Կրծքի վիրահատություն

Կրծքի վիրահատություն

Ձիգ և փարթամ կուրծքը միշտ համարվել է կնոջ կազմվածքի առանցքային տարր: Ներկայում կանանց համար ամենացավալի փաստն այն է, որ արտաքին գործոնները՝ քաշի կտրուկ տատանումը, տարիքը, հղիությունը, կրծքով կերակրելը բացասաբար են ազդում ինչպես փարթամ, այնպես էլ փոքր կրծքերի վրա: Մաշկը կորցնում է առաձգականությունը, առաջ են գալիս զոլեր, և կուրծքն ամբողջությամբ կորցնում է գրավիչ տեսքը: Իսկ տղամարդիկ, ինչպես հայտնի է, սիրում են աչքերով: Հենց այդ նպատակով էլ կանանց փարթամ, ցանկալի, ձիգ և բարձր կուրծք նվիրելու մեթոդներ են մշակվել:

Կրծքերի չափերի մեծացման և շտկման ամենաարդյունվետ եղանակը մամոպլաստիկան է: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն մեծացնելու կրծքերի ծավալը, այլև շտկելու պտուկների ձևը և չափերը, վերացնելու կաթնագեղձերի բնական անհամաչափությունները, հղիությունից և ծննդաբերությունից հետո վերականգնելու կրծքի գեղեցկությունը: 

Առաջին փուլ. արդյո՞ք ձեզ ցուցված է վիրահատությունը

Անհանգստանալ պետք չէ, այս հարցի պատասխանը շատ հաճախ է դրական լինում: Այս վիրահատության համար հակացուցումները նույնն են, ինչ մնացած վիրահատական միջամտությունների դեպքում՝ վահանաձև գեղձի հիվանդություններ, դիաբետ, արյան բարձր ճնշում, արյան մակարդելիության խանգարում, օնկոլոգիական, սրտանոթային կամ վարակային հիվանդություններ: Չնայած որ վիրահատությունը չի դիպչում անմիջապես կաթնագեղձերին, այնուամենայնիվ կերակրող մայրերին այն արգելվում է: Այսինքն, եթե ցանկանում եք վերադարձնել ձեր կրծքերի ձևն ու չափերը, ապա ստիպված եք սպասել մինչև լակտացիայի շրջանի ավարտվելը:

Երկրորդ փուլ. ինչպիսի՞ կուրծք եք ցանկանում ունենալ

Բնականաբար կասեք, որ ցանկանում եք փարթամ և ձիգ կուրծք ունենալ, սակայն փորձառու պլաստիկ վիրաբույժը ձեզնից կպահանջի ավելի հստակ նկարագրություն՝ ծավալը, չափսը, ձևը, քանի որ կրծքի պլաստիկան շատ պատասխանատու վիրահատություն է, որ պահանջում է իմպլանտի ճշգրիտ ընտրություն և ճիշտ տեղադրման եղանակի ընտրություն: 

Երրորդ փուլ. իմպլանտի ընտրություն

Ժամանակակից գրեթե բոլոր իմպլանտները կառուցված են նույն սկզբունքով՝ ամուր, հուսալի սիլիկոնե թաղանթը լցված է հատուկ գելով, որը ձեռքով շոշափելիս հիշեցնում է բնական կուրծք: Համաձայնեք, որ այն կարևոր է ոչ միայն կնոջ, այլև նրա տղամարդու համար: Իմպլանտների հիմնական տարբերությունները նրանց ձևն ու թաղանթի կառուցվածքն է: Մեր օրերում ժամանակակից են համարվում և մեծ պահանջարկ վայելում կաթիլի տեսք ունեցող իմպլանտները: Անատոմիական այդպիսի ձևի շնորհիվ իմպլանտի եզրագծերը բացարձակապես նկատելի չեն և այդպիսի կուրծքն ավելի համահունչ է դիտվում մարմնի վրա: Ոչ պակաս գրավիչ է նաև կլորավուն կուրծքը, եթե այն համապատասխանում է կազմվածքին: Կլորավուն իմպլանտները սովորաբար կիրառվում են, երբ այցելուի կրծքի ձևն անթերի է, պարզապես փոքր է չափերով և պահանջվում է այն մեծացնել:

Ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել իմպլանտի արտաքին նյութի կառուցվածքին: Որքան այն խշշան է շոշափելիս, այնքան որակը բարձր է: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր օտար մարմնից մեր օրգանիզմն սկսում է պաշտպանվել՝ այն շրջապատելով խիտ թաղանթով, սպիացող հյուսվածքով: Դա կարող է առաջացնել այսպես կոչված ֆիբրոզային սրվակ, ինչի արդյունքում կուրծքը շոշափելիս թվում է քարի պես ամուր և արտաքնապես անհրապույր է: Իմպլանտի արտաքին նյութի միլիոնավոր թավիկները և խոռոչիկները կնոջ օրգանիզմին հարազատ են թվում և նրանցից պաշտպանվելու կարիք չի լինում: Այսինքն՝ այդպիսի իմպլանտի դեպքում բարդություններ առաջանալու վտանգն ավելի քիչ է:

Ավելացնենք նաև, որ գոյություն ունեն բացարձակ հարթ իմպլանտներ: Իմպլանտի տեսակը որոշում է վիրաբույժը՝ հաշվի առնելով իր այցելուի անհատական առանձնահատկությունները:

Վիրահատական մեթոդի ընտրությունը

Մամոպլաստիկայի մեթոդում կարևորվում է երկու գործոն։ Առաջինն այն թույլատրելի հատվածի ընտրությունն է, որտեղ պետք է կատարվի կտրվածք՝ վիրաբուժական մուտքը, երկրորդը կրծքավանդակի մեծ մկանի նկատմամբ իմպլանտի ճիշտ տեղադրման եղանակն է:

Մեթոդի ընտրությունը կատարում է բժիշկը՝ հաշվի առնելով այցելուի անատոմիական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ մաշկի, ենթամաշկային ճարպաբջջանքի բնույթը, կաթնագեղձերի տեղակայումը, կրծքի կախվածության աստիճանը, այլ գործոններ, ինչպես նաև ալցելուի ցանկությունը: 

Եթե կնոջ գեղձային հյուսվածքը զարգացած է և կա բավականաչափ ճարպային շերտ, ապա ամենայն հավանականությամբ իմպլանտը կտեղադրվի անմիջապես կաթնագեղձի տակ, այսինքն՝ տեղադրվում է ենթագեղձային հատվածում: Այս մեթոդով վիրահատությունը և հետվիրահատական շրջանը երկար չի տևում, և այցելուի ցավային զգացողությունները լինում են նվազագույն:

Երբ գործ ենք ունենում նուրբ մաշկի և կրծքերի 0-1 չափսի հետ, ապա ավելի նպատակահարմար է իմպլանտի տեղադրման ենթամկանային մեթոդը: Այս դեպքում վիրաբույժն իմպլանտը տեղադրում է կրծքամկանի հետին մասում, որպեսզի այն նկատելի չլինի և չշոշափվի:

Ենթամկանային մեթոդը, ի տարբերություն ենթամաշկայինի, չի խոչընդոտում հետագայում անցկացվող կրծքի հետազոտությանը: Բացի այդ, այս եղանակի դեպքում վերոնշյալ ֆիբրոզային սրվակների առաջացման հավանականությունը քիչ է: Ի տարբերություն մյուս եղանակի, այս դեպքում հետվիրահատական վերականգնողական շրջանը երկար է ընթանում՝ զուգորդվելով ավելի սուր ցավերով, որոնք ի հայտ են գալիս վիրահատությունից մի քանի օր անց:

Ըստ անհրաժեշտության՝ վիրաբույժները երբեմն կիրառում են համակցման մեթոդը. իմպլանտի մի մասը տեղադրվում է մկանի տակ, մյուս մասը՝ կաթնագեղձի տակ: Արդեն բազմիցս նշել ենք, որ յուրաքանչյուր այցելուի դեպքում բժշկի մոտեցումն անհատական է: Դա վերաբերում է նաև կտրվածքի կատարման հատվածն ընտրելուն:

Ամբողջ աշխարհում վիրաբույժների մեծ մասը կիրառում է կտրվածքի ենթագեղձային եղանակը, այսինքն՝ կարն արվում է կրծքի բնական ծալվածքի տակ: Սա միանգամայն հուսալի տարբերակ է, քանի որ բժիշկը կարող է տեսանելիորեն վերահսկել վիրահատվող ամբողջ շրջանը, ինչը հնարավորություն կտա մկանը զգուշորեն առանձնացնել կաթնագեղձից և հեշտությամբ կանխել պատահական ի հայտ եկած արնահոսությունը: Տեսականորեն այդ եղանակից հետո հետքեր չպետք է նկատվեն, սակայն փորձը ցույց է տվել, որ հենց այդ սպիներն ամբողջությամբ չեն վերանում և մնում են տեսանելի:

Եթե ձեզ համար սպիների բացակայությունն առավելություն է, ապա կարելի է կիրառել անութային շրջանից կտրվածք անելու եղանակը: Այդ եղանակով վիրահատությունից հետո կարն անհետանում է բավականին արագ: Մկանի տակ իմպլանտ տեղադրելու այդ եղանակը համարվում է ամենալավը, բայց ունի իր առանձնահատկությունները: Անութային հատվածը շատ նուրբ է և այնտեղ համախմբված են լիմֆատիկ հանգույցներ ու խոշոր անոթներ: Ուստի վիրաբույժից պահանջվում է այնպես անցկացնել վիրահատությունը, որ չխաթարվի այդ նուրբ համակարգը:

Սպիներ չեն մնում նաև հարպտկային հատվածի կտրվածքի դեպքում: Այդ վիրհատությունից հետո մնացած սպին կարող է նկատել միայն բարձրակարգ մասնագետը: Այդպիսի վիրահատությունը հենց պրոֆեսիոնալ մասնագետն էլ պետք է կատարի, քանի որ անհրաժեշտ է զգուշորեն անել կտրվածք հարպտկային հատվածում, որպեսզի անցնելով կաթնագեղձային հյուսվածքի միջով՝ այդ նրբագույն օրգանը չվնասվի: Դրա ամբողջականության վնասումը կարող է հանգեցնել մաստոպաթիայի կամ կիստայի առաջացման: 

Եվ ի վերջո գոյություն ունի կտրվածք անելու էնդոսկոպիկ եղանակ, որն այնքան էլ հաճախ չի կիրառվում: Այդ եղանակը մամոպլաստիկայում համարվում է հնացած, քանի որ կիրառվում են սիլիկոնային պարկեր, որոնք հայտնի էին դեռ նախորդ դարում: Սրանք, ի տարբերություն գելային լուծույթով իմպլանտների, վատ են պահում կրծքի ձևը և շարժվելիս կարող են ձայն արձակել: Այդպիսի իմպլանտների տեղադրման համար կտրվածք է արվում պորտի հատվածում, որովայնով դեպի կուրծք երկու ուղի է տարվում ու իմպլանտի համար տարածություն ստեղծվում: Այնուհետև այդ ուղիներով անցկացվում են դատարկ սրվակներ, որոնք հենց տեղում լցվում են աղային լուծութով որքան որ անհրաժեշտ է:

Այսպիսով, նախ անհրաժեշտ է բժշկի հետ քննարկել ձեր երազած կրծքի ձևն ու չափսը, ինչպես նաև դրան հասնելու մեթոդը, իսկ հետո հարկավոր է հասկանալ, թե ինչպիսի անհարմարություններ են ձեզ սպասվում նպատակին հասնելու ճանապարհին:

Վիրահատության նախապատրաստման շրջան

Գոյություն ունեն այսպես կոչված հարաբերական հակացուցումներ, որոնք մեր ապրելակերպի մասնիկներն են և ժամանակավորապես դրանցից հրաժարվելու կարիք կա:

Առաջինն ալկոհոլն է, որից անհրաժեշտ է հրաժարվել վիրահատությունից դեռ երկու շաբաթ առաջ և մինչև վերականգնողական շրջանի ավարտը: Այդ ժամանակահատվածում հարկավոր է հրաժարվել նաև ծխելուց, քանի որ նիկոտինը բացասաբար է ազդում ապաքինման վրա: Մի խոսքով՝ պետք է վարել առողջ ապրելակերպ: Գուցե անհրաժեշտությունը վերածվի սովորության և վերջ դրվի վատ սովորություններին: Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է նաև դադարեցնել դեղահաբերի, հորմոնային միջոցների ընդունումը, որոնք ազդում են արյան մակարդելիության վրա, օրինակ՝ հեպարինը, ասպիրինը:

Մամոպլաստիկայից հետո խորհուդ չի տրվում նիհարել, բոլոր դիետաներից պետք է հրաժարվել նախքան վիրահատվելը, որպեսզի ավելորդ կիլոգրամները չթաքցնեն ձեր նոր, անկրկնելի կուրծքը:

Վիրահատություն

Սովորաբար նախապատրաստական շրջանն ավելի երկար է, քան բուն գործընթացը: Միջինում վիրահատությունը տևում է մեկ ու կես ժամից մինչև երկու ժամ: Սկզբում բժիշկը մարկերով նշում է այն գլխավոր կետերը, որոնցով քիչ հետո պետք է անի կտրվածքը: Այնուհետև անեսթեզիոլոգը ընդհանուր կամ տեղային անզգայացում է կատարում: Վերջինի դեպքում վիրահատվողը մնում է գիտակից, զգում է թուլություն, սակայն բացարձակապես չի զգում ցավ: Ամբողջովին սթափվում է հիվանդասենյակում, իսկ հաջորդ օրը վերադառնում է տուն՝ փարթամ և ձիգ կրծքով:

Հետվիրահատական շրջան

Վիրահատությունից մի քանի օր անց բժիշկը հեռացնում է կարերը, այդ ժամանակահատվածում կուրծքը դեռ կարող է ցավել, ինչպես մարզասրահում ակտիվ մարզումներից հետո: Եվս երկու շաբաթ անց ամբողջությամբ կանցնեն այտուցները: Ինչ արած, օրգանիզմը պետք է սովորի իմպլանտներին: Նրան օգնելու համար դեռ հիվանդանոցում վիրահատվածին հագցնում են հատուկ ձգող ներքնազգեստ, որն անհրաժեշտ է կրել ամենաքիչը մեկ ամիս: Այդ ընթացքում հարկ կլինի սահմանափակել շարժունակությունը, սպորտով չզբաղվել, արևայրուք չընդունել,  մեծ ու տարողունակ պայուսակները փոխարինել փոքրիկ պայուսակներով: Այդ ժամանակահատվածում մերսումը ևս անթույլատրելի է, քանի որ իմպլանտների տեղաշարժվելու վտանգ կա:

Երբեմն մամոպլաստիկայից հետո սրվում կամ անհետանում է կաթնագեղձերի և պտուկների զգայունակությունը: Այս երևույթներն ամբողջությամբ վերանում են կես տարի անց: Իսկ այն կարծիքը, որ սիլիկոնային կրծքով չի կարելի ուղևորվել ինքնաթիռով, պարզապես միֆ է:

Նոր կրծքով կարելի է ծննդաբերել և երեխային կերակրել կրծքով, քանի որ վիրահատությունն անմիջապես կաթնագեղձերին չի վերաբերում: Կարելի է զգեստապահարանը համալրել բաց լողազգեստներով, թափանցիկ ներքնազգեստով, քանի որ վիրահատության հետքերն աննկատ են:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում