Հոդվածի աղբյուրը՝ webmd.com Թարգմանությունը՝ sotskiy.am

Ճշմարտությունը հղիազոլերի մասին

04.08.201518958

Ծննդաբերությունից հետո կնոջ կյանքում մեծ փոփոխությունններ են տեղի ունենում՝ սկսած օրվա գրաֆիկից մինչև ֆիզիկական փոփոխություններ: Արտաքինի հետ կապված փոփոխությունները, մասնավորապես՝ ի հայտ եկած հղիազոլերը, անհարմարություն և մտահոգություն են պատճառում:

Կարդացեք՝ Կնոջ օրգանիզմի փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիազոլերն առաջանում են, երբ մարմինն ավելի արագ է աճում, քան մաշկը: Արդյունքում մաշկի տակ գտնվող էլաստիկ բջջանյութը վնասվում է և առաջանում են զոլեր: Հղիության ընթացքում կնոջ քաշն ավելանում է մոտ 12 կիլոգրամով: Հիմնականում մեծանում են կրծքերը և որովայնը, այդ պատճառով զոլերը գլխավորապես դիտվում են այդ հատվածներում, հնարավոր է նաև ազդրերին, հետույքին, բազկի հատվածում: Սկզբնական փուլում դրանք կարմրավուն կամ վարդագույն են լինում, բայց ծննդաբերությունից հետո աստիճանաբար վերածվում են մոխրագույն կամ սպիտակ հետքերի:

Մասնագետները նշում են, որ մարմնի առողջ զանգվածով կինը հղիության ընթացքում պետք է գիրանա 8-12 կգ-ով: Լավ կլինի, որ կինը կառավարի քաշի ավելացումը և թույլ չտա նշվածից ավել կիլոգրամներ կուտակել, ճիշտ կլինի աստիճանաբա՛ր ավելացնել քաշը: Հղիազոլերի առաջացումը մեծամասամբ կախված է այն բանից, թե ինչ արագությամբ է ավելանում մարմնի քաշը:

Կարդացեք՝ Հղիության ընթացքում քաշի ավելացման բնական չափը

Կանանց շուրջ 90%-ն ունենում է հղիազոլեր: Եթե ձեր մայրն ունեցել է, ապա հավանականությունը մեծ է, որ դուք նույնպես կունենաք, քանի որ ժառանգական գործոնը մեծ դեր ունի այդ հարցում: Մուգ մաշկ ունեցող կանայք սովորաբար ունենում են իրենց մաշկի գույնից բաց հղիազոլեր, իսկ բաց մաշկի գույն ունեցող կանանց դեպքում զոլերը լինում են վարդագույն:

Ցավոք չկան հատուկ միջոցներ, որոնք օգտագործելով հնարավոր կլինի խուսափել հղիազոլերից: Քսուքներն ու գելերն օգնում են պարզապես պաշտպանել մաշկը չորացումից: Մասնագետները նշում են, որ ավելի արդյունավետ է հղիազոլերի դեմ պայքարել, երբ դրանք նոր են առաջացել և կարմրավուն են: Հետազոտությունները ցույց են տվել, որ արդյունավետ են սոխի մզվածք և հիալորունաթթու պարունակող քսուքները, որոնք անհրաժեշտ է կիրառել ամեն օր, մի քանի ամիս շարունակ: Մաշկաբանի հետ խորհրդակցելուց հետո կարելի է օգտագործել ռետինոլ ացետատ, որն արագացնում է մաշկի մահացած բջիջները նոր բջիջներով փոխարինելու գործընթացը, նպաստում է կոլագենի արտադրմանը: Սակայն այն չի թույլատրվում կիրառել հղիության և կրծքով կերակրման ընթացքում, այդ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Գոյություն ունեն նաև լազերային միջամտություններ, որոնք ուղղված են կոլագենի աճի խթանմանն ու լայնացած անոթների նեղացմանը:

Կարդացեք՝ Ինչպե՞ս խուսափել հղիազոլերից

Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, որ հղիազոլերն ամբողջությամբ չեն անհետանում, սակայն պետք չէ ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա: Ավելի լավ է մտածել լույս աշխարհ եկած փոքրիկի մասին, իսկ փոփոխված մարմինն ընդունել ինչպես որ կա: