջապես արթնանում ենք, արդեն տնից դուրս գալու ժամանակն է լինում։ Լոգանք, մազերի հարդարում, դիմահարդարում, նախաճաշելու ժամանակ չկա․․․ Ահա թե ինչու ենք դուրս գալիս (դուրս վազում) տնից արդեն իսկ դյուրագրգիռ վիճակում։

Հնարավոր է շտկել իրավիճակը։ Այդ ժամանակ յուրաքանչյուր առավոտը մեզ կսնի էներգիայով և երջանկությամբ, որը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում։ Առավոտն օրվա ամենալավ հատվածն է, հարկավոր է պարզապես կազմակերպվածություն դրսևորել և կառավարել ժամանակը։

Ավելի վաղ արթնացեք

Եթե ավելի շատ ժամանակ ունենաք, չեք շտապի։ Բացի այդ, վաղ արթնացումը յուրօրինակ հանգստություն է պարգևում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վաղ արթնացող մարդիկ ավելի երջանիկ են և կյանքից գոհ։ Զարթուցիչը թող զնգա մեկ ժամ շուտ, և փորձեք նախօրեին շատ ուշ չքնել․ քնի տևողության կրճատումն անդրադառնում է աշխատանքի արդյունավետության վրա։

Լիարժեք նախաճաշ պատրաստեք

Նախաճաշը սնվելակարգի ամենակարևոր տարրն է, սակայն ինչո՞ւ են շատերն ամեն առավոտ հրաժարվում դրանից։ Երբ արթնանում ենք, մեր օրգանիզմն էներգիայի կարիք է ունենում, բացի այդ, որքան երկար ժամանակ ենք առանց սննդի մնում, մկաններն այնքան մեծ պաշար են ստիպված լինում օգտագործել, և այնքան քիչ էներգիա ենք ունենում։ Ածխաջրերով հարուստ նախաճաշը բարձրացնում է տրամադրությունը։ «Քաղցած» ուղեղն ստանում է անհրաժեշտ գլյուկոզան, և դադարում ենք անհանգստանալ ու նյարդայնանալ։ Երբ սկսում եք մտածել, թե ինչ ուտեք նախաճաշին, ընտրեք սննդարար մի բան և անպայման վայելեք կերածը։ Երբ նախաճաշելը սովորական երևույթ դառնա, ձեր օրն անկասկած ուրախությամբ լեցուն կլինի։

Մարզանք արեք

Բոլորին է հայտնի, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է տրամադրությունը․ անգամ հինգ րոպե մարզանքի արդյունքը կնկատեք։ Կարևորն այն է, որ առավոտյան մարզանքը չընդունեք որպես պատիժ, որպես անպետք զբաղմունք, որը միայն վատնում է ժամանակը։ Գտեք այն, ինչը հաճույք է պատճառում։ Զբոսնեք՝ դիմավորելով արշալույսը, հեծանիվ քշեք, վազեք, խաղացեք շան հետ, յոգայով զբաղվեք․․․ Արեք այն, ինչը դուր է գալիս, առույգացնում է մարմինն ու միտքը։

Կենտրոնացեք այն բանի վրա, ինչ անում եք

Այն մարդիկ, ովքեր կենտրոնացած են ներկայի վրա, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր տարված են անցյալի կամ ապագայի մասին մտքերով։ Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ անում եք, ապրեք պահը, երբ լոգանք եք ընդունում, սնվում եք կամ թեյ խմում։ Ուղղակի նստեք և կերեք, մի կարդացեք նորությունները, մի դիտեք հեռուստացույց և այլն։ Ուշադրություն դարձրեք ձեր զգացումներին։ Երբ ձեր ուշադրությունը չի շեղվում, նախաճաշն ու առհասարակ առավոտն անհրաժեշտ իմաստն ու ծավալն են ձեռք բերում։ Սովոր ենք միաժամանակ մի քանի գործ անելուն և հազվադեպ ենք թույլ տալիս մեզ կենտրոնանալ ու լիովին խորասուզվել նրա մեջ, ինչն անում ենք։ Իրականում հենց այդպիսի մոտեցումն է ապահովում ճիշտ տրամադրվածություն սպասվող ամբողջ օրվա համար։

Մարդը մեկ կյանք է ապրում, և յուրաքանչյուր առավոտն իսկական նվեր է։ Սթիվ Ջոբսը՝ Apple ընկերության հիմնադիրը, մի անգամ ասել է․ «33 տարվա ընթացքում ամեն օր կանգնել եմ հայելու առաջ և ինքս ինձ հարցրել՝ եթե այս օրը լիներ իմ կյանքի վերջին օրը, կանեի՞ այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր։ Եթե մի քանի օր շարունակ պատասխանում էի «ոչ», ապա հասկանում էի, որ ինչ-որ բան է պետք փոխել»։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: